Անվանի աստղաֆիզիկոս Էլմա Պարսամյանը՝ անցյալի եւ ներկայի մասին
Անվանի աստղաֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Էլմա Պարսամյանի գիտական ժառանգությունը ներկայացնելու հարկ չկա: Գիտնականի անունով են կոչվել իր հայտնաբերած գիսավորաձեւ եւ մոլորակաձեւ որոշ միգամածություններ, ինչպես նաեւ Օձի համաստեղության աստղերից մեկը։
Դեկտեմբերի 23-ը տիկին Պարսամյանի համար հոբելյանական է, 85-ամյակն է լրանում: «Առավոտի» հետ զրույցում գիտնականը, չնայած լուրջ վաստակին ու ճանաչմանը, համեստորեն ավելի շատ խոսում էր աստղագիտության ոլորտի այլ երախտավորների, քան իր մասին: Նա նշեց, որ Բյուրականի աստղադիտարան եկել է 1954 թվականին՝ ավարտելով Երեւանի պետհամալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի աստղագիտական բաժինը: Իրեն ընտրել է Վիկտոր Համբարձումյանը: «Երբ Վիկտոր Համազասպովիչը վերցնում էր Բյուրական աշխատանքի, մենք ինը հոգի էինք, նա բոլորիս հինգ տարվա բոլոր առարկաների թվանշանները մեկ առ մեկ նայեց: Այդ ինը հոգուց երեքը դոկտորներ դարձան: Բյուրականում մեր կուրսից աշխատեցինք ես եւ Մալումյան Վիգենը»,- հիշում է Էլմա Պարսամյանը:
Նա առաջին անգամ Վիկտոր Համբարձումյանին տեսել է ութերորդ դասարանում, զրուցել է անվանի գիտնականի, իր խոսքով՝ հանճարի հետ. «Այդ ժամանակ ես ունեի իմ պատկերացումները՝ Լուսնի վրա խառնարանների առաջացման մասին: Համբարձումյանը լսեց ինձ, ասաց՝ շատ ուրախ եմ, որ մտածել գիտեք, բայց ձեր ասածները գիտությանը վաղուց հայտնի բաներ են: Նաեւ հարցրեց, թե մաթեմատիկայից ի՞նչ գնահատականներ ունեմ, ի՞նչ լեզու գիտեմ: Երբ ասացի գերմաներեն, ասաց՝ դա լավ է, բայց պետք է նաեւ անգլերեն իմանալ: Ինքը շատ լավ տիրապետում էր գերմաներենին եւ անգլերենին, ռուսերենի մասին էլ չեմ խոսում»:
Մեր զրուցակիցը պատմում է, որ Բյուրականի աստղադիտարանի աշխատողների համար Համբարձումյանը գերմաներենի եւ անգլերենի մասնագետներ էր վարձել, գիտաշխատողները քննություններ էին հանձնում, քննությունն էլ ինքն էր ընդունում. «Քննությունների ժամանակ պետք է աստղագիտական հոդված պատմեիր այդ լեզվով, դա մի արտառոց բան էր…Վիկտոր Համազասպովիչը նաեւ ստիպեց, որ ամբողջ ակադեմիան հայերեն խոսի, այն էլ՝ մաքուր ու գեղեցիկ հայերեն: Երբ նոր էի եկել Բյուրական, նա ինձ մի ամերիկացու տեսական հոդված տվեց, որպեսզի սեմինարին հայերեն զեկուցեմ, այդ օրերին Բյուրականում մի քանի ռուսաստանցի պրոֆեսորներ ունեինք: Քանի որ Մոսկվայում էի դպրոց գնացել ու մտավախություն ունեի, որ հայերեն չեմ կարողանա պատմել, խնդրեցի առաջին ու վերջին անգամ թույլատրի, որ նյութը ռուսերեն ներկայացնեմ: Մնաց անդրդվելի, ասաց՝ ո՛չ, Էլմա, դուք հայերեն պետք է խոսեք: Երբ հիշեցրի, որ հյուրեր ունենք, որոնք հայերեն չգիտեն, ասաց՝ նրանց համար կթարգմանվի»: Տիկին Պարսամյանը նաեւ հիշում է, որ հայերենը կատարելագործելիս ռուսերեն բառեր օգտագործելու համար գիտաշխատողներով յուրատեսակ «տույժ» էին մտածել՝ ով ռուսերեն բառ էր ասում, տասը կոպեկ էր «վճարում»: Շաբաթվա վերջին հավաքված գումարով հավաքույթ էին կազմակերպում:
Կարդացեք նաև
Էլմա Պարսամյանից հետաքրքրվեցինք, թե ինչ խորհուրդ կտա այսօրվա երիտասարդ գիտնականներին, մասնավորապես՝ աստղագետներին: «Պետք է օրուգիշեր աշխատեն, եթե աստղագիտությունն են ընտրել: Պետք է լավ հիմք ունենան մաթեմատիկայից ու ֆիզիկայից՝ աստղագիտության մեջ հաջողելու համար: Ցավոք, հիմա չեն սիրում սովորել, մանավանդ, եթե դրա համար վճարում են»,- փաստում է գիտնականը: Նաեւ ցավում է, որ լավագույն կադրերը հեռացել են Հայաստանից ու չեն վերադառնում, ասում է՝ դա կորուստ է երկրի համար, երկիրը ծախսում է, բայց չի ստանում պատասխանը: Մյուս կողմից էլ, նրա խոսքով՝ երկիրը պետք է այնպես պահի իր կադրերին, որ նրանք ուզենան վերադառնալ, թե չէ՝ գիտությունը շա՜տ խեղճ վիճակում է: Եվ եթե ժամանակին Բյուրականի անունը թնդում էր աշխարհով մեկ, Աստղադիտարանը դարձել էր մի տեղ, որտեղ աշխարհի աստղագետները գոնե մեկ անգամ պետք է լինեին Բյուրականում, այժմ այն զուտ գոյատեւելու խնդիր ունի:
«Լավ է, որ այս տարի պետությունն Աստղադիտարանին տվեց Ազգային արժեքի կարգավիճակ, մի քիչ էլ ֆինանսներն ավելացան: Փառք Աստծո, մեր տնօրենը Հայկ Հարությունյանն է: Քանի նա կա, ես հանգիստ եմ Աստղադիտարանի համար, որը ներկայումս մաքուր, բարյացակամ եւ հուսալի ձեռքերում է: Պատահական չէ, որ Վիկտոր Համբարձումյանը նրան 34-35 տարեկանում նշանակեց գիտության գծով իր տեղակալ»,- ասում է Էլմա Պարսամյանը: Ինչ վերաբերում է Վիկտոր Համբարձումյանին, որ եղել է իր դասախոսը, գիտնականը մի դրվագ էլ պատմեց համալսարանական կյանքից. «Նա մեզ ֆլուկտուացիաների տեսություն էր կարդում, որի հիմնադիրն էլ ինքն է, դա սերտ կապված է հավանականության տեսության հետ, ի դեպ, Վիկտոր Համազասպովիչը մեծ մաթեմատիկոս էր: Գրատախտակին գրում էր, մենք լսում եւ նշումներ էինք անում: Մեկ էլ կանգնեց, դադարեցրեց բանաձեւեր դուրս բերելը, մի տասը րոպե լռելուց հետո կրկին սկսեց շատ արագ ամբողջ գրատախտակը լցնել բանաձեւերով, հետո ավարտեց ու ասաց՝ սա անպայման գրեք, սա հենց նոր հնարեցի: Ուզում եմ ասել, որ հանճարն այսպիսին է լինում»:
Էլմա Պարսամյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ արվեստի ուղղությունը չընտրեց եղբոր՝ ՀՀ վաստակավոր նկարիչ Ալբերտ Պարսամյանի նման: Գիտնականը նշեց, որ իրենց ընտանիքում (ծնողները գյուղատնտեսներ էին) միշտ լավ գրականություն են կարդացել, մայրն էլ ֆենոմենալ հիշողություն ուներ այդ առումով, բայց ինքը երեխա ժամանակվանից երազել է աստղագետ դառնալ: Էլմա Պարսամյանը բանաստեղծությունների գրքույկ ունի՝ «Աշնանային մտորումներ» վերնագրով, որտեղ ամփոփված են իր հույզերն ու մտածումները: Բանաստեղծություններից մեկում էլ հույս է հայտնում, որ իր տառապած ժողովրդի աչքերի փայլը մի օր կտեսնի. «Ընկերներ իմ շատ սիրելի/ Աստղեր դիտող իմ Բյուրական/ Արդյոք դո՞ւք էլ ինձ նման/ Անհամբեր սպասում եք այդ օրվան…»:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
23.12.2014