Գորիսի նստավայրում դեկտեմբերի 23-ի դատական նիստում շարունակվեց Թուրքիայի քաղաքացի Օսման Ուղուրլու և Վրաստանի քաղաքացի Ավթանդիլ Մատեաշվիլու գործով դատական հերթական նիստը: Դրան ներկա չէր ամբաստանյալ Ավթանդիլ Մատեաշվիլու պաշտպաններից Թեհմուրազ Մայսուրաձեն: Թեև ամբաստանյալը դեմ էր դատական նիստը շարունակելուն և պահանջում էր այն շարունակել 2015-ի հունվարի վերջին, սակայն դատարանը գտավ, որ պաշտպանը իր հիվանդության վերաբերյալ ոչ մի փաստաթուղթ չի ուղարկել, ուստի նրա բացակայությունը անհարգելի է և այն խոչընդոտ չէ նիստը շարունակելուն:
Սակայն այստեղ էլ ամբաստանյալը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց, գտնելով, որ մեղադրողն անաչառ չի եղել, կանխակալ վերաբերմունք ունի գործի ելքի նկատմամբ, իսկ նիստի ժամանակ կատարված թարգմանությունը եղել է անորակ: Դատավոր Դավիթ Գրիգորյանը թե` նիստերի ժամանակ, երբ հարցնում էի` թարգմանությունը հասկանալի է, ինչու էիք այո պատասխանում: «Լավ մտածեցի և տեսա լավ չեմ հասկացել: Լավ չեմ հասկացել նաև մեղադրողի վերջին խոսքերը»,-ասում է Ավթանդիլը: Իսկ վերջին խոսքեր ասելով, Ավթանդիլը նկատի ունի մեղադրողի միջնորդությանը, որով ամբաստանյալներին սպասվում է համապատասխանաբար 20-18 տարվա ազատազրկում:
Դատական նիստը ընդմիջվում է մի քանի րոպեով: Խորհրդակցական սենյակում ամբաստանյալի միջնորդությունը քննարկելուց հետո դատարանն այն մերժեց:Սկսվում է վիճաբանական ճառի փուլը: Առաջինը հանդես է գալիս Օսման Ուղուրլու պաշտպանը: Նա ասում է, որ Օսմանն իրեն մեղավոր չի ճանաչում, չի իմացել, որ թաքստոցում թմրանյութ կա և այլն: Իսկ ճառի վերջում ասում է, որ Օսմանը փոշմանել է իր արածի համար, ներողություն է խնդրում Հայաստանի կառավարությունից, հայ ժողովրդից: Դատավոր Դավիթ Գրիգորյանը խոսքը տալիս է Օսմանին: «Ինձ մեղադրում են մի ապրանքի վաճառքի համար, որի հետ ես կապ չունեմ: Ես հանցագործ չեմ: Թուրքիայի հատուկ ծառայությունները նույնպես կարող են հաստատել, որ այդ ապրանքը իմը չէ: Խնդրում եմ արդարացի որոշում կայացնել»:
Ավթանդիլի հայ պաշտպանը` Հրաչ Հակոբյանը, պաշտպանական իր ճառում ասում է, որ մեղադրանքը ենթադրությունների հիման վրա է նաև կայացվել: Օրինակ, նշվում է, որ Ավթանդիլը չի պատրաստել թաքստոցը, բայց նա կարող է տեղյակ լինել թաքստոցի մասին և այլն: Ավթանդիլն իր մայրենի լեզվով չի գրել ցուցմունքը և այլն:
Դեկտեմբերի 23-ի նիստով չավարտվեց 860 կգ հերոին տեսակի թմրանյութի գործով դատավարությունը: Այն կշարունակվի դեկտեմբերի 27-ին:
Նշենք, որ այս տարվա հունվարի 17-ին Երևանում ձերբակալվել է Թուրքիայի քաղաքացի Օսման Ուղուրլին: Նա իր ձեռնարկության սեփականությունը հանդիսացող մեքենայի վարորդ էր ընտրել Վրաստանի քաղաքացի Ավթանդիլ Մատեաշվիլուն: Թուրքիայի քաղաքացիներ, եղբայրներ Մուստաֆա և Իսմայիլ եղբայրների թմրանյութը նրանք Հայաստանով, ապա Վրաստանով և Ուկրաինայով պետք է հասցներին Եվրոպա: Սակայն Մեղրու անցակետում մեքենան զննման ենթարկելուց, մաքսավորները նկատեցին, որ մեքենայի թաքստոցում օտար մարմին կա: Երևանում կատարված փորձաքննությունից պարզվեց, որ այն հերոին տեսակի թմրանյութ է: Իսկ այդ թմրանյութը բարեհաջող կերպով Եվրոպա հասցնելու համար Օսմանը կստանար 100 հազար դոլար:
Ալվարդ ՄԵՍՐՈՊՅԱՆ