Երրորդ հանրապետության պատմության մեջ չի եղել մի դեպք, երբ իշխանությունը թուլանա բռնությունների արդյունքում։ Ցանկացած բախում, ցանկացած կոնֆլիկտ ի վերջո ուժեղացրել է իշխանությանը եւ ոչնչացրել ընդդիմությանը։ Հիշենք 1996 թվականը, հիշենք 2004 թվականը, հիշենք 2008 թվականը։ Բոլոր դեպքերում բռնությունների ալիքից հետո թվացել է, թե իշխանությունը երերում է եւ ուր որ է կփլվի։ Իրականում, սակայն, տեղի է ունեցել հակառակը։ Հիմա էլ Սերժ Սարգսյանը, իշխանությունն ուժեղացնելու որեւէ այլ ռեսուրս չտեսնելով, որոշել է դիմել բռնությունների ու իր տեսակետից ճիշտ է գործում։ Եւ ակն ընդ ական, ատամն ընդ ատաման ոճի ցանկացած պատասխան միմիայն ուժեղացնելու է նրա դիրքերը, որովհետեւ որքան էլ ուժեղ լինեն ազատամարտիկները, նրանք չեն կարող ուժեղ լինել ԱԱԾ-ից կամ ոստիկանությունից, հենց թեկուզ այն պատճառով, որ չունեն դատաստան անելու որեւէ թեկուզ ձեւական լեգիտիմություն։
Իսկ ոստիկանությունը, ԱԱԾ-ն, քննչական մարմինները թեկուզ ձեւականորեն՝ կարող են հիմնավորել իրենց գործողությունները, ինչպես հիմնավորում են, օրինակ, Սուրեն Սարգսյանի դեմ հարձակման փաստի առիթով քրեական գործի հարուցումը մերժելու որոշումը։ Դիմում չկա՝ քրեական գործ չենք կարող հարուցել։ Սա էության մեջ ապօրինի որոշում է, բայց դրա համար հիշատակվում են բազմաթիվ օրենքներ, եւ այս նրբությունը էական դեր է խաղում։ Էլ չենք ասում, որ այս 22 տարվա հայաստանյան պատմություններից հետո հրապարակային գործունեությամբ զբաղվող ամեն ոք պետք է զգույշ լինի իր արտահայտություններում։ Որովհետեւ ասված եւ իրականություն չդարձած ամեն խոսք նորանոր ավերներ է առաջացնում մարդկանց գիտակցության մեջ։ Իսկ իրավապահ մարմիններին չդիմելու՝ ազատամարտիկների որոշումը լիովին արդարացնում է գեներալ Սեյրանի՝ ԱԺ-ում ունեցած ելույթը, որն ասում էր, որ տեղի ունեցածը ընդամենը տղայական միջադեպ է եւ դրանում քաղաքական որեւէ ենթատեքստ չկա։ Հենց տղավարի մոտեցման արդյունք է իրավապահ մարմիններին չդիմելը, որովհետեւ իրավապահներին դիմելուց հրաժարվում են դասարանի կռիվների ժամանակ։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում