«Թվում էր, թե Վիկտոր Համբարձումյանի մահից հետո աստղագիտությունը կանգ կառնի, սակայն 35 միջազգային օլիմպիադաներում հայերի հաղթանակները թույլ են տալիս պնդելու, որ աստղագիտությունն ունի զարգանալու հեռանկար: Այլ հարց է, որ միջազգային օլիմպիական դափնիների արժանացած երիտասարդների մի մասն իր գործունեությունն արտերկրում է ծավալում»,- ասում է «Վիկտոր Համբարձումյանի հետնորդները» կրթական բարեգործական հիմնադրամի տնօրեն, Վ. Համբարձումյանի աշակերտ Ռոբերտ Սարգսյանը:
Հաջողություններն այս բնագավառում բազմաթիվ են եղել, սակայն կգրանցվե՞ն արդյո՞ք նման արդյունքներ մի քանի տարի հետո: Ռ. Սարգսյանը փոքր-ինչ թերահավատ է, քանի որ, ըստ նրա, աստղագիտության հանդեպ հետաքրքրությունը գնալով նվազում է. «Եթե չորս տարի առաջ աստղագիտություն առարկան դպրոցներում դասավանդվում էր բարձր դասարաններում, ապա այսօր դրա ուսուցումը կատարվում է միայն միջին դասարաններում, այն էլ՝ ֆիզիկայի հետ միասին»,- մտահոգվում է Վ. Համբարձումյանի աշակերտը:
Նա կարևորում է աստղագիտության՝ որպես առանձին առարկայի ուսուցումը ոչ միայն 10-11-րդ դասարաններում, այլև առարկայի պատշաճ դասավանդումը բուհերում:
Մտահոգվում է նաև մարզերի երեխաների՝ գրեթե անտեսված լինելու համար. «Օլիմպիադաների մասնակցում են հիմնականում երևանյան դպրոցների աշակերտները, իսկ մարզերի երեխաներն աչքաթող են արված»,- ասաց Ռ. Սարգսյանը և հավելեց, որ «Վ. Համբարձումյանի հետնորդները» կրթական բարեգործական հիմնադրամը պատրաստվում է շրջել Հայաստանի տարբեր մարզերում և երեխաների մեջ հետաքրքրություն արթնացնել դեպի աստղագիտությունը:
Կարդացեք նաև
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանն էլ ասաց, որ Բյուրականի աստղադիտարանում երիտասարդների ու պատանիների համար անցկացվում են տեղական և միջազգային դպրոցներ՝ ամեն կերպ փորձելով պատանիների ու երիտասարդների շրջանում սեր սերմանել դեպի աստղագիտություն առարկան, քանի որ, նրա խոսքով, քիչ չեն այն երեխաները, որոնք պատանեկության տարիներին նվաճում են բարձունքներ, սակայն հետագայում խուսափում են աստղագետ դառնալուց. «Դա, կարծում եմ, նաև մեր՝ գիտնականներիս բացթողումն է,- ասում է աստղագետը.- չենք հետևում երեխաների զարգացման ընթացքին և չենք կարողանում ապահովել մեր շարունակականությունը: Մենք ունենք բարձր մակարդակի աստղադիտարան, սակայն չկա այն միջավայրը, որտեղ կարող են ծնվել աստղագետներ»:
Նորաստեղծ «Վ. Համբարձումյանի հետնորդները» կրթական բարեգործական հիմնադրամը ծրագրերի մի փաթեթ է մշակել, որի իրականացման համար ակնկալում է միջազգային կազմակերպությունների աջակցությունը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ