«Արտագաղթը, աղքատությունը, սովը, կարելի է ասել, վախի մթնոլորտը. այս ամենը ստիպեց մեզ ոտքի կանգնել, կանգնել ժողովրդի կողքին և ասել՝ ժողովուրդ մենք ձեր կողքին ենք, ինչպես 88-ին, երբ այս տղաները, հրամանատարները մեկնեցին Արցախ և ազատագրեցին այն»,- այսօր ազատամարտիկների տարեվերջյան ասուլիսի ժամանակ ասաց Դաշինքի խորհրդի անդամ, գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանը:
Ըստ նրա, իրենց օրակարգային առաջին խնդիրը մնում է երկիրը այս վիճակին հասցրած իշխանություններից ազատվելու հարցը. «Որից հետո ազատամարտիկները պատրաստ են պաշտպանելու Հայաստանի քաղաքացիների սահմանադրական իրավունքները՝ ունենալու օրինական, ընտրված նախագահ՝ առանց կաշառքի, ուժի, կեղծիքների կիրառման: Բազմիցս հարցնում են, բա ո՞վ է լինելու նախագահը, այսօր ասում եմ նախագահ կլինի այն մարդը, որը կլինի ժողովրդի կողքին և արդյունքում անօրինականությունները կվերանան, ամեն ինչ կարվի, որ մեր երկիրը սարքենք երկիր»։
Հետո նա դժգոհեց, որ Իշխանությունների նպատակն է՝ ազատամարտիկներին հանել իրար դեմ. «Բայց սադրանքների չպետք է գնանք, չպետք է պիտակավորենք միմյանց: Մենք գիտենք՝ ով ինչ է արել, որտեղ է կռվել, մենք մեկս մյուսիս ճանաչում ենք: Պատերազմը դեռ ավարտված չէ, մենք նորից նույն խրամատներում ենք հայտնվելու՝ կողք կողքի»:
Մի ուրիշ ազատամարտիկ էլ, անդրադառնալով իրենց հասցեագրված քննադատությանը, թե ազատամարտիկներն ինչ գործ ունեն քաղաքականության հետ, ասաց. «Էս երկրի գլխին սպիտակ եղեռն է կախված, ոնց ոտքի չկանգնենք: Ո՞վ կարող է ասել մեզ մի խառնվեք քաղաքականությանը»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ