Լրահոս
Օրվա լրահոսը

«100 տարի… Իրական պատմություններ». հայեր, որոնց փրկել են թուրքերը

Դեկտեմբեր 23,2014 19:20

Ցեղասպանությունը վերապրած հայերի մեջ կան մարդիկ, որոնց կյանքը փրկվել է թուրք հարևանի, ընկերոջ կամ մեկ այլ ականատեսի կողմից: Եվ ահա, հարյուր տարի անց, Ցեղասպանությունը վերապրածների ժառանգները պատմում են, թե ինչպես են իրենց նախնիներին փրկել թուրք հարևանները կամ ընկերները:

Շուրջ հինգ տասնյակ իրական պատմություններ, առանց բովանդակային խմբագրման, մեկտեղվել են «100 տարի… Իրական պատմություններ» խորագրով գրքում, որի հայերեն և անգլերեն տարբերակների շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր, իսկ թուրքերեն տարբերակի շնորհանդեսն օրերս կայացել է Ստամբուլում:

Պատմությունները հավաքագրվել են «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության (ՀԿ) և «Արմեդիա» տեղեկատվական, վերլուծական գործակալության ուժերով՝ Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության երկրների նախարարության օժանդակությամբ՝ «Թուրքը, որ փրկեց ինձ» ծրագրի շրջանակներում:

«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ ղեկավար Կարեն Բեքարյանն այսօր՝ գրքի շնորհանդեսի ժամանակ ասաց, որ այս նախաձեռնության նպատակներից մեկը մոռացության չտալն է այն լավությունը, որ այդ տարիներին արվել է հայերի համար՝ անկախ նրանից՝ լավություն անողը թո՞ւրք է եղել, թե՞ մեկ այլ ազգի ներկայացուցիչ:

Կ. Բեքարյանը տեղեկացրեց նաև, որ Թուրքիայում ծրագրի գործընկեր Tursu.tv production-ի ջանքերով այս իրական պատմությունները թուրքերենով հրապարակվել են թուրքական 8 խոշոր լրատվամիջոցներում՝ Taraf, Zaman, Radikal, Demokrat haber, Evrensel, Bianet, Yurt, T24:

«Բնականաբար, շատ դժվար էր լրատվամիջոցներին համոզելը, որ Ցեղասպանությունը վերապրածների ժառանգների պատմություններն առանց փոփոխության հրապարակեն»,- ասաց Tursu.tv production-ի ղեկավար, IMC TV խմբագիր, T24 ամսագրի սյունակագիր Արիս Նալջնը, որը նույնպես մասնակցում էր շնորհանդեսին: Նրա խոսքով՝ լրատվամիջոցներն սկզբում չեն ցանկացել այդ պատմությունները տպագրել այն տեսքով, որով իրենք ներկայացրել են, և ցանկացել են խմբագրական փոփոխությունների ենթարկել. «Սակայն մենք պնդեցինք, որ ոչինչ չպետք է փոխվի, այսինքն՝ եթե գրված է Արևմտյան Հայաստան, Ցեղասպանություն և այլն, ապա այդպես էլ պետք է մնա: Ի վերջո, մեզ հաջողվեց Թուրքիայի հեղինակավոր լրատվամիջոցներում անփոփոխ հրապարակել այդ պատմությունները: Այնպես որ, անհնարին ոչինչ չկա»,- ընդգծեց Ա. Նալջնը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031