Վրաստանի վերաբերյալ Եվրոպական Խորհրդարանի կողմից վերջերս ընդունված բանաձևում հատուկ ուշադրություն է դարձվում երկրում մարդու իրավունքների խախտումների հետ կապված հարցերին: Չնայած բանաձևի ընդհանուր բնույթին` այնտեղ անմիջական տեքստով ասվում է, որ Վրաստանում գոյություն ունեն որոշակի խնդիրներ` կապված իսլամաֆոբիայի հետ… «Վրաստանը իր վրա վերցրած միջազգային պարտականությունների շրջանակներում պետք է գործող քայլեր իրականացնի իսլամաֆոբիայի և հոմոֆոբիայի դեմ ուղղված պայքարի համար»:
Այն կապակցությամբ, որ Եվրոպական Խորհրդարանը իսլամաֆոբիան նշել է` որպես Վրաստանում գոյություն ունեցող խնդիր, Վրաստանում ապրող ազգային փոքրամասնությունների խնդիրները պարբերաբար լուսաբանող վրացական «Ֆրոնտնյուզ» հրատարակչությունը որոշել է հետաքրքրվել Թբիլիսիի ԲՈՒՀ-երում սովորող մուսուլման ուսանողներից, թե ինչպես են իրենք զգում իրենց վրացական հասարակությունում: Հարգելի ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում Դիանա Մուսելյանի «Վրաց մուսուլմանները. Ինձ համար ցավոտ է, երբ ինձ հարցնում են`արդյոք վրացի՞ եմ» հոդվածը:
Սութխան. 23 տարեկան. Քիստին (այդպես են անվանում Վրաստանում ապրող չեչեններին –խմբ.): «Պանկիսյան կիրճում ավագ սերունդը համոզված է, ոտ ստացած կրթությունը, մեկ է, անհնար է օգտագործել: «Ո՞վ թույլ կտա, որ քիստիները ինչ-որ պաշտոն զբաղեցնեն…», -ասում են ավագները: Ավագ սերնդի նման տրամադրությունները որոշակիորեն ազդում են կրտսեր սերնդի վրա: Մինչդեռ երիտասարդության մի մասն, այնուամենայնիվ, տրամադրված է կրթություն ստանալ: Վերջին ժամանակներս Պանկիսյան կիրճում սկսել են ավելի շատ հարգել նրանց, ովքեր կրթություն են ստացել:
Ես անձամբ խնդիրներ չեմ ունեցել ուսում ստանալիս և աշխատանք փնտրելիս: Իմ ծագումը և կրոնը ինձ ոչ մի անգամ չեն խանգարել… Կարծում եմ, որ և քիստինները, և երկրի մյուս բոլոր բնակիչները ունեն նույն սոցիալական բնույթի խնդիրները: Չեմ կարող ասել, որ ես իմ հանդեպ զգում եմ խտրական վերաբերմունք: Իհարկե, լինում են առանձին դեպքեր, բայց ես դա գնահատում եմ որպես տեղական,արհեստականորեն ստեղծված իրողություն և ոչ թե որպես մասշտաբային խտրականության երևույթ:
Կարդացեք նաև
Մզկիթից մինարեթի հանելը, Մոխե գյուղում մզկիթի պատկանելության առթիվ վեճը, Քոբուլեթիի դեպքը… Այդ ամենը արհեստականորեն ստեղծված բախումներ են: Ես շատ ուրախացա, երբ սոցցանցերում քրիստոնյաները սկսեցին պաշտպանել մեզ այդ հարցում: Շատ քրիստոնյաների համար բռնության նման փաստերը ևս անընդունելի են:
Մյուս կողմից խտրականության նման երևույթները շատ հաճախ ձեռնտու են արմատական մուսուլմաններին: Ինձ շատ հաճախ են ասել. «Տեսնո՞ւմ ես` ինչ են անում քո ընկեր վրացիները»:
Եղել են տարբեր դեպքեր… Հիշում եմ` մեզ հետ սովորում էր մի քիստին աղջիկ: Նա լավ չէր խոսում վրացերեն: Նա Պանկիսիից էր, և ինչպես գիտեք, եթե քո շուրջը վրացախոսներ չկան, ապա շատ դժվար է լեզուն սովորել… Բայց նա շատ էր ուզում սովորել լեզուն: Հասկանալի է, նա չէր կարողանում ազատորեն շարադրել իր մտքերը վրացերենով: Նա այդ պատճառով խնդիրներ ուներ համալսարանում: Բայց խնդիրներ ոչ թե ուսանողների հետ, այլ դասախոսների: Կար մի դասախոս, որն անընդհատ նախատում էր նրան, որ նա չի խոսում վրացերեն: Նա նաև նախատում էր նրան, որ շալ էր կրում… «Դու ապրում ես Վրաստանում և այստեղ չպետք է կրես քո շալերը», -անընդհատ ասում էր նրան դասախոսը…
Շատ ցավալի էր նման արտահայտություններ լսել… Ագրեսիան պատասխան ագրեսիա է ծնում: Բոլորը դա պետք է հասկանան: Ինտեգրացիայի խնդիրներ ունեն նաև ադրբեջանցի ուսանողները: Հիմնական խոչընդոտն էլի լեզուն է…
Էլի մի դեպք եմ հիշում… Վերջին ժամանակներս մեր կիրճ էին եկել ինչ-որ մարդիկ, որոնք հաճախ հետապնդում են մարդկանց ըստ կրոնական կամ ազգային խտրականության, և պահանջում էին, որ քիստինները լքեն Վրաստանը: Մենք շփվեցինք նրանց առաջնորդների հետ և բացատրեցինք, որ Վրաստանը ինչպես նրանց համար, մեզ համար ևս հայրենիք է… Ոնց որ թե նրանք հասկացան մեզ: Ասացին, որ «սիրում են քիստիններին»: Բայց միաժամանակ ոչ մի կերպ չեն կարող հաշտվել մեր կրոնի հետ: Ստացվում է, որ նրանք «սիրում են» մենակ ուղղափառ քիստիններին…
Կարծում եմ, որ այդ բոլոր խնդիրները հնարավոր է լուծել: Պետությունը և համապատասխան մարմինները պետք է անեն իրենց գործը. Պետք է աշխատեն այդ ուղղությամբ: Այդ տեղական խտրականության երևույթները ինձ չեն ստիպի ատել վրացիներին…
Երիտասարդության շրջանում արմատականության ցուցաբերումը ցածր ինտելեկտի նշան է: Եղել են դեպքեր, երբ ես ծանոթներիս ետ միասին գնացել եմ մզկիթ և լսել մոլլայի քարոզը: Հետո մենք դուրս ենք եկել մզկիթի շենքից և հասկացել, որ ես և իմ ծանոթները հասկացել ենք մոլլայի քարոզը տարբեր կերպ: Մի բան էլ կասեմ: Ես չեմ հասկանում «իմ մուսուլման եղբայր» արտահայտությունը… եղել են դեպքեր, երբ ադրբեջանցին և վրացին վիճել են ինչ-որ հարցի շուրջ: Երբ ես մտնում էի իրավիճակի մեջ և հասկանում, որ վրացին է ճիշտ, ես նրան էի պաշտպանում: Այդ պատճառով իմ ազգակիցներն ինձ հաճախ նախատում էին: Նրանք ասում էին` «դու պետք է ադրբեջանցու կողմից լինեիր: Չէ՞ որ նա մուսուլման է…» Ես նրանց ասում էի, որ մեր կրոնը տարբերում է ազգությունները, իսկ Դուք ինչո՞ւ եք փորձում միավորել ամեն ինչ: Նրանք ինձ ասում էին «այդպես գրված է Ղուրանում»… Բայց Ղուրանում նման բան չկա գրված»:
Ֆաթիմա, 18 տարեկան, քիստին. «Առանձնապես խնդիրներ չկան: Շատ հաճախ ես հանդիպում եմ չիմացության, չհասկացության հետ: Այդ խնդիրը ձևավորվել է ԶԼՄ-ների սխալ աշխատանքի և այլ գործոնների պատճառով: Շատ հաճախ իսլամներին ասոցացնում են ահաբեկիչների հետ: Նրանք պատկերացնել անգամ չեն կարող, որ մեր աղջիկները հաճախ իրենց ցանկությամբ են ամուսնանում… Ամենաշատը խնդիրներ եղել են դպրոցում: Հիմա, երբ շփվում եմ մեծահասակների, ուսանողների հետ, խնդիրներ գրեթե չկան: Ես կրում եմ խիջաբ» (մուսուլմանական շալ -խմբ.) բայց խնդիրներ դրա պատճառով չկան: Ավելին, երբ Քոբուլեթիում բախում տեղի ունեցավ, ես մեծ աջակցություն զգացի իմ համակուրսեցիների կողմից: Ինձ համար դա շատ հաճելի էր»:
Զեմիլխան, 25 տարեկան, չեչեն. «Այսօր մենք վիզա ստանալու խնդիր ունենք: Եվ այդ հարցն անհրաժեշտ է լուծել: Երբ մենք հարց ենք տալիս, մեզ չեն պատասխանում: Կարծում եմ, որ նրանք ուղղակի պատասխան չունեն: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ եմ եկել ձեր երկիր: Ես այլընտրանք չունեի: Ես եկա, որպեսզի ոչ ոք ինձ համար ավելորդ խնդիրներ չստեղծի… Ուղղակի, երբ խոսում եմ ռուսերեն, մարդիկ միանգամից լարվում են, իսկ երբ ասում եմ, որ չեչեն եմ, իմ հանդեպ վերաբերմունքն անմիջապես փոխվում է»:
Թամարա, 21 տարեկան, մուսուլման Աջարիայից. «Ցավոք, վերջին իրադարձությունները խոսում են այն մասին, որ կրոնական հարկադրությունները և թշնամությունը Վրաստանում սրվել են: Կարծում եմ, որ խնդիրը հասարակության տգիտության մասին է: Բացի այդ ստեղծված իրավիճակը իրենց շահերի համար են օգտագործում որոշակի քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Ինձ մոտ եղել են դեպքեր, երբ ինձ` ազգությամբ վրացուհուս, բայց հավատքով մուսուլմանիս, հարցրել են` «արդյո՞ք ես վրացի եմ»: Դա իմ հանդեպ ծայրահեղ անհարգալից վերաբերմունքի ցուցաբերում էր: Մինչդեռ ուղղափառ համակուրսեցիներիս հետ ես հիանալի հարաբերությունների մեջ եմ…»:
Վրաստանի Հայ Համայնք