Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշակերտը մասնակցելով մրցույթների՝ զգում է ե՛ւ պատասխանատվություն, ե՛ւ երկրի աջակցությունը»

Դեկտեմբեր 24,2014 12:30

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան սնող Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցի սաները բոլոր ժամանակներում ակտիվ մասնակցություն են ցուցաբերել ոչ միայն հայաստանյան, այլեւ արտերկրյա մրցույթներին ու փառատոներին: Վերջերս էլ մասնակցել են Մոսկվայում 15-րդ անգամ անցկացվող «Շչելկունչիկ» միջազգային մրցույթին, որին մասնակցում էր 9-14 տարեկան 48 պատանի երաժիշտ՝ ԱՊՀ երկրներից, Ավստրիայից, Եգիպտոսից, Գերմանիայից եւ Թաիլանդից, դպրոցը ներկայացնում էր երկու երաժիշտ: Հիշեցնենք, որ «Շչելկունչիկին» 2006թ. դպրոցի սան, ջութակահար Էմանուել Ճգնավորյանն արժանացել է արծաթե մրցանակի, 2009թ. դաշնակահար Դիանա Խաչատրյանը՝ դիպլոմի, 2011թ. դաշնակահար Եվգենիա Աբրահամյանը՝ դարձյալ դիպլոմի, իսկ 2012թ. ջութակահար Դիանա Ադամյանը՝ երկրորդ մրցանակի:

«Առավոտի» հետ զրույցում դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանն (լուսանկարում) ասաց, որ այս տարի դպրոցն առաջին անգամ ներկայացրել է փողային նվագարան՝ շեփոր, եւ 10-րդ դասարանցի Դանիել Մելքոնյանը (դասատու՝ Ջոն Սարգսյան) արժանացել է 3-րդ մրցանակի, իսկ 7-րդ դասարանի սան, ջութակահար Պոլինա Շարաֆյանը (դասատու՝ պրոֆեսոր Ալեքսանդր Կոսեմյան) պարգեւատրվել է դիպլոմով: «2014-ը հագեցած էր արտերկրյա տարբեր մրցույթներին մեր սաների մասնակցությամբ. Իտալիայի Կրեմոնա քաղաքում ավանդաբար անցկացվող պատանի երաժիշտների միջազգային մրցույթում ջութակահար Սոնա Արզումանյանը (դասատու՝ Ստելլա Կարապետյան) արժանացավ առաջին մրցանակի, Թբիլիսիում երեք դաշնակահարներ նույնպես գոհացրին ժյուրիին, Թուրքիայում էլ դաշնակահար Արմեն Պուչինյանը (դասատու՝ Հասմիկ Պետրոսյան) հիացրեց հեղինակավոր ժյուրիին: Արդեն երրորդ տարին է՝ մեր սաները մասնակցում են շվեյցարական Verbier փառատոնին եւ այլն»,- հայտնեց պարոն Կոստանդյանը: Հավելեց նաեւ, որ առաջին կիսամյակի ավարտին դպրոցում հաշվետու համերգներով արդեն հանդես են եկել սաներից բաղկացած կոլեկտիվները՝ սիմֆոնիկ նվագախումբը (դիրիժոր՝ Ռ. Ասատրյան), երգչախումբը (խմբավար՝ Մ. Ավթանդիլյան), ջութակահարների անսամբլը (ղեկավարներ՝ Ա. Աճեմյան, Է. Լալայան) եւ առանձին համերգով՝ տարբեր բաժինների լավագույն աշակերտները:

09.12.14-5239shelkunchik

Շեփորահար Դանիել Մելքոնյանը:

Տնօրենը նշեց, որ 75-ամյա դպրոցի պատմության ընթացքում առաջին անգամ ստեղծվել է պատանի երաժիշտներից բաղկացած հայ-ֆրանսիական կամերային նվագախումբ: «Այս տարի դպրոցում հյուրընկալվել էր Ֆրանսիայի Ռոման քաղաքի մասնագիտական երաժշտական դպրոցի տնօրեն Մարի լա Կրուանը: Բանակցությունների ընթացքում մենք հրավեր ստացանք 2015-ի հոկտեմբերին լինել Ռոմանում, ծանոթանալ իրենց ուսումնական պրոցեսին: Երկկողմանի այս կապը կդառնա ավանդական: 2015թ. մեր դպրոցի սաներից եւ ֆրանսիացի պատանի երաժիշտներից բաղկացած կամերային նվագախումբը Ռոմանում հանդես կգա 4 համերգով՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Ծրագրում ընդգրկված կլինեն միայն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ»,- ասաց տնօրենը:

Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում մրցույթներին, չէ՞ որ մասնագիտացված դպրոցում երեխաներն արդեն ծանրաբեռնված են, Մարտուն Կոստանդյանը պատասխանեց. «Անկեղծ ասած՝ ես կողմնակից եմ փառատոներին մասնակցությանը, բայց աշակերտն արդեն պատանի հասակից մասնակցելով արտերկրյա մրցույթների՝ նա՛խ զգում է մեծ պատասխանատվություն, քանի որ երկիր է ներկայացնում եւ հետո՝ տեսնում է, որ նույն այդ երկիրն է իրեն աջակցում՝ մասնակցելու արտերկրյա միջոցառումներին»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031