Լրահոս
Օրվա լրահոսը

Սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի իրականացման համար 2015-ին պետբյուջեից կհատկացվի 500 մլն դրամ

Դեկտեմբեր 24,2014 14:40

Սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրն իրականացնելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը կնքեց փոխըմբռնման հուշագիր սրտի ինվազիվ վիրահատություններ իրականացնող Երևանի 4 («Նորք Մարաշ», «Էրեբունի», «Մալաթիա», «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց), ինչպես նաև Գյումրիի և Գորիսի բժշկական կենտրոնների միջև:

Սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի իրականացման համար 2015 թվականին պետական բյուջեից կհատկացվի 500 մլն դրամ: Կյանք փրկող այս ծրագրում կընդգրկվեն այն քաղաքացիները, ովքեր ներառված չեն սրտի անվճար ինվազիվ վիրահատության իրավունք ունեցող որևէ սոցիալական խմբում:

Armen Muradyan

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ սրտի անհետաձգելի վիրահատությունը  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի դրույթ է: Դրա իրականացումը նախարարի գնահատմամբ` առաջին հերթին պահանջում է բարձ պատասխանատվություն: Նա ընդգծեց, որ ծրագրի իրականացման ընթացքում ի հայտ եկող բոլոր կազմակերպական խնդիրները կլուծվեն նախարարության և ծրագրում ընդգրկված բժշկական կենտրոնների մասնագետների անմիջական աջակցությամբ:

«Լուծվելու են բոլոր կազմակերպական խնդիրները` ծրագրի արդյունավետությունն ապահովելու համար: Ծրագրի իրականացումը և որակի վերահսկողությունը մեր  ամենօրյա ուշադրության կենտրոնում է լինելու»,- ասաց Արմեն Մուրադյանը` ավելացնելով, որ այս ծրագիրը ոչ միան առողջապահական, այլև սոցիալական նշանակություն է: Նախարարը հորդորեց գործընկերներին հետևել ծրագրի բոլոր դրույթներին և քննարկել խնդիրները, ինչը թույլ կտա մոտ ապագայում խոսել առաջին դրական արդյունքների մասին:

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը, ներկայացրեց ծրագրի իրականացման համար ստեղծված հանձնաժողովի աշխատանքները, ինչպես նաև Երևանում և մարզերում ծրագրի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների ցանկը:

Լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը նշեց, որ ծրագրի շնորհիվ բնակչության բոլոր խավերը կկարողանան սրտի անհետաձգելի վիրահատության դեպքում օգտվել պետության կողմից ընձեռված հնարավորությունից:

«Սուր ինֆարկտի ծանր դեպքերում բժշկական համապատասխան ցուցումների առկայության պարագայում կտեղադրվի ոչ դեղապատ մեկ ստենտ»,- մանրամասնեց Վահան Պողոսյանը: Նա հայտնեց, որ բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում սրտի անհետաձգելի վիրահատության ծառայությունների կազմակերպման համար ՀՀ առողջապահության նախարարի հրամանով մշակվել է չափորոշիչ, որն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:

Նա հայտնեց, որ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալությունում ստեղծվել է զանգերի կենտրոն (+374 10) 65 47 11 կամ 65 46 91 հեռախոսահամարներով) ` քաղաքացիների և բժշկական կենտրոններին տեղեկատվություն տրամադրելու համար:

Պատասխանելով լրագրողների հարցին` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալը նշեց, որ այն մոտեցումը, որն ընտրվել է սոցիալական կարևոր նշանակության այս ծրագրի համար ոչ բոլոր, անգամ զարգացած երկրներում է իրականացվում:

«Մարդիկ գումար չունենալու պատճառով սրտի անհետաձգելի վիրահատության անհրաժեշտության դեպքում հաճախ անելանելի վիճակում էին հայտնվում, և պատահական չէ, որ այս ծրագիրը մենք կարճ անվանել ենք «կյանք փրկող» ծրագիր»,- հավելեց Վահան Պողոսյանը:

Հայաստանի Հանրապետությունում ներկայումս սրտի անվճար և արտոնյալ վիրահատությունները իրականացվում են`  բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված 36,0 և ավելի անապահովության միավոր ունեցող անձանց, սոցիալական փաթեթի շահառուներ հանդիսացող` զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին, պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողներին: Նոր ծրագիրը հնարավորություն կտա ներկայումս սրտի անվճար վիրահատությունների իրավունք չունեցող անձանց վիրահատությունները 2015թ. հունվարի 1-ից իրականացնել անվճար և/կամ արտոնյալ սկզբունքով: Այդ նպատակով նոր ծրագրով նախատեսված տարեկան 500,0 մլն դրամը մեկ վիրահատության գինը 720,0-750,0 հազ դրամ կիրառելու պայմաներում հնարավորություն կտա տարեկան նախնական հաշվարկների համաձայն վիրահատել 660-690 անձանց:

Հաշվի առնելով, որ նշված ծառայության գծով պահանջարկը բարձր է, անվճար վիրահատությունների կարիք ունեցող քաղաքացինների ընտրության համար մշակվում է համապատասխան կարգ: Սրտի անհետաձգելի վիրահատություն իրականացնող բժշկական կազմակերպություններում ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների կողմից պարբերաբար իրականացվում են բժշկական օգնության և սպասարկման որակի և ծրագրի արդյունավետությունը գնահատելու նպատակով մշտադիտարկումներ:

Առողջապահության նախարարության մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031