Լրահոս
Օրվա լրահոսը

Այն մասին, թե ինչպես Չինարիի կողպված ու հոսանքից զուրկ մշակույթի պալատում՝ թշնամու կրակոցների ներքո դիտեցին «Գարեգին Նժդեհ» ֆիլմը (Տեսանյութ, ֆոտոշարք)

Դեկտեմբեր 23,2014 19:56

2013 թվականին, երբ ամեն օր կրակոցներ են հնչել հայ-ադրբեջանական սահմանագծում, «Գարեգին Նժդեհ» ֆիլմի ռեժիսորն ու ողջ ստեղծագործական անձնակազմը մեկնել են Տաուշի մարզի Չինարի գյուղ՝ ցուցադրելու ֆիլմը: Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի մենեջեր Տիգրան Վիրաբյանը, որն այդ ֆիլմի գծային պրոդյուսերն է, Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, թե ինչ մեծ դժվարությամբ է այդ ֆիլմը ցուցադրվել Չինարիի՝ կրակոցների ենթարկված ու 60-70-ական թվականներից կողպված մշակույթի տանը:

Chinari 5943_492195614167645_1640646448_n DSC_5553 DSC_5494 DSC_5533

 

«2013 թվականին պարոն Քեշիշյանի հետ սկսեցինք «Գարեգին Նժդեհ» ֆիլմի հայաստանյան ցուցադրությունները, գիտեք որ ֆիլմը ցուցադրվեց ոչ միայն Երևանում, «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոններում, այլև Հայաստանի ողջ տարածքում ու նաև Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում: Կար հստակ որոշում, որ ֆիլմը պետք է ցուցադրենք նաև Հայաստանի սահմանամերձ գյուղերում, Լեռնային Ղարաբաղի սահմանամերձ բնակավայրերում: Շատ հետաքրքիր պատմություն էր Չինարիում ֆիլմի ցուցադրությունը: Ի դեպ, ցուցադրությանը ներկա էր ֆիլմի գրեթե ողջ ստեղծագործական խումբը, 5-6 ժամ ճանապարհ անցանք, և էդ շրջանը չափազանց լարված էր. ամեն օր կրակոցներ էին տեղում, հակառակորդը նորից ակտիվացել էր, ամեն դեպքում որոշված էր, որ ֆիլմը պիտի ցուցադրվի: Ստեղծագործական խումբը մի քանի ժամ ուշ տեղ հասավ տեխնիկական սպասարկող խմբից:

Առաջին անգամ, երբ փորձեցինք բացել այսպես ասած մշակույթի պալատի դռները, մտնել կինոդահլիճ, գյուղապետն ասաց, որ 60-70-ական թվականներից հետո էս դահլիճը չի բացվել: Էնտեղ չկային մինիմալ պայմաններ, չկար լույս, որ գոնե կարողանայինք համապատասխան տեխնիկան միացնեինք, բայց կար մեծ ոգևորություն, որ իրենց գյուղում ֆիլմ են ցուցադրելու: Առաջին բանը, որն անմիջապես տեսա «Վրիժառու» ֆիլմի ցուցապաստառն էր, որը 70-ականներին էր ցուցադրվել: Գյուղի բնակիչների մեջ կային 20-25 տարեկան երիտասարդներ, որոնք մեծ էկրան բառիս բուն իմաստով չէին տեսել, մեծ էկրանով ֆիլմ չէին տեսել: Գյուղի բոլոր բնակիչները այնպես էին ոգևորվել, որ սկսեցին մաքրել մշակույթի պալատի աթոռները, ու ֆիլմի ստեղծագործական ու տեխնիկական անձնակազմը գյուղացիների օգնությամբ կողքի տնից փորձեցին տրայնիկներով լույս բերել՝ եկար լարերով: Ահավոր պայմաններով դահլիճ էր, նույնիսկ վտանգավոր էր ֆիլմ ցուցադրել: Երբ էկրանին երևաց «Պան Արմենիան մեդիա» ֆիլմի լոգոն, թռչող արծիվը հայտնվեց էկրաններում, սկսվեցին սուլոցները, բացականչությունները, ոտքի էին կանգնել երեխաները, որովհետև առաջին անգամ տեսնում էին 12 մետր լայնությամբ էկրան՝ բարձր ձայն և հրաշալի պատկեր», -պատմում է Տիգրան Վիրաբյանը:

Ըստ մեր զրուցակցի, ամբողջ գյուղը հավաքվել էր «Գարեգին Նժդեհ» ֆիլմը նայելու, դահլիճում իրարանցում էր, մարդիկ փորձում էին իրենց ձեռքի տակ եղած տեխնիկայով նկարել հետաքրքիր դրվագները ու տանել տուն՝ պապիկ-տատիկներին ցույց տալու: «Մեր ընկերներից մեկը, լինելով գյումրեցի, չկորցրեց հումորի զգացումը, ասեց՝ ապ ջան, եթե էսօր ադրբեջանցիները Չինարիից մտնեն Հայաստան, ոչ մեկը խաբար չի լինի, որովհետև էսօր սաղ գյուղն եկել է Նժդեհը նայելու»: Չեմ կարող բառերով նկարագրել, թե ոնց անցավ էդ 3 ժամը, էլի եմ կրկնում, որ կրակոցների շրջան էր, ու էդ ոգևորությունը, էդ պատերազմի տեսարանների նկատմամբ ռեակցիան աննկարագրելի էր…Հայրենիքը պահպանելու կտորները լցված աչքերով տեսնելով՝ ամեն մեկը իրեն պատկերացնում էր Նժդեհի զինվորներից մեկը: Հենց էդպես էլ կա, Հայաստանը սկսվում է էդ տարածքներից, և այնտեղի յուրաքանչյուր բնակիչ զինվոր է: Ապրելով առաջնագծում՝ նրանք ամեն ինչ անում են, որպեսզի մեր սահմանները անառիկ մնան»,-ասում է Տիգրան Վիրաբյանը:

Ըստ մեր զրուցակցի, Չինարիի բնակիչներին տեսնելով՝ իրենք մեկ անգամ ևս համոզվել են, որ հային իր հողից արմատախիլ անել հնարավոր չէ: Ստեղծագործական խումբը, ներքին հոգու պարտք զգալով, հաճախակի է այցելում սահմանամերձ գյուղեր: Տիգրան Վիրաբյանի ասելով, այս բնակիչներին չպետք է հիշել միայն այն ժամանակ, երբ  սահմանին լարված իրավիճակ է, այլ պետք է հիշել խաղաղ պայմաններում, ու ամեն մեկը Ջերմուկ, Ծաղկաձոր, Դիլիջան այցելելու փոխարեն գոնե մեկ անգամ պետք է այցելի Չինարի, Ներքին Կարմրաղբյուր, Մովսես: «Ես վստահ եմ, որ էն հոգու հանգստությունը, որ կունենաք էդ ընթացքում, շատ ավելին է, քան էն ֆիզիկական հանգստությունը, որ վայելում եք հանգստյան տներում»,- համոզված է Գյումրու թատրոնի մենեջերը:

Նշենք, որ 4 օր առաջ Չինարիում ցուցադրվեց «Սուպեր մամա» ֆիլմը, սակայն այս անգամ, ըստ Տիգրան Վիրաբյանի, այն ցուցադրվեց գերժամանակակից, նոր մշակույթի պալատում:

Մանրամասները՝ տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031