Կանանց ռեսուրսային կենտրոնն այսօր հրատապ ասուլիս էր հրավիրել հայտնի բախտագուշակ Վարսիկի հարսի՝ Հասմիկ Խաչատրյանի խոշտանգման դեպքով:
Կենտրոնի ղեկավարը՝ Լարա Ահարոնյանը մտահոգված է օրեր առաջ խոշտանգման հայցով Գավառի դատարանի վճռից:
Հիշեցնենք, որ խոշտանգման համար մեղավոր ճանաչված բախտագուշակի որդին՝ Սարգիս Հակոբյանը, դատարանի որոշմամբ ազատվեց ազատազրկումից համաներմամբ:
«Այդ դատավճիռը ուղղակի խայտառակություն եմ համարում: Ուզում եմ հիշեցնել, որ 2011-ից պետությունը ստորագրել է եւ ստեղծել է հանձնաժողով՝ պայքարելու ընտանեկան ու հատկապես կանանց բռնությունների դեմ, որ իրավապահներն ավելի խիստ մոտենան կանանց նկատմամբ բռնություններին, բայց ընտանեկան բռնության մասին օրինագծի մերժումից ակնհայտ երեւաց, որ քաղաքական կամք չկա պայքարելու, իսկ հասարակության համար էլ կանանց նկատմամբ բռնությունը ոճիր չի համարվում» ,- այսօր մեդիա կենտրոնում ասաց Լարա Ահարոնյանը:
Կարդացեք նաև
Նա չմտաբերեց կնոջ նկատմամբ մի բռնության դեպք, որի համար բռնարարը պատժված լինի, միայն մի դեպք, այն էլ բռնությունից մահացած կնոջ դեպքում էր. «Պատգամ կա, եթե բռնության ես ենթարկվում, միակ ձեւը, որ արդարության հասնես, պետք է մահանաս: Իսկ եթե տարիներով բռնությունների ես ենթարկվում, ապա հասարակության մեջ մնում ես անպաշտպան, իրավապահ համակարգն էլ ոչնչով չի օգնում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ