Դիլիջան քաղաքի բնակիչներ, 1984թ. ծնված Մհեր Առուշանյանին եւ 1970թ. ծնված Արտեմ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2014թ. հունվարի 6-ին միմյանց հետ նախնական համաձայնության գալով եւ օգտագործելով Արտեմ Ամիրյանի կողմից 2013թ. հունվարի 9-ին «Նաիրի Ինշուրանս» ԱՊՊԸ ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագիրը, խաբեությամբ ընկերությունից գումար հափշտակելու նպատակով ստեղծել են կեղծ պատահար, այն հարմարեցնելով նախկինում առկա վնասվածքներին եւ ներկայացնելով կեղծ պատահար, ահազանգով դեպքի վայր են հրավիրել «Նաիրի Ինշուրանս» ԱՊՊԸ ՍՊԸ գործակալին եւ ճանապարհային ոստիկանության աշխատակցին, փորձել են հափշտակել 1 միլիոն դրամի ապահովագրական հատուցման գումար, սակայն նրանցից անկախ հանգամանքներում դա չի ստացվել:
Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի՝ նախկինում չդատված Մ. Առուշանյանի եւ Ա. Ամիրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Երկուսին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ նույն հոդվածի 2-րդ կետով(«Խարդախության փորձ, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,խոշոր չափերով»):Սույն քրեական գործով դատավարությունն այսօր կմեկնարկի Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ