Տեղեկություններ էին տարածվել, որ շուկայում իրացվում է սատկած խոզի միս, որից հետո միայն սննդի անվտանգության պետական ծառայությունը իր հերթին տեղեկացրեց, որ այդ միսն առգրավվել է։ Այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ լրագրողները գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին հարց ուղղեցին, թե որն է պատճառը, որ միայն նման տեղեկություն տարածելուց հետո է սննդի անվտանգության պետական ծառայությունն արձագանքում եւ տեղ է հասնում ոստիկաններին հավասար։
Նախարարը վստահեցրեց, որ սննդի անվտանգության պետական ծառայությունը կատարում է իր գործառույթները. «Ծառայության ուշ կամ շուտ հասնելը կախված է նրանից, թե տնտեսվարողներն ում են առաջինը դիմում։ Եթե առաջինը դիմում են ոստիկանությանը, ապա ոստիկանությունն է հասնում, եթե ծառայությանը, ապա ծառայությունն է առաջինը հասնում»։
Ճշտող հարցին, թե ինչու սկզբից չի պարզվում, որ միսը թունավոր է, որպեսզի չհասնի իրացման կետ, նախարարն ասաց. «Մսամթերքը ստուգում են, սակայն որոշ տեղեր վաճառողները կարգը խախտում են։ Հնարավոր է, որ սատկած միս էլ գնա վաճառողի մոտ, կան անբարեխիղճ աշխատողներ, որոնք չեն հայտնում ժամանակին անասնաբույժներին՝ եզրակացության համար։ Դեպքեր լինում են, նախորդ տարիներին էլ են եղել այդպիսի դեպքեր, երբ վաճառում էին ձիու միս։ Այսինքն, ծառայությունը հնարավորություն չունի ամեն կետում անասնաբույժ ունենալ»։
Կարդացեք նաև
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ