Այսօր ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը ամփոփեց մրցաշրջան 2015-ը:
Նրա խոսքերով, 2014 թվականը լավ տարի էր, որի ընթացքում Հայաստանի մարզիկները գերազանց մրցելույթներ ունեցան միջազգային ասպարեզներում: «Դուք գիտեք, որ ՀԱՕԿ-ը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում ոչ միայն բարձր նվաճումների, այլեւ առողջ ապրելակերպի եւ օլիմպիական գաղափարների տարածման ոլորտում: Եվ դրա գնահատականները տվեցին Հայաստան ժամանած ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախն ու ԵՎՕԿ-ի նախագահ Պատրիկ Հիկեն: Դա ապացուցեց, որ ՀԱՕԿ-ը ճիշտ ուղու վրա է եւ նրա աշխատանքները գնահատվում են նաեւ արտերկրում:
Տարին հագեցած էր: Սկսեմ Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերից, որը երկակի էֆեկտ ունեցավ: Մենք առաջին անգամ բոլոր մարզաձեւերին մասնակցեցինք վարկանիշ ձեռք բերած մարզիկներով, ինչը Հայաստանի համար ձեռքբերում է: Իսկ ընդհանուր առմամբ, եթե խոսելու լինենք բարձր նվաճումների մասին, ձմեռային մարզաձեւերում դեռ ահռելի աշխատանք ունենք կատարելու:
Երկրորդ կարեւոր ստուգատեսը Նանկինի պատանեկան օլիմպիական խաղերն էր, որին մասնակցած Հայաստանի օլիմպիական հավաքականը գոնե ինձ համար ամենահամախմբվածը եւ ամենաուժեղն էր, որ մենք երբեւէ ունեցել ենք օլիմպիական խաղերում: Մեր 14 մարզիկներն էլ վարկանիշով էին մեկնել Չինաստան, որոնցից յոթը մեդալ նվաճեցին: Մենք հրաժարվել էինք սպիտակ քարտերից, քանի որ պրակտիկան ցույց է տալիս, որ եթե մարզիկը վարկանիշ չի նվաճել, բարձր արդյունքների մասին խոսելն արկածախնդրություն է: 2-ական ոսկի ու արծաթ եւ 3 բրոնզ: Շատ բարձր արդյունքներ են, թեեւ դրանք կարող էին ավելի լինել: Նանկինում մենք երկու խնդիր ունեցանք: Սպորտային մարմնամարզիկ Վիգեն Խաչատրյանը վնասվածք ստացավ եւ դրա պատճառով, մենք երկու մեդալ կորցրինք: Երկրորդը բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանի չորրորդ տեղն էր, որից ակնկալիքներն ավելի մեծ էին: Բայց վստահ եմ, որ Անուշը իր բացթողումը կշտկի եւ կապացուցի, որ դա պատահականություն էր», – ասաց ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ