«Սերժ Սարգսյանի իշխանավարության յոթ տարիներն ունեն ընդհանրականություն եւ յուրաքանչյուր տարին առանձին-առանձին հատկություն ունի»,- այսօր՝ դեկտեմբերի 24-ին, «Տեսակետ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:
Նա նշեց, որ վերջին յոթ տարիներին հատուկ են արտաքին քաղաքականության ոլորտներում վարչախմբի հայտարարած գերակա ուղղությունները, մասնավորապես՝ ցեղասպանության ճանաչումը, որը ըստ նրա՝ փակուղի է մտել հայ-թուրքական արձանագրություններից եւ ֆուտբոլային դիվանագիտությունից հետո. «100-ամյակի շեմին դա մեծ նվեր էր Թուրքիայի համար, որովհետեւ աշխարհի բոլոր պետությունները կարծես թե ձեռնպահ են մնում ճանաչման գործընթացից՝ նկատի ունենալով բանակցությունների իմիտացիան, արդյունքում՝ մենք հարյուրամյակը դիմավորում ենք այսպիսի իրավիճակով, այսինքն՝ ձախողում ենք»:
Պետրոս Մակեյանը առանձնացրեց նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացը, նա այս դեպքում նույնպես առաջընթաց չի տեսնում. «Այսօր պատերազմի վերսկսման լուրջ վտանգ կա, այս ոլորտը եւս ձախողվել է»:
Նա անդրադարձավ նաեւ արդարադատության ոլորտին՝ նշելով, որ արդարադատությունը բացակայում է, եւ դատարանները քաղաքական վճիռները կայացնում են ոչ թե դատարանում, այլ համապատասխան կառույցներում, իսկ եթե քաղաքական վճիռ չէ, ըստ նրա, այդ դեպքում աշխատում է ով շատ է վճարում սկզբունքը. «Այսինքն՝ օրենքը դատավարության իրավական հարթությունից լրիվ դուրս է եկել: Իսկ ուժային կառույցները եւ իրավապահ համակարգը, ցավոք սրտի, ինչպես ծառայել է վարչախմբի հենասյունը պահելուն, այնպես էլ շարունակում է»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ