Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պուտինը «համաձայնեցված գործողություններ» է պահանջում

Դեկտեմբեր 24,2014 10:44

ՌԴ նախագահի մատուցմամբ`
ՀԱՊԿ-ը իրական հնարավորություններ ունի խնդիրների լուծման համար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 23-ին ստորագրեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացման մասին օրենքը: Այս փաստաթղթով Հայաստանը կմիանա ԵՏՄ-ի մասին պայմանագրին, ինչպես նաեւ միջազգային այլ փաստաթղթերի, որոնք ստորագրվել են Մաքսային միության շրջանակներում: Նախատեսվում է նաեւ, որ վերանայվելու են Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ Հայաստանի տարիֆային պարտավորությունները, ինչպես նաեւ ուղղման է ենթարկվել ԵՏՄ-ի Միասնական մաքսային տարիֆը:

ԵՏՄ-ի մասին փաստաթուղթը Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը ստորագրեցին մայիսի 29-ին Աստանայում, փաստաթուղթն ուժի մեջ է մտնելու 2015 թվականի հունվարի 1-ից: ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին այս տարվա հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված պայմանագիրը, հիշեցնենք, Ռուսաստանի խորհրդարանի ստորին եւ վերին պալատները վավերացրեցին դեկտեմբերի 10-ին եւ 17-ին:

Իսկ Մոսկվայում դեկտեմբերի 23-ին կայացավ ՀԱՊԿ-ի ղեկավար մարմնի՝ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծիք է հայտնել, որ աշխարհում ներկայիս դժվարին իրավիճակը ՀԱՊԿ անդամ երկրներից համաձայնեցված գործողություններ է պահանջում։ «Մեր գագաթնաժողովն անցկացվում է դժվարին ժամանակաշրջանում, իրավիճակն աշխարհում դինամիկ փոփոխվում է, սրվում են հին խնդիրները, սակայն, ցավոք, հայտնվում են նաեւ նորերը, տեղի է ունենում գլոբալ անվտանգության համակարգի աղավաղում»,- նշել է Պուտինը՝ բացելով ՀԱՊԿ գագաթնաժողովը, ու հավելել. «Այդ ամենը ՀԱՊԿ անդամ պետություններից համաձայնեցված հավաքական միջոցառումներ է պահանջում՝ մեր երկրների եւ տարածաշրջանի անվտանգության ապահովման, ահաբեկչությանը, թմրավաճառությանը դիմակայելու, բնական եւ տեխնածին աղետները կանխելու համար»։ Պուտինը նշել է, որ ՀԱՊԿ-ը իրական հնարավորություններ ունի այդ խնդիրների լուծման համար: Ըստ նրա՝ բարելավվել է միջազգային խոշոր հարթակներում Կազմակերպության անդամ պետությունների համակարգումը:

ՀԱՊԿ անդամ երկրները կմասնակցեն Ռուսաստանի Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի աշխատանքներին՝ հայտնել է Ռուսաստանի նախագահը. «Ռուսաստանում բացվել է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոն: Ամեն ինչ արվել է բացառապես ռուսական տեխնոլոգիաներով՝ ներկայումս աշխարհում հավասարը չունեցող հզորագույն համակարգչային ապահովմամբ: Եվ այսօր մեր կազմակերպության քարտուղարը հիշատակեց, որ ՀԱՊԿ-ի բոլոր երկրները կմասնակցեն պաշտպանության կառավարական այդ կենտրոնի աշխատանքներին»: Պուտինը նաեւ հավելել է, որ «Անգարա-Ա5» հրթիռ-կրիչը կօգտագործվի ոչ միայն տնտեսության կարիքների, այլ նաեւ Ռուսաստանի եւ ՀԱՊԿ երկրների պաշտպանունակության ապահովման նպատակով:

Եկող տարի Հայաստանում ՀԱՊԿ առաջին հումանիտար կենտրոնը կբացվի՝ հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ խորհրդի նիստում. «Ռուսաստանի գործուն աջակցությամբ ՀԱՊԿ հումանիտար կենտրոնների ցանց է ստեղծվում: Դրանցից մեկը հաջորդ տարի կբացվի Հայաստանում: Ավելի ուշ համանման կենտրոն կգործի Ղրղըզստանում»: ՌԴ նախագահը նաեւ հայտնել է, որ ՀԱՊԿ-ում Ռուսաստանի նախագահության ժամանակ «սեւեռուն ուշադրություն է դարձվել Կազմակերպության արտաքին սահմանների ամրացմանը, հավաքական արձագանքման ուժերի եւ միջոցների կատարելագործմանը»:

ETM-2

Սերժ Սարգսյանն անընդունելի համարեց ԼՂ հակամարտության շուրջ լարվածության շիկացումը

ՀԱՊԿ Խորհրդի նիստում Սերժ Սարգսյանն իր ելույթում գործընկերներին տեղեկացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի, մասնավորապես, ընթացիկ տարում հայ-ադրբեջանական պետական սահմանին եւ շփման գծում տեղի ունեցած միջադեպերի մասին՝ ընդգծելով, որ Հայաստանը միանգամայն անընդունելի է համարում ԼՂ հակամարտության շուրջ լարվածության շիկացումը եւ մեր տարածաշրջանի ռազմականացումը. «Մեր կողմից այսօր ընդունված փաստաթղթերն ուղղված են ծագող մարտահրավերներին եւ գոյություն ունեցող հիմնախնդիրներին հավաքական եւ կոորդինացված արձագանքելուն: Վստահ եմ, որ դրանք կծառայեն ՀԱՊԿ զարգացման շահերին՝ ի նպաստ մեր երկրների եւ ժողովուրդների բարօրության՝ հավաքական հիմունքներով երաշխավորված անվտանգության ու խաղաղության պայմաններում: Ելնում ենք նրանից, որ արտաքին քաղաքականության կոորդինացման մեխանիզմի հետագա ամրապնդման հարցերով որոշումների ընդունումը կնպաստի նաեւ մեր Կազմակերպության հեղինակության բարձրացմանը»:

Մոսկվայում ուշագրավ ակնարկներով հայտարարություն է արել Բելառուսի նախագահը: Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ Խորհրդի նիստում նկատել է, թե ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի զարգացումը չպետք է իրականացնել նոր տարրեր ստեղծելով, այլ պետք է կատարելագործել անդամ երկրների ուժային պոտենցիալը. «Ռազմական բաղադրիչի զարգացումը չպետք է դիտարկվի բացառապես որպես ինչ-որ նոր տարրերի ստեղծում: Մենք հասկանում ենք, որ իրավիճակը մեր սահմանների մոտ երբեք չի եղել այսքան լարված եւ պայթյունավտանգ: Լայնածավալ ռիսկերն ու մարտահրավերները պահանջում են համակարգված քաղաքականություն մեզ բոլորից: Ստեղծված իրավիճակում հակամարտությունների հանգուցալուծման, հարաբերություններում լարվածության թուլացման միջոցներն առաջին հերթին պետք է լինեն դիվանագիտական»: Բելառուսի նախագահը նշել է. «Աճում է մեր տնտեսական շահերը պաշտպանելու կարեւորությունը», ու հավելել. «Բելառուսը հավատարիմ է մնում ՀԱՊԿ դաշնակցային իր պարտքին, միեւնույն ժամանակ մենք չենք եկել Մոսկվա՝ ձեռքներս առաջ պարզած խնդրելով ինչ-որ բան ինչ-որ բանի դիմաց»:

ՀԱՊԿ Խորհրդի լիագումար նիստում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների համատեղ հայտարարությունը, որում անդրադարձ կա նաեւ ԼՂ հակամարտությանը: «Մենք՝ ՀԱՊԿ պետությունների ղեկավարներս, նշում ենք Լեռնային Ղարաբաղի խնդրի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ միջազգային իրավունքի եւ սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթների, մասնավորապես` ուժի կիրառման բացառմանը կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառմանը վերաբերողներին, պետության ամբողջականության, իրավահավասարության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա այդ խնդրի աշխատանքները շուտափույթ ավարտելու կարեւորությունը»,- նշված է դեկտեմբերի 23-ին Մոսկվայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքում ընդունված համատեղ հայտարարության մեջ:

Իսկ ԵՏՄ-ն լուծեց
«տարածքների» հարցը

Օրեր առաջ Բելառուսի արտգործնախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Միխնեւիչը հայտարարել էր, թե Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագրին կցված է նոտա այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության մաս չի կազմում: «Մենք մտահոգություններ ունեինք, որ Հայաստանի կազմի մեջ չմտնող տարածքները կարող էին հայտնվել Մաքսային միության կազմում: Հայկական կողմը ըմբռնումով է ընդունել այդ պահանջը, այդ ցանկությունը: Պայմանագրին կցվել է նոտա այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության մաս չի հանդիսանում: Այդ մասին հայկական կողմից պաշտոնական բանավոր հայտարարություն է հնչել»,- նշել էր դիվանագետը:

Պաշտոնական Երեւանի մեկնաբանությունները ԵՏՄ-ի անդամակցության շրջանակներում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի առնչությամբ միանգամայն հասկանալի են: Դեռ մի քանի ամիս առաջ Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը անվերջ կրկնում էր` «մենք վերահաստատել ենք, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս չի կազմում»` մեկնաբանելով Ղազախստանի նախագահի հոկտեմբերի 10-ի աղմկահարույց հայտարարությունը, թե` «հաջողվել է փոխզիջման հասնել սահմաններին առնչվող նրբանկատ հարցում, որոնց շրջանակներում Հայաստանը միանում է ԵՏՄ-ին»: Այս առիթով Շ. Քոչարյանը պարզաբանել էր. «Այստեղ փոխզիջման մասին չի խոսքը: Մենք ընդամենը վերահաստատել ենք այն մոտեցումը, որը Հայաստանը ունեցել է ի սկզբանե` անկախության օրերից, այսինքն` Ղարաբաղը չի հանդիսանում Հայաստանի մաս: Մենք մեր հարաբերությունները Ղարաբաղի հետ կառուցում ենք որպես դե ֆակտո կայացած պետության` չճանաչելով դե յուրե, եւ մեր հարաբերությունները հորիզոնական են»:

Անկախության տարիներից ի վեր Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը պաշտոնական Երեւանի կողմից արտաքին քաղաքականության անկյունաքարերից է եղել, այստեղ «հեծանիվ» հորինելու առիթ էլ չկա: ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի հետ ԼՂ հարցը կապել է նախ Ադրբեջանը՝ վստահաբար, ոչ Հայաստանի շահերից ելնելով ու ոչ էլ Ղարաբաղի ինքնորոշման սկզբունքն ամրապնդելու նպատակով: Բոլոր նրանք, ովքեր այսօր հիշեցնում են ԼՂ ինքնորոշման իրավունքը, նույնիսկ նրանք գիտակցում են, որ վտանգը այլ տեղում է:

Կարո՞ղ ենք բացառել, որ երկու, երեք կամ հինգ տարի հետո (եթե, իհարկե, ԵՏՄ-ն այդքան կյանք ունենա) մի գեղեցիկ օր Ղազախստանի ու Բելառուսի իշխանությունները Ադրբեջանի հորդորով չեն պահանջելու, որ Հայաստանի ու Ղարաբաղի միջեւ մաքսակետ տեղակայվի: Իսկ կարո՞ղ ենք բացառել, որ Ռուսաստան-Ադրբեջան, Ռուսաստան-Թուրքիա բավական տպավորիչ, նույնիսկ ռազմավարական համագործակցության արդյունքում համաձայնություն չի ձեռք բերվի` «Հայաստանի մաս չկազմող Լեռնային Ղարաբաղում» ռուսական խաղաղապահներ տեղակայել:

Բացի այդ, ԵՏՄ-ին մեր երկրի անդամակցության «պաշտպաններն» են նաեւ Ղարաբաղի անվտանգությունը կապել այդ գործընթացի հետ: Այնպես որ՝ հիմա նրանց «խորհրդավոր» լռությունն ու անհոգությունն է առավելապես զարմանալի՝ հատկապես, եթե հաշվի առնենք, թե ինչ բուռն էին նրանք իրենց անհանգստությունն արտահայտում նույն հարցում` ԵՄ Ասոցացման համաձայնագրին Հայաստանի միանալու գործընթացի առիթով:
Այսինքն՝ ստացվում է, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ «լուծվեց» ոչ միայն Հայաստանի տնտեսական ապագան, այլեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող մի շատ նուրբ հարց` «Հայաստանի կազմի մեջ չմտնող տարածքների» հարցը:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Դարերից եկող խնդիրներն օրերով ու թղթերով չեն լուծվում:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031