«Հայաստանի համար կենսական նշանակություն է իր համար ռազմավարական նշանակություն ունեցող կենտրոնների հետ հարաբերությունների պահպանումը եւ խորացումը, որոնցից մեկը Եվրամիությունն է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը
Նա կարեւոր է համարում Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների վերսկսումը: Ըստ նրա՝ այն հանգամանքը, որ Հայաստանը վերսկսում է բանակցությունները Եվրամիության հետ նոր համաձայնագրի ստորագրման շուրջ, ցույց է տալիս, որ Եվրոպայի համար Հայաստանը՝ որպես երկիր, չի կորցրել իր կարեւորությունը. «Դա ամենեւին էլ իշխանությունների արժանիքների կամ եվրոպական հայացքների համար չէ, այլ պարզապես Եվրոպան ինքն է կարեւորում: Թեպետ հանուն արդարության Հայաստանի ցանկացած իշխանություն պետք է, որ հասկանա, որ դա մեր անվտանգության համար չափազանց կարեւոր է, հետեւաբար՝ ինչ-որ մի մակարդակի պահպանումը ուղղակի անհրաժեշտություն է»:
Ստեփան Սաֆարյանը նկատեց, որ քննարկվելու է մի փաստաթուղթ, որի անվանումը դեռ ընտրված չէ. «Երբեմն այն անվանում են Ասոցացման համաձայնագիր «light», այսինքն՝ մեղմ տարբերակ, որոշ դեպքերում հնչում է համագործակցության եւ գործընկերության համաձայնագիր գումարած տարբերակը: Ինչ էլ, որ լինի այն ենթադրում է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ արդեն իսկ անցյալում ձեռքբերված հարաբերությունների մի փոքր ավելի խորացում»:
Հիշեցնենք, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը «Արմենպրես» գործակալությանն ասել է. «Հայաստանը վերսկսում է բանակցությունները Եվրամիության հետ նոր համաձայնագրի ստորագրման շուրջ, որում առավելագույնս պահպանելու է Ասոցացման համաձայնագրում բանակցված բոլոր այն նորմերը, ինչը որ հնարավոր է և ինչը չի հակասում ԵՏՄ-ին հայաստանիանդամակցությանը»: Ըստ նրա՝ արդեն իսկ որոշված են այն հիմնական ուղղությունները, որոնցով Հայաստանը կխորացնի կապերը Եվրամիության անդամ պետությունների հետ:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ