Լրահոս
Օրվա լրահոսը

Նվիրված է Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին

Դեկտեմբեր 24,2014 14:30

«Նարեկացի» արվեստի միությունում ներկայացվեց Սարգիս Հացպանյանի
«Հայերն իրենց բնօրրանում՝ ցեղասպանությունից հետո» դասախոսությունների շարքը:

Նա ասաց, որ 2015 թ. լույս կտեսնի Նազարեթ Տաղավարյանի հեղինակած գիրքը, ուր տեղ են գտել քըզըլբաշների ծագման աղանդների մասին կարեւոր մանրամասներ, որ նրանք առաջացել են հայերից… Գիտաշխատողը խոսեց Սեբաստիայի հայությանը նվիրված Առաքել Պատրիկի կազմած ծավալուն երկհատորյակի մասին, որ թուրքերը ցանկանում են թարգմանել, որ նմանատիպ մոտ 131 գիրք կա, որոնք ուշագրավ վիճակագրական տվյալներ են պարունակում Թուրքիայի մասին, մասնավորապես՝ 1877 թվականի դրության, որ ժամանակին կազմել էր հայ երախտավոր Պողոս Նաթանյանը՝ Խրիմյան Հայրիկի հանձնարարականով:

Սարգիս Հացպանյանը փաստեց, որ մինչեւ օրս Սեբաստիայում հայերը թրքախոս չեն, խոսում են հայերեն՝ իրենց բարբառով, շատերն իրենց հայկական անուն-ազգանունով են, իսկ տեղի թուրքերն էլ ալավիներ են, որոնց նախնիքը եւս հայեր են, որ Սեբաստիայի շինությունների 100%-ը հայերինն է եղել: Պատմեց, որ ընթանում է Սեբաստիայի հայերի վերակազմավորումը, որ դավանափոխ Միհրան Քոչակյան պապը, ով ապրել էր ողջ կյանքը մուսուլման, իր կտակի համաձայն՝ թաղվեց որպես հայ, որ Վարդավառի տոնին աշխարհի տարբեր ծայրերից սեբաստահայերը գալիս են ուխտագնացության եւ անցկացնում 4- օրյա հանգիստն իրենց գյուղերում (ցուցադրվեցին ինչպես անցյալ տարվա, այնպես էլ 1960-ականների լուսանկարները), որ 2015-ը նախատեսում է սեբաստահայերի ավելի մեծ հավաք: Բանախոսը փաստեց, որ այսօր ալավի-քըզըլբաշ շիա դավանանքի մոտ 18-20 մլն հետեւորդներ ապրում են ողջ Թուրքիայի տարածքում:

Պրն Հացպանյանն իրազեկեց, որ մյուս տարի Սեբաստիայի տեղական իշխանությունը նախատեսել է վերականգնել Սեբաստիայի Սուրբ Նշան կիսավեր եկեղեցին եւ վերադարձնել հայերին:

«Առավոտի» հարցին, թե որքա՞ն դավանափոխ հայ է ապրում այսօր Թուրքիայում, բանախոսը պատասխանեց, որ շատ տարբեր կարծիքներ կան, մեկն ասում է 2 մլն, մյուսը՝ 3-4, իսկ մի երրորդն էլ՝ թե միայն Դերսիմում՝ ամբողջությամբ դավանափոխ հայեր են ապրում:

Տարողունակ դասախոսությունն ընդմիջվեց Դանիել Վարուժանի խոսքերով գրված Արսեն Համբարյանի հեղինակային երգերով եւ ծագումով սեբաստացի Աստղիկ Գասպարյանի խոսքով, որ մոր պատմած հետաքրքիր հուշերն էին: «Դեպի կախաղան» գրքից ուշագրավ դրվագ պատմեց Շահեն Աթեշյանը:

ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031