Լրահոս
Օրվա լրահոսը

Անուղղելի լավատեսի մտորումները

Դեկտեմբեր 24,2014 16:00

Ընդդիմությունը մեզ միշտ «վախեցնում է» թեժ գարունով, թեժ ամառով ու թեժ աշունով, բայց այս տարի ամենաթեժը ձմեռը եղավ՝ մասնավորապես դեկտեմբերը: Անկեղծ ասած՝ չեմ կարծում, թե ընդդիմությունը դրա հետ որեւէ առնչություն ուներ, նույնիսկ Ամանորը թերեւս չուներ: Պարզապես հանկարծ սկսվեց ԱՄՆ դոլարի կտրուկ արժեւորում եւ, բնականաբար, հայկական դրամի կտրուկ արժեզրկում: Ժողովուրդը մեկ օրում ֆինանսիստ դարձավ, բոլորը դոլար էին գնում ու վաճառում, վարկային գծեր բացում դրամով, արտարժույթ գնում, հետո՝ վաճառում: Ավելի հեռատեսները մեծ քանակի շաքարավազ ու ալյուր էին գնում… Այնպիսի մի քաոս ստեղծվեց, որ անգամ մեր՝ սովորաբար անդրդվելի խորհրդարանն իրար անցավ:

Դեկտեմբեր ամսվա ընթացքում հերթական ու արտահերթ նստաշրջաններում ակտիվորեն քննարկում էին քաղաքական ու տնտեսական տարբեր հարցեր: Ոչ իշխանական ուժերի նախաձեռնությամբ փակ նիստ հրավիրվեց՝ քննարկելու, թե ինչ քայլեր է պետք իրականացնել դրամ-դոլարային ճգնաժամից դուրս գալու եւ գների անակնկալ աճը կանխելու ուղղությամբ: Կառավարությունն՝ իր ղեկավարով ու նախարարներով, պարզաբանումներ էր տալիս, ժողովրդին հորդորում խուճապի չմատնվել: Կենտրոնական բանկի ղեկավարությունը պարբերաբար հայտարարություններ էր անում, որից ոչ ոք ոչինչ չէր հասկանում, բայց տեսնում էիր, որ գոնե մտահոգված են: Անգամ վարչապետը մեծածախ առեւտրի խանութներ էր այցելում՝ պարզելու, թե ինչու են գներն աճում:
Մի խոսքով՝ հատկապես վերջին շրջանում իշխանության գործադիր եւ օրենսդիր թեւերը, գոնե առերեւույթ, անհանգստություն ու մտահոգություն էին ցուցաբերում: Միայն հանրապետության նախագահն էր լուռ: Մեկ անգամ միայն թերթերից մեկն իր ինչ-որ աղբյուրների հղում անելով՝ մի անատամ տեղեկատվություն տարածեց, թե իբր ֆինանսական դաշտի բոլոր պատասխանատուները, առանց բացառության, նախագահական են գնացել՝ Սերժ Սարգսյանի մոտ խորհրդակցության: Ըստ թերթի տարածած ոչ պաշտոնական տեղեկատվության՝ «Սերժ Սարգսյանը վրդովված է եղել ֆինանսական շուկայում ստեղծված վիճակից եւ նախօրեին ոլորտի պատասխանատուներին խստիվ հանձնարարել է կայունացնել վիճակը»: Ու հետո՝ քար լռություն: Երեւի ես անուղղելի լավատես եմ ու անկեղծ ասած, սպասում էի, որ հանրապետության նախագահը մի առիթ, ասենք՝ գործարանի բացում, գրքի շնորհանդես կամ նման միջոցառում կօգտագործեր լրագրողների հարցերին պատասխանելով՝ ժողովրդին դիմելու կամ գոնե հանդարտության կոչ անելու համար: Սպասում էի, որ իր սովորական գործելակերպին հակառակ՝ այս ծանր օրերը նկատի ունենալով, ժողովրդի հետ երկխոսելու փորձ կանի: Սպասում էի, բայց նաեւ կասկածում, որովհետեւ հիշում էի, թե ինչպես մի առիթով ասել էր, որ չի կարող երկխոսել մի ժողովրդի հետ, որն իր հրաժարականն է պահանջում:

Բայց, ինչպես արդեն նշել եմ, ես անուղղելի լավատես եմ ու համառությամբ համացանցի որոնման կոճակը նորից ու նորից սեղմելով՝ փորձում էի գտնել որեւէ նման տեղեկատվություն: Դեկտեմբերին եւ անգամ այն օրերին, երբ խուճապի մատնված ժողովուրդը փոխանակման կետից կետ, խանութից խանութ էր վազում՝ մի մասն արտասահմանում ապրող բարեկամներից ստացած մի քանի դոլարն ու ռուբլին էր վաճառում, մեր «ընտրյալ» նախագահը «ներկա է գտնվել Արտաշես Գեղամյանի գրքի շնորհանդեսին», «այցելել է Երվանդ Քոչարի 115-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդես», «Սիթի-մոբիլ», «Մարկետ» ընկերությունների գրասենյակներ եւ «Լոֆթե ինքնազարգացման կենտրոն»: «Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ընդլայնված գագաթնաժողովին: Հանդիպում է ունեցել ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի հետ եւ զրուցել միջկուսակցական կապերի ամրապնդման շուրջ:

Մի երեք օր առաջ էլ աշխատանքային այցով մեկնել էր Լոռու մարզ, ծանոթացել Թումանյանի տարածաշրջանում գտնվող «Մ-6-Թեղուտ» ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին, հանդիպում է ունեցել Շնող եւ Թեղուտ համայնքների բնակիչների հետ, ապա մեկնել «Վալլեքս» խմբի ընկերություններին պատկանող Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի տարածք, ծանոթացել հանքավայրում իրականացված աշխատանքներին» եւ այլն: Բայց պաշտոնական հաղորդագրության մեջ գեթ մի խոսք չկար, թե բնակիչների հետ ինչի մասին է խոսել, նրանց ասելով՝ հանրապետության մյուս բնակիչներին նույնպես ինչ ուղերձ է հղել:

Բայց լավ, իրավիճակը կարծես թե ինչ-որ չափով հանդարտվել է, միայն թե հիմա ինձ մի ուրիշ հարց է հուզում. մտածում եմ՝ կարո՞ղ է մեզ մոտ գաղտագողի հանրաքվե են անցկացրել, սահմանադրական փոփոխություններն ընդունել, եւ Հայաստանն այլեւս ոչ թե նախագահական կամ կիսանախագահական պետություն է, այլ խորհրդարանական:
Կամ գուցե սահմանադրական փոփոխություններից առաջ խորհրդարանական համակարգի զորավարժանքի-իմիտացիա է արվում: Ուզող-չուզողներին «մեսիջ է ուղարկվում», թե տեսեք՝ այսպիսին է լինելու խորհրդարանական պետությունը:
Այնուամենայնիվ՝ ես անուղղելի լավատես եմ…

ԿԱՐԻՆԵ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031