Հասմիկ Խաչատրյանի կյանքին վտանգ է սպառնում. համենայնդեպս՝ նա եւ իր փաստաբանն այդպես են պնդում: Հայաստանում հայտնի բախտագուշակ Վարսիկի նախկին հարսը՝ Հասմիկ Խաչատրյանը, ասում է, որ իր նախկին ամուսինն այժմ ամեն ինչ կանի, որպեսզի իրեն գտնի: «Նա ինձ կսպանի, նա անպայման կփորձի ինձ գտնել ու ապացուցել, որ ինքն անպատժելի է»,- ասում է Հասմիկը: 28-ամյա այս կինն այն աստիճանի է ահաբեկված, որ վախենում է տանից դուրս գալ, դուրս գալուց էլ, ինչպես ինքն է ասում, կամ պիտի ծպտվի, կամ էլ մենակ դուրս չգա:
Դեկտեմբերի 22-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 1.5 տարի տեւած դատական գործընթացից հետո վճռեց Հասմիկի նախկին ամուսնուն՝ Սարգիս Հակոբյանին, ընդամենը 1,5 տարվա ազատազրկման դատապարտել, որը, սակայն, Սարգիսը չի կրի. նա համաներմամբ ազատվել է պատժի կրումից ու հիմա ազատության մեջ է:
«Ես վախեցած եմ, հուսախաբված, սարսափած: Մեղմ է ասել, թե դատավճիռն անարդար էր, եթե 9 տարի շարունակ Սարգիս Հակոբյանի կողմից խոշտանգումների եմ ենթարկվել, ու դատարանը վճռել է, որ դա ոչ թե խոշտանգում է եղել, այլ մարմնական թեթեւ վնասվածքներ է պատճառել, ես խոսք չունեմ: Ի՞նչ է, անպայման պիտի սպանա՞ծ լիներ ինձ, որ դատարանը հասկանար՝ նա ինչ վտանգավոր է»,- նեղսրտած ասում է Հասմիկը:
Տուժողի փաստաբան Նոնա Գալստյանը մեզ հետ զրույցում վստահեցնում է, որ Սարգիս Հակոբյանի գործողությունները ո՛չ ընտանեկան բռնության մասով, ո՛չ էլ քրեական գործով առաջադրված մեղադրանքով իրավական ճիշտ գնահատական չստացան: Փաստաբանն ասում է, որ դատախազությունը ճիշտ մեղադրանք էր առաջադրել՝ հիմնավորելով գործում առկա ապացույցներով, սակայն մինչեւ վերջին պահը դատավարությունը ընթացավ այլ կերպ. «Մեզ համար զարմանալիորեն, դատարանը ավելի մեղմ հոդված տվեց, ըստ որի՝ ոչ թե խոշտանգում է եղել, այլ առողջությանը թեթեւ վնաս է պատճառել, իսկ մեղադրանքն առաջադրված էր խոշտանգման հոդվածով»:
Կարդացեք նաև
Նոնա Գալստյանը նշում է, որ տուժողն էլ իր ցուցմունքում պնդել է, որ խոշտանգման գործողություններն իր նկատմամբ կատարվել են 9 տարի շարունակ: Դատարանի այս վճռի հետ հայցվոր կողմը չի հաշտվելու, պատրաստվում են վճիռը Վերաքննիչ դատարանում բողոքարկել:
Իսկ Հասմիկի բռնարար նախկին ամուսինը՝ Սարգիս Հակոբյանը, ըստ փաստաբանի, չստանալով իր գործողություններին համարժեք պատիժ՝ շարունակում է իրենից վտանգ ներկայացնել: Նոնա Գալստյանը հիշեցնում է, որ դեռ դատական գործընթացի ժամանակ Սարգիսը մշտապես հետապնդել է Հասմիկ Խաչատրյանին. «Երկու անգամ ոստիկանություն ենք դիմել՝ խնդրելով ապահովել անվտանգություն Հասմիկի ու նրան սատարող անձանց համար: Ոստիկանությունը մի դեպքում մերժել է՝ հանցակազմի բացակայության հիմնավորմամբ. սա այն դեպքն էր, երբ դպրոցի մոտ երեխային տեսակցելու ժամանակ Սարգիսն ապտակել է Հասմիկին, մյուս դեպքում էլ դատարանի շենքի մոտ ապահովել է ոստիկաններով»:
Հասմիկ Խաչատրյանին սատարող «Կանանց աջակցման կենտրոնի» արտաքին կապերի պատասխանատու Պերճուհի Կաժոյանն էլ մեզ հետ զրույցում պատմում է. «Մենք բազմիցս ականատես ենք եղել Սարգիս Հակոբյանի՝ ազատության մեջ գտնվելու հետեւանքներին. մի քանի անգամ մեր տարբեր աշխատակիցների հետեւից է ընկել, հայհոյել, սպառնացել է, ֆիզիկական բռնություն է կիրառել, բայց խմբով ենք եղել, ոչինչ չի կարողացել անել, իսկ Հասմիկին վնաս է հասցրել նաեւ դատական գործընթացի ժամանակ»:
Պերճուհի Կաժոյանը դիտարկելով դատարանի վճիռը՝ նկատում է, որ Հասմիկը պայքարում է իր իրավունքի համար այնպիսի մի հասարակությունում, որտեղ դեռ մանկուց սովորեցրել են՝ ինքը կին է, պետք է լուռ մնա, ինչ ճակատագիր էլ տրվի, պիտի բերանը փակ, խելոք հաշտվի դրա հետ. «Այս ամենը երբ վերլուծում ենք բռնության համատեքստում, տեսնում ենք, որ դա այնքան էլ ճիշտ չէ, ու այդ կանանց իրավունքներն ընդհանրապես չեն դիտարկվում: Հասմիկն իր պայքարով օրինակ ծառայեց այն կանանց համար, որոնք նման ճակատագրեր ունեն: Նախօրեին կայացված դատական վճռին բոլորս ցավով ենք վերաբերվում, որովհետեւ այսպիսի դեպքերը ոչ միայն ցույց են տալիս մեր դատական համակարգի անկարողությունը՝ ընտանեկան բռնության նրբությունները հասկանալու, ճիշտ գնահատելու, այլեւ նմանատիպ վճիռները նախադեպ են դառնում, որ բռնարարները խրախուսվեն, բռնությունները շարունակվեն: Բռնարարը տեսնում է, որ օրենքն իրեն է պաշտպանում, այլ ոչ այն կնոջը, որին 9 տարի շարունակ խոշտանգել է»:
Կաժոյանը նկատում է, որ Հասմիկի իրավիճակում հայտնված կանայք, որոնք հայրիշխանության հասարակությունում են մեծացել, ճնշված են, իրենք կարծում են, որ ձայն չունեն կամ իրավունք չունեն իրենց պաշտպանելու, ու հիմա՝ այս վճռից հետո, կմտածեն, որ 1 տարուց ավելի դատարանում պայքար էր գնում, որ կինը ոչ թե ծեծի էր ենթարկվում, այլ խոշտանգվում էր, չկարողացավ արդարության հասնել. «Հետեւաբար այս կանայք է՛լ ավելի կճնշվեն, կխուսափեն բարձրաձայնել բռնության դեպքերի մասին, դատարան չեն դիմի»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
Հ.Գ. Նյութը պատրաստվել է «Հասարակություն առանց բռնության» հ/կ-ի Արագ արձագանքման խմբի շրջանակներում:
«Առավոտ» օրաթերթ
24.12.2014
Հասմիկ , դիմիր Ամերիկըան դեսպանատւն ,ստացիր վիզա,գնա ապրի աըդ երկրւմ,վօրը կնօյ երկիր ե