Հոդվածը գրել էի 2008թ. նախագահական ընտրություններից հետո, երբ ՀՅԴ-ն մարտի 1-ի դեպքերից հետո քառակողմ կոալիցիայի մաս կազմեց։ Նույն միտումներն են կարծես նկատվում այսօր։
Ես անմիտ երազող չեմ ու հասկանում եմ, որ դիրքն ու փողը հեշտ չեն զիջում։ Ու նախագահության թեկնածուների քարոզներն էլ՝ իրենց դասական ստերով, սպառնալիքներով, լրիվ հասկանալի էին՝ չեն զիջելու։ Դրսից բանակ, միլիցիա կհավաքեն, կպաշտպանեն իրենց Փողը։
Այս ամենը, սակայն, անցողիկ, փուչ բաներ են։ Այս ընտրություններում մեզ հասցրած անբուժելի վերքը, սակայն, դաշնակցության անկումն էր, լիակատար ֆիասկոն։ Նախընտրական մարաթոնի ողջ ընթացքին արդեն պարզ էր, որ կուսակցությունը լրջորեն չի վերլուծել իր պայքարն ու ցավը, իր տալ-առնելիքը։ Երկիրը փոխելու իր նորագույն գաղափարը, հատուկ մոտեցումը՝ տգիտության, առուծախի այս գռեհիկ ու զարհուրելի ավերումի մեջ, որի ականատեսն է ինքը։ Ու ոչ միայն ականատեսը։ Այս բեւեռացված ու անձնավորված ընտրություններում, երբ արդեն պարզից էլ պարզ էր, որ պայքարը գնալու է ՀՀԿ եւ ՀՀՇ երկու բեւեռների միջեւ, ՀՅԴ-ն այդպես էլ իր ծանրակշիռ երրորդ բեւեռը չունեցավ, ինչի մասին հայտարարում էր դեռ քոչարյանական կոալիցիայից դուրս գալիս։ Ու մրցապայքարի ընթացքում շատ շուտով դարձավ երրորդական։ Քվեարկության նախօրեին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի վերջին ասուլիսը Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ, կողմնորոշեց բողոքական մասսայի վերջին զանգվածին։ Եվ ընտրություններից հետո ՀՅԴ-ն հայտնվեց չորրորդ կամ չորրորդական կարգավիճակում։ Միգուցե սա՞ էր այն հատուկ, ռոմանտիկ կարգավիճակի առավելագույնը, հանուն որի ընդդիմությունից ձայներ խլեց ՀՅԴ-ն։ Մինչդեռ քաղաքական շարժումներով փոթորկված այս քուրայի մեջ, ուր անցյալ ու ներկա մրոտվել էր, ՀՅԴ-ն այդպես էլ իր խաղը չեղանակավորեց։ Չդարձավ ելման կետը Լեւոն Տեր-Պետրոսյանի «ցուրտ ու մութ» անցյալի ու գնդակահարված պետության արնահոտ ներկայի միջեւ։ Չպաշտպանեց մեր վսեմ Հաղթանակը՝ դափնիներ վաճառողներից։ Ժողովրդի երկու հատվածն իրար դեմ հանող գահակործան ապերախտ Ռոբերտ Քոչարյանի արյունոտ հաշվեհարդարից։ Չդարձավ Նոր ժամանակների Արդարության Ժողովրդական հմուտ ժամկոչը՝ Հայոց համազգային շարժման այս հզոր ու ազդու ահազանգի։ Որ ցույց տար, թե ինքն է մեր Հանրապետության այսօրվա հույսի, վաղվա Բարգավաճ վերածնունդի արժանավոր ավանդի միակ ու միահեծան տերը՝ Օրինաց երկիր ստեղծելու ճանապարհին։ Որպեսզի այս պառակտված ու նսեմացված ժողովուրդը չվերադառնար ու ազգովի նորից չխնդրեր առաջին նախագահի ձեռքը։ Սա պիտի լիներ ՀՅԴ նվիրական պարտականությունը մեր երկրում։ Որտե՞ղ սայթաքեցինք։ Ինչո՞ւ ՀՅԴ-ն չդարձավ հայ ժողովրդի արժանապատիվ ապրելու իրավունքի կուսակցությունը իր երկրում։ Ընտրարշավի ողջ օրերին ես հույսս չէի կորցնում։ Որ պինդ է մեր մեջքը։ ՀՅԴ-ի ցեղային նկարագիրը, ըմբոստացումները որքան եղերական, այնքան հերոսական ու օրինակելի են եղել հայության համար։
Շարժման դաժան օրերին դիմացը չինական պարիսպ Մոսկվան էր, թիկունքում՝ օրեցօր ծանրացող Արցախի վիճակը։ Բայց…մեր սրտի կուսակցությունն արդեն երկրում էր։ Թիկունքներս պինդ, մեջքներս ամուր։ Միայն զենքով կա հային փրկություն, էլի համոզվեցինք մենք։ Ի՛նչ փառավոր տղերք կային մեր կողքին, մտքի ու բազուկի ի՛նչ հզոր անհատներ էին մտնում, դուրս գալիս ՀՅԴ մամլո գրասենյակ։ Տե՛ր Աստված, էդ փառավոր հպարտությունից բան չէր մնացել այս ընտրություններից հետո։ Ծեծված, խեղճ, խրատված մի խումբ, սրտի հովարանքի համար փետրվարի 20-ին բարձրացել էր Եռաբլուր՝ հարգանքի տուրք տալու իր զոհված արծիվներին՝ Արցախյան պայքարի 20-ամյակի առիթով։ Իշխանական թանկ հագուստներն անգամ չէին ծածկել պարտության ամոթը։ Բարձրացել էին, որ ինչ ասեն։ Պատերազմի փառավոր հաղթանակին իր առյուծ տղերքին մատաղ բերած հզոր կուսակցությունն, այս աղաղակող զեղծարարությունները դատապարտող լուրջ հայտարարություն անելու ուժ էլ չունեցավ։ Լա՛վ էին ծեծել։ Իսկ այդ պահին, Մատենադարանի հրապարակում թնդում էր Լեւոնի համակիրների հանրահավաքը։ Կաշառքով բուհեր ընդունված ուսանողից մինչեւ կաշառքով մի կերպ գլուխը պահող դասախոսը, մինչեւ հայրենի գյուղերը լքած ու Մագադանի խոպանը հերկող հայ գյուղացին, ՀՅԴ կոչով Արցախում զավակներ կորցրած ու ներկայումս թշվառության մատնված ընտանիքները «Լեւո՛ն, նախագահ» էին վանկարկում։
Կարդացեք նաև
Սրանք ՀՅԴ-ի ընտրողները պիտի լինեին։ Ինչո՞ւ չեղան։ Էսպես շարունակվի, մյուս ընտրություններին էդ վեց տոկոսն էլ չի մնա։ Հրանտ Մարգարյանն էլ արդեն կրակել է զինանոցի վերջին փամփուշտը՝ «Լեւոնը ներողություն պիտի խնդրեր, նա մեզ բանտը ձգեց»։ Իսկ դուք ներողություն խնդրեցի՞ք Եռաբլուրի արծիվներից, թե ինչո՞ւ Արցախի ԳԽ առաջին նախագահ, դաշնակցական Արթուր Մկրտչյանի «ինքնասպանությունից» հետո, Արցախում իշխանությունն այդքան հեշտ նվիրեցիք ՀՀՇ-ին, իմա՝ Ռոբերտին ու Սերժիկին։ Ու մեր կյանքը հիմնովին փոխվեց։ Որ Արթուր Մկրտչյանի արյունոտ աթոռից մինչեւ գնդակահարված վարչապետ Վազգեն Սարգսյան, մինչեւ ճիշտ ժամանակին հանկարծամահ եղած, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի թափուր աթոռները «երջանիկ պատահականությամբ» էլի այդ երկուսի՞ն բաժին հասնեն։ Ու ՀՅԴ-ին միշտ վերապահվի իշխանության կցորդի ողորմելի կարգավիճա՞կը։ Ի՞նչ ճակատագիր ունեցան Դրոյի գործով ցմահ բանտ նետված տղերքը, ՀՅԴ-ն լռում է, ինչպես պատերազմին թիկունքից խփված հրամանատարների պարագայում։ Քանի որ համաձա՞յն է մեղադրանքի հետ։ Այս ընտրություններում ինչո՞ւ էր ողջ կրթական համակարգը վերից վար դրված նախագահի թեկնածու Սերժիկ Սարգսյանի ոտքերի տակ, երբ կրթության նախարարի աթոռը ՀՅԴ-ինն էր ու իրենք էլ սեփական թեկնածու ունեին։ Որ հետո գոնե աթո՞ռը պահեն։ Ինչու այս ընտրական անփառունակ ձախողումից հետո համախմբվեցին ժողովրդի կամքը արյունով կոտրած ուժերի շուրջ։ Որ հեղափոխությունը դավադրության հետ շփոթած իշխանության հետ մեկտեղվեն ու Ստամբուլի փոխարեն Երեւա՞նը դարձնեն արյան ծով…Ընդամենը աթոռի համա՞ր…Բանտից հերոսի պես վերադարձաք ու ՀՀՇ-ի դատարկն էլ չլցրիք քաղաքականության մեջ։ Տարիներով նույն դեմքերն են, նույն ստվերները անցյալի։ Ինչո՞ւ։ Երբ ամեն հայի խորքում դաշնակցական է նստած։ Ուրեմն խորքի հետ խնդիր կա։ Խորքի ցավն արյան միջով անցկացնելու խնդիր կա։ Քոչարյանի համար «Առագաստն» ընդամենը սրճարան է։ Ու այնտեղ, ինչու չէ, կարելի է Պողոս Պողոսյան սպանել։
Բնիկ երեւանցու համար «Առագաստը» սրբատեղի է, Երեւանի սիմվոլը։ Ու այնտեղ մարդ սպանելը, խորան պղծելու պես մի բան է։ Ամեն բնիկ երեւանցի գիտի դա, իսկ Քոչարյանն ու ՀՅԴ Բյուրո՞ն։ Մենք բոլորս մեր մայր հողի զավակներն ենք, ուր էլ ծնվենք, աշխարհի որ ծայրում էլ ապրենք։ Ավանդական սփյուռքի հույզի գերագույն կատարն անմարելի կարոտախտն է, կռունկի երգ՝ առ Հայրենիք։ Ոչ ավելին։ Բոլորովին ուրիշ, արմատապես հզոր մտածում ունի Մայր հողի մեջ ծառակալած սերմը։ Միայն Մայր հողի մեջ գուրգուրանքով դրած Սերմը կարող է իր սնված հալոցքի մեջ ճանաչել Իր հողի մանրանկարն ու նախաստեղծ Նշանը, նրա արտահայտման Կերպն ու Ոգին։ Իր արմատն այլասերումից փրկելու շարունակական վտանգները։ Հողի Բնիկ սերը, Քրտինքի հին կաթիլն ու Արմատի հրեղեն Լույսը բնական շաղախն է Երկրի Գաղափարի տան անսասան հիմքի։ Վստահեք այս հողի Բնիկ ու Բնական տերերին, առանց որոնց չի կարող լուրջ գործակցություն լինել Հայաստանի ժողովրդի սրտի հետ։ Բյուրոյի կամ ԳՄ-ի խորհրդավորության յոթփականի պատերից ներս ինչքան գաղտնի պահվեն այս հարցերի պատասխանները, այնքան հոսքը ձեզնից դեպի Ազատության հրապարակ կավելանա։ Գաղափարի անհարթ բուրգի վսեմ կատար ծակ տրեխներով այլեւս չես բարձրանա։ Բարեշրջումն անհնար է առանց գիտակից Առաջնորդի, ում անբասիր անցյալն ու ներկա ապրելակերպը օրինակ է ոչ միայն շարքերի, այլ յուրաքանչյուր հայի համար։ Առաջնորդ, ում սակարանը բարձրանում է միայն ուղիղ միջոցներով։ Ով կուսակցությանն ու ժողովրդին այս անպատիվ վիճակից հանելու վսեմ մտադրությունն ունի։ Այլ՝ ոչ ընդամենը՝ սակարկելու։ Քանի որ՝ ՀՅԴ-ն մի դժբախտություն ունի։ Նա միայն իր անդամներին չի պատկանում։
ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ։ Ու հայ ժողովուրդը գերզգայուն է այդ մի հատիկ գույքի նկատմամբ։ Քանի որ, այդ կուսակցության մեջ, ամեն մի հայ, աշխարհի որ ծագում էլ գտնվի, անկախ դավանանքից ու անձնագրից, իր սրտից իր մի կաթիլ Սիրո նշխարն է դրել։ Եվ ոչ մի Բյուրո կամ ԳՄ ու չգիտեմ թե էլ ինչ կոմիտեություն ու Կեն Կեն, իրավունք չունի քսու պատրիկների ու ծակփոր հացկատակների ճարպոտ սեղանների կերակուր դարձնել հայ ժողովրդի Հույսի ու Փրկության, նրա հրեղեն զավակների արյունով հունցված հիշատակների հարյուրամյա այդ Սուրբ Նշխարը։
ՇՈՒՇԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ
Պրահա
«Առավոտ» օրաթերթ
23.12.2014
հայաստանյան ՀՅԴ-ն, համենայն դեպս ղեկավարները, էսօր տաշտից տանելու ավելի շատ ձև ունեն, քան շատ շարքային հանրապետականներ, պաշտոն, դեսպան, պատգամավոր, կապեր, բանակի հարցեր են լուծում, մի խոսքով ինչպես կերակրատաշտի մոտ կանգնած ցանկացած թալանչի, Ու պատահական չի որ ինչ անկապ թեմայի շուրջ ասես ընդդիմադիր դիրքերից խոսում են՝ կուտակային, եսիմինչ, կամ սահմանադրական բարեփոխումներ,։ համար 1 թեմայի մասին կյանքում բնականաբար չեն խոսա, որ իրանք կեղծված ընտրություններով եկած մարդկանց կցորդ են
Տխրագույն հարց,- ինչու՞ ենք մենք այսքան շատ մանր խարդախներ, միայն իրենց փորը լցնելով մտահոգված, բայց միշտ քաղցած մանր-մունր բաներ ծնում, և այդքան քիչ՝ վեհանձն, արժանապատիվ, իր ժողովրդին և իր գործին նվիրված անձիք:
Տեսակ է, Լեւոն ջան, ես չեմ զարմանում, մեր փոքրիկ ազգը 37–ին կոտորվեց, երկրաշարժ, պատերազմ…միայն լավերն էին գնում….էլ չկա, պրծավ…քիչ ենք, մի բուռ մի 100 տարվա մեջ քանի կոտորած ու աղետ…