Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ալավերդյանը՝ Արմեն Աշոտյանին. «Նախարարությունը մեզ հետ հարցը չի քննարկել»

Դեկտեմբեր 23,2014 21:47

Ամփոփիչ ասուլիսում Կրթության եւ Գիտության նախարար Արմեն Աշոտյանը Aravot.am-ի հարցին պատասխանելով, անդրադարձել էր  «Ունիսոն» հ/կ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանի այն դիտարկմանը, թե մեր  կրթության ոլորտի պաշտոնյաները սխալ պատկերացում ունեն ներառականության գաղափարի մասին, որովհետեւ ներառական կրթություն ասելով, հասկանում են միայն կրթական հաստատության մուտքի մոտ դրված թեքահարթակը: Նախարարն էլ ասել էր, որ ներառական կրթության փաթեթը մշակվել է հենց հաշմանդամության հարցերով զբաղվող  հ/կ-ների օգնությամբ, եւ ինքը տարակուսած է, որ նրանք չեն կարողանում միմյանց հետ աշխատել:

Այս առիթով «Ունիսոն» հ/կ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանն Aravot.am-ին ասաց. «Ես կարող եմ վստահաբար ասել, որ «Ունիսոնի» հետ այդ հարցերը երբեք չեն քննարկվել Կրթության նախարարության կողմից, երբեք չենք մասնակցել նման հայցեակարգերի մշակմանն ու միջոցառումներին: Իմ տեղեկություններով, նաեւ «Անկախ կյանքի հայկական ցանցի» կազմակերպությունների հետ եւս չի քննարկվել: Իսկ այդ ցանցի մեջ մտնում են այնպիսի առաջատար կազմակերպություններ, ինչպիսիք են «Փյունիկը», «Փրկությունը», Հայաստանի խուլերի միավորումը, Հայաստանի կույրերի միությունը եւ այլն: Ես կարող եմ ենթադրել, որ որոշ հ/կ-ների հետ եղել են  քննարկումներ, բայց ոչ մեզ հետ, կրկնում եմ, չի եղել:

Երկրորդ, նոր օրենքների, ծրագրերի մասին չեմ ուզում առայժմ կարծիք արտահայտել, մինչեւ չտեսնենք ինչքանո՞վ կիրառական կլինեն ու ոչ ձեւական այդ ծրագրերն ու համակարգը: Ամեն դեպքում ողջունելի է ԿԳ նախարարության այդ մոտեցումը, որ ներառական կրթությունը ոչ միայն թեքահարթակ է, այլ ամբողջ համակարգ: Եվ  երբ մենք քննադատություն ենք հնչեցնում, խոսքը վերաբերում է ներկայումս գործող ներառական դպրոցներին, որտեղ շատ հաճախ, եթե չասենք միշտ, մեծամասնության մեջ չկան սուրդո մանկավարժներ, այլ մասնագետներ, չկան պայմաններ կույր երեխաների համար, չկան հարմարեցված սանհանգույցներ՝ սայլակով տեղաշարժվող երեխաների համար: Այդ իմաստով մենք գտնում ենք, որ համակարգը արդյունավետ չի գործում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031