«Եվրոպայի հետ բանակցությունները տեխնիկական խնդիրների վերաբերյալ են»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանի հայտարարությանը, թե Հայաստանը վերսկսում է բանակցությունները Եվրամիության հետ նոր համաձայնագրի ստորագրման շուրջ, ասաց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Նա նշեց, որ չի կարծում՝ այդ բանակցությունների ընթացքում ինչ-որ կոնկրետ ձեւաչափ է քննարկվելու, այսինքն՝ ըստ նրա՝ չի քննարկվելու, թե Եվրամիություն-Հայաստան հարաբերությունները ինչ անուն են կրելու. «Ըստ իս դա կարեւորագույն հարցն է, քանի որ հարաբերությունների խորությունը եւ նրանց հեռանկարները պայմանավորված են հենց ձեւաչափով եւ կարգավիճակով»:
Բորիս Նավասարդյանը համարում է, որ Հայաստանի՝ Եվրամիության հետ հարաբերությունները կարող են օրինակ ծառայել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների համար, քանի որ նման հարաբերություններ այդ երկրները, բացի Ռուսաստանից, չունեն. «Իմ պատկերացմամբ՝ Ռուսաստանը փորձելու է խանգարել ցանկացած քայլերի, որոնք միտված են լինելու Եվրամիության եւ Հայաստանի հարաբերությունների իրական խորացմանը, եւ նրանց կարգավիճակի բարձրացմանը: Բայց Ռուսաստանը, իհարկե՛, չի խանգարելու Եվրամիության՝ Հայաստանին ֆինանսական աջակցություն ցուցաբերելուն եւ ոչ առաջնային խնդիրների ոլորտներում համագործակցությանը, քանի որ հասկանում է, որ Հայաստանն ունի լուրջ տնտեսական խնդիրներ, եւ Ռուսաստանը, իր այսօրվա դրությամբ, այդ խնդիրները լուծել չի կարող: Միգուցե Ռուսաստանի կողմից ավելի կառուցողական, ավելի խելամիտ քաղաքականության դեպքում Հայաստանի բանակցությունները եւ հարաբերությունները Եվրամիության հետ կարող են որպես օգտակար նախադեպ ծառայել»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ