ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց, որ 2014 թվականը գյուղատնտեսության համար դժվար տարի էր, քանի որ գարնան գյուղատնտեսական աշխատանքները սկսելու ժամանակ եղան ցրտահարություններ, որոնց արդյունքում ցրտահարվեցին հատկապես պտղատու այգիները. «Սրա հետեւանքով ծիրանի բերքի պակաս եղավ, մեր ունեցած 8860 հա պտղատու ծիրանի այգիներից ցրտահարվեց 6715 հա-ն»։
Նախարարի խոսքով՝ եթե անցյալ տարի կար 88 900 տոննա ծիրանի բերք, ապա այս տարի կար ընդամենը 14 900 տոննա։
Սերգո Կարապետյանը ներկայացրեց, որ ազգային վիճակագրության ծառայության տվյալների համաձայն՝ գյուղատնտեսության ոլորտում այս տարի գրանցվել է 6,5 տոկոս տնտեսական աճ, որը կազմում է 920 միլիարդ 700 միլիոն դրամի համախառն արտադրանք։ Նախարարն այս աճը պայմանավորում է պետական օժանդակության ծրագրերի ներդրմամբ.«Այս ծրագրերի արդյունքում եղել են հացահատիկային մշակաբույսերի արտադրության կտրուկ ավելացումներ, որի արդյունքում հանրապետությունում հավաքվեց 340 հազար տոննա ցորեն, որն էլ լուծեց երկրի պարենային անվտանգության խնդիրները»։
Նախարարը նաեւ տեղեկացրեց, որ առաջընթաց է եղել խաղողի արտադրության, խոտի կուտակման, բանջարաբոստանային մշակաբույսերի, կարտոֆիլի արտադրության բնագավառներում։ Սերգո Կարապետյանի խոսքով՝ հայկական վերամշակված գյուղմթերքը եւս մրցունակ է ոչ միայն եվրոպական շուկայում, այլեւ ԵՏՄ շուկայում։
Կարդացեք նաև
Անասնապահությունը Հայաստանում, ըստ նախարարի, նույնպես առաջընթաց է գրանցել։ Անասնապահության խթանման համար իրականացվող ծրագրերի շրջանակներում ստեղծվել են 90 կոոպերատիվներ, եւ արդյունքում գյուղացիները իրենց եկամուտներն ավելացրել են 20 տոկոսով. «Այս տարի ավելացվել է նաեւ խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը 12,5 տոկոսով , եւ փոքրինը՝ 16,5 տոկոսով։ Սրա շնորհիվ է, որ շուկայում մսի գինը չի բարձրանում։ Եկող տարվանից նաեւ հնարավոր կլինի մսամթերք արտահանել ԵՏՄ շուկա»։
Նախարարը նաեւ ներկայացրեց մի քանի խնդիրներ, որոնց հաջորդ տարի պետք է լուծում տրվի. «Կարեւոր է գյուղացիական տնտեսություններին մատչելի վարկերի տրամադրումը։ Եկող տարվա համար կառավարությունը որոշում է կայացրել, որ սուբսիդավորման տոկոսը 4 տոկոսից հասնելու է 6 տոկոսի եւ նպատակ ունենք ավելացնելու վարկի ծավալները, մարման ժամկետները»։ Նաեւ պետք է լուծել ոռոգման համակարգերի հետ կապված խնդիրները, պետք է անցնել կաթիլային ոռոգմանը, նշում է նախարարը։ «Պետք է նաեւ հաջորդ տարում խթանվի կարկտի դեմ պայքարի համար նախատեսված ցանցերի արտադրությունը»։
Սերգո Կարապետյանն առանձնացրեց գյուղտեխնիկայի թարմացման, ապահովագրական համակարգերի ներդրման եւ այլ խնդիրներ։
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ