Լրահոս
Օրվա լրահոսը

Անցած տարվա երկու պատերազմները

Դեկտեմբեր 24,2014 12:00

Կցանկանա՞ն արդյոք գերտերությունները դրանք կանգնեցնել

Անցնող տարում աշխարհում տեղի ունեցող կարեւոր իրադարձությունների շարքում, ցավոք, բացասական երեւույթները գերակշռում էին։ Եվ ամենաբացասականն, իհարկե, 2014 թվականին բռնկված երկու պատերազմներն էին՝ մեկը՝ Մերձավոր Արեւելքում, մյուսը՝ Ուկրաինայում։

Մերձավոր Արեւելքում լարվածությունը պահպանվում է տասնամյակներ շարունակ՝ իրավիճակը մերթ թեժանում է, մերթ՝ փոքր-ինչ հանդարտվում։ Սրացումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Միացյալ Նահանգները, ի շարունակություն «արաբական գարունների», որոշեց տապալել Բաշար Ասադի ռեժիմը։ «Գունավոր հեղափոխություն» Սիրիայում հնարավոր չէր իրականացնել՝ Ասադի ձեռքերը լիովին ազատ են՝ նման փորձերը դաժանորեն ճնշելու առումով։ Մնում էր զինված պայքարը։ Բայց դա էլ երկսայր զենք է՝ քո կողմից զինված խմբավորումները կարող են անվերահսկելի դառնալ։ Ինչը եւ տեղի ունեցավ Սիրիայում եւ Իրաքում։

Պատերազմը Մերձավոր Արեւելքում կարող է կանգնեցնել Միացյալ Նահանգները՝ համագործակցելով տարածաշրջանի պետությունների, այդ թվում՝ Իրանի, ինչպես նաեւ քրդերի հետ։ Եթե ԱՄՆ-ը նա դա չի անում, ուրեմն նա ցանկանում է ահաբեկել ոչ միայն տարածաշրջանը, այլեւ, մասնավորապես, եվրոպացիներին, որպեսզի վերջիններս շարունակեն կարծր դիրք զբաղեցնել Ռուսաստանի հետ հարաբերություններում։
Այդպիսով՝ անցնող տարվա մի պատերազմը կապվում է մյուս պատերազմի հետ։ Ի տարբերություն Մերձավոր Արեւելքի՝ Ուկրաինայում իրավիճակը խորհրդային եւ հետխորհրդային տասնամյակների ընթացքում խաղաղ էր։ Այն կշարունակեր խաղաղ մնալ, եթե Ռուսաստանը հանգիստ նայեր «Արեւելյան գործընկերությանը» ընդհանրապես եւ հատկապես դրան Ուկրաինայի մասնակցությանը։

Կրեմլը, սակայն, դա ընկալեց այնպես, որ իրենից ցանկանում են «խլել» ավանդաբար իր ազդեցության տակ գտնվող տարածքները։ Այդ զարգացումները կանխելու համար Ռուսաստանը կոպտորեն միջամտել է հարեւան երկրի ներքին գործերին՝ լրջորեն զինելով իրեն հավատարիմ ստորաբաժանումները եւ ուղարկելով այնտեղ սեփական զինծառայողներին։

Այդ պատերազմը, բնականաբար, ի վիճակի է կանգնեցնել միայն Ռուսաստանը։ Բայց այստեղ խնդիր, այնուամենայնիվ, կա։ Այս մի քանի ամսվա ընթացքում երկու ժողովուրդներն այնքան են թշնամացել, որ ռուսամետ զինյալներին զինաթափելուց եւ ռուսաստանցի զինծառայողներին դուրս բերելուց հետո Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի բնակիչներին կարող է վտանգ սպառնալ։

Միջին Արեւելքում շարունակվող պատերազմը նախ՝ սպառնում է այնտեղ ապրող հայերի անվտանգությանը։ Երկրորդ՝ ծայրահեղ իսլամական եւ թուրքական գործոնների ուժեղացումը կարող է ընդհանրապես փոխել ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում՝ մանավանդ հաշվի առնելով Ռուսաստան-Ադրբեջան, Ռուսաստան-Թուրքիա սիրախաղերը։ Այդ փոխված իրավիճակում Ադրբեջանը, շատ հնարավոր է, ակտիվանա շփման գծում։

Ուկրաինայի շուրջ դիմակայությունը վտանգավոր է մեզ համար նրանով, որ Ռուսաստանը կարող է Հայաստանին «զոռել» միանալ Արեւմուտքի դեմ իր պատժամիջոցներին եւ ընդհանրապես վարել հակաարեւմտյան, հակաուկրաինական քաղաքականություն։ Ասենք՝ քվեարկել միջազգային ատյաններում այնպես, ինչպես Ռուսաստանն է հրահանգում։ Այդ դիմակայության զուտ տնտեսական վնասների մասին՝ ԵՏՄ-ի ու այլ միջազգային կառույցների (օրինակ՝ Առեւտրի համաշխարհային կազմակերպության) հակասությունների համատեքստում, կարելի է շատ խոսել։

Շատ կուզենայի լավատեսական կանխատեսում անել եւ ասել, որ այդ երկու պատերազմները 2015 թվականին կավարտվեն։ Բայց լավատեսության համար, ցավոք, այստեղ քիչ հիմքեր կան։

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել