Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում բանկերը չեն փլուզվի, քանի որ դրանք հիմնականում կորպորատիվ շահեր են սպասարկում

Դեկտեմբեր 24,2014 15:30

Վերջին օրերին դրամ-դոլարի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ հայաստանյան բանկերի ավանդատուների, վարկառուների շրջանում խուճապ է նկատվում: Չնայած այս տասը տարիների ընթացքում բանկային համակարգը մեր երկրում ամենակայուններից մեկն է եղել, այդ են փաստում նաեւ ոլորտի մասնագետները, այդուհանդերձ՝ որոշ ավանդատուներ նախընտրում են գումարները բանկերից հանել եւ «դոշակի» տակ պահել՝ աչքների առաջ ունենալով տարիներ առաջ մի քանի բանկերի սնանկացման փաստը:

Արդյոք բանկերից ավանդների հոսքը բանկային համակարգում ցնցումներ չի՞ առաջացնի՝ «Առավոտի» հարցին տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն ասաց, որ եթե այն լինի համատարած բնույթի, ապա բանկային համակարգը վտանգի տակ կհայտնվի:
«Երբ կա արտարժութային ճգնաժամ, շատ հեշտությամբ կարող է այն վերածվել նաեւ բանկային ճգնաժամի, այսինքն՝ մարդիկ, որոնք արժույթը պահում են բանկերում, սկսում են համարել ռիսկային, սակայն արտարժութային ճգնաժամի փուլը, կարելի է ասել, որոշակի առումով եկավ ու անցավ, եւ դրա հետեւանքն է, որը դիտարկվում է բանկային համակարգի օրինակով:

Մարդիկ որոշակի առումով գուցե կորցրին իրենց վստահությունը բանկերի նկատմամբ, եւ սա տրամաբանական է: Ինչ վերաբերում է իրենց արժույթները հանելուն, ապա ավանդատուները՝ մտածելով, որ դրամը կարժեզրկվի, հնարավոր է՝ սկսեն իրենց դրամով ավանդը հանել եւ փոխարկել դոլարի եւ ավանդ դնել դոլարային տեսքով, ոչ թե դրամային՝ ակնկալելով, որ դրամի արժեզրկում տեղի կունենար, իսկ դոլարի՝ ոչ, իսկ դոլարային ավանդն ապագայում իրենց կբերի ավելի եկամուտ:

Սակայն երբ խնդիրը ավելի խորը դիտարկեն եւ խնդիրը գտնեն՝ որ պրոբլեմը պայմանավորված է ոչ թե արժույթով, այլ նաեւ բանկային համակարգով, ապա այդ ժամանակ բանկերին չեն վստահի եւ կփորձեն իրենց գումարները հետ վերցնել դրամի թե դոլարի տեսքով եւ կպահեն իրենց մոտ: Իհարկե, սա կարող է վտանգել բանկային համակարգը, եթե լինի համատարած բնույթի»:

Ըստ տնտեսագետի՝ ավանդատուները վերցնելով ներդրած բոլոր ավանդները՝ բանկերին կկանգնեցնեն այդ ավանդների տոկոսները վճարելու խնդրի առաջ. «Սակայն պետք է նշեմ, որ բանկերն էլ ապահովագրված են եւ ոչ ժամանակին, այսինքն՝ վերջնաժամկետը լրանալուց շուտ ավանդները վերադարձնելու դեպքում, որոշակի դրույթների համաձայն, տոկոսները քիչ են մարում: Ճիշտ է, բանկերը կկրեն վնասներ, սակայն այդ ժամանակահատվածի համար ավելի շատ տոկոս չեն վճարի»:

Ինչ վերաբերում է վարկերին, ապա Վիլեն Խաչատրյանի ներկայացմամբ՝ վարկային համակարգում խնդիրն ավելի բարդ է: Ըստ տնտեսագետի՝ հայաստանյան բանկերը տվել են 60 տոկոսից ավելի դոլարային վարկեր, որոնց պարագայում վճարումները պետք է կատարեն երկու պայմանով, մեկը՝ մայր գումարը՝ դոլարով, իսկ տոկոսները՝ պարտադիր դրամով, մյուս դեպքում ե՛ւ մայր գումարը, ե՛ւ տոկոսը՝ դոլարով. «Դոլարային վարկեր վճարողները տուժում են, եթե 10 տոկոս անգամ տեղի է ունենում դրամի արժեզրկում եւ դոլարի արժեւորում, 1000 դոլարի մեջ նրանք 100 դոլար ավելի են վճարում: Այսինքն՝ եթե մարդն ուներ 10 հազար դոլարի վարկ, այն արդեն դարձել է 11 հազար դոլար: Սա լուրջ խնդիր է, եւ ծանրացնում է դոլարով վարկառուների բեռը»:

Անդրադառնալով մեր բանկային համակարգի կայունությանը՝ տնտեսագետն ասաց, որ ճիշտ է, մեր երկրում այն համարվում է կայուն, սակայն Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ուսումնասիրություններով, որը անցումային տնտեսություններին գնահատականներ տալու նպատակով ամեն տարի անցկացվում է, եւ ամենաբարձր բալը 4,5-ն է, Հայաստանի բանկային համակարգը գնահատել է մոտ 3:

«Ճիշտ է, այն այսօր կայացած բանկային համակարգ է համարվում, սակայն ինքն իր ֆինանսական հնարավորությունների ծավալով է փոքր, եւ երկրորդ՝ մեր տնտեսության մեջ ունի փոքր տեսակարար կշիռ: Այսինքն՝ եթե բանկային համակարգը ՀՆԱ-ի 45 տոկոսն է կազմում, դա դեռ չի նշանակում, որ այդ տնտեսության մեջ բանկային համակարգը շատ հզոր է»,- նկատեց պարոն Խաչատրյանը:

Մեր հարցին էլ, թե տնտեսագետները հաճախ են նշում, որ եթե մեկ-երկու բանկ սնանկանա, ապա շղթայական ռեակցիայի պես կտուժեն նաեւ մյուս՝ նույնիսկ ամենավստահելի բանկերը, պարոն Խաչատրյանը կարծիք հայտնեց, որ բանկերի փլուզում տեղի չի ունենա, քանի որ բացի այն, որ հայաստանյան բանկերն ունեն կայունության որոշակի մակարդակ, շատ դեպքերում մեր բանկերը սպասարկում են կորպորատիվ շահեր. «Այսինքն՝ նրանց հետեւում կանգնած են մարդիկ, որոնք թույլ չեն տա փլուզում, եւ դա բնական է, կարելի է բացատրել նաեւ 2009 թվականի երեւույթներով, որ ամբողջ աշխարհում բանկային համակարգում սնանկացման դեպքեր գրանցվեցին, բարդ իրավիճակներ, սակայն մեր բանկային համակարգը, որպես այդպիսին, չտուժեց: Բանկերի բոլոր ռիսկերն այդ առումով սահմանափակեցին, եւ դա ամբողջությամբ բանկային համակարգի նկատմամբ աջակցության արդյունք էր: Նմանատիպ միջոցառումների առումով թույլ չեն տա, որ մեր բանկային համակարգը կոլապսի առաջ կանգնի»:

Ըստ տնտեսագետի՝ մեր երկրում 21-22 բանկ է գործում, եւ դրանցից մեկի սնանկանալու պարագայում բանկային համակարգն ընդհանուր վնասներ կկրի.
«Բայց կարծում եմ, որ ոչ թե տեղի կունենա բանկային համակարգի կոլապս, այլ պարզապես այդ բանկի հաճախորդները կտեղափոխվեն ու կբաշխվեն մյուս բանկերի վրա, այլ ոչ թե մյուս բանկերը եւս դոմինոյի էֆեկտով կհայտնվեն սնանկացման առաջ»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Հ. Գ. Կենտրոնական բանկի տվյալները՝ տրամադրված ավանդների ու վարկերի մասին, ամենաթարմն էր. տեղեկատվությունը հոկտեմբեր ամսվա դրությամբ էր: Ըստ այդմ՝ բանկերը տրամադրել են 1 տրիլիոն 817 միլիարդ դրամի վարկ, 1 տրիլիոն 675 միլիարդ դրամի էլ ավանդ են ներգրավել, որից արտարժութային ավանդները կազմում են 734 միլիարդ դրամ:

«Առավոտ» օրաթերթ
23.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031