Տավուշի մարզի Չինարի գյուղի մանկապարտեզի պատին առկա են ադրբեջանական գնդակների բազմաթիվ հետքեր: Գյուղապետ Սամվել Սաղոյանն ասաց, որ գյուղի վերեւի բարձունքներում, ադրբեջանական հենակետերում մշտապես դիրքավորված են ազերի 2 դիպուկահար:
Այս տարվա հունիս-հուլիս ամիսների ադրբեջանական զինուժի գնդակոծություններից հետո համայնքի ավագանու որոշմամբ գյուղի մանկապարտեզը կարճ ժամանակով փակվեց: Ս. Սաղոյանի խոսքերով՝ պետական բյուջեի միջոցներով. «Գեղամի» ՍՊԸ-ի կառուցած պաշտպանիչ պատը մեծապես նպաստում է չինարեցիների անվտանգությանը: 160մ երկարությամբ, 220 սմ բարձրությամբ պատը պաշտպանում է մանկապարտեզի ճանապարհի, գյուղի վերին թաղամասի բնակիչների շարժի անվտանգությունը: Այդ թաղից դպրոց է հաճախում 32 երեխա: Պատն ապահովում է նաեւ գյուղի գերեզմանատան ճանապարհի անվտանգությունը: Անվտանգություն նկատառումներով ձեւափոխվել են Չինարիի դպրոցի դասասենյակների, մանկապարտեզի ննջասենյակների պատուհանները:
Կարդացեք նաև
Ս. Սաղոյանը վստահեցնում է , որ չինարեցիներն ոգով ամուր են, պինդ են կանգնած սահմանագոտում: Նա երախտագիտությամբ է նշում Չինարիին աջակցողներին: ՄԱԿ-ի ՓՄՁ աջակցության ծրագրով Չինարիում տեղադրվել են 6մ լայնության, 20 մ երկարության 10 ջերմոցներ : «Սահման» բարեգործական հիմնադրամը 6 ընտանիքի նվիրաբերել է 6մ լայնության, 16 մ երկարության ջերմոցներ: «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը արդեն 3 տարի աջակցում է Չինարիին: Ազերիների գնդակոծությունների հետեւանքով այս տարի գյուղում ցորենի բերքի կորուստ եղավ: «Դիակոնիան» գյուղին նվիրաբերել է 15 տոննա ալյուր,ամեն ընտանիքի՝ մի պարկ: «Դիակոնիան» Չինարիի բոլոր երեխաներին, ինչպես նաեւ որոշ հաշմանդամ չափահասների, նվիրաբերել է ձմեռային բարձրորակ հագուստ եւ կոշիկներ: Այն ձմռանը ,ամեն ամիս, Չինարիի յուրաքանչյուր ընտանիքի տրամադրում է մեկ արկղ տարատեսակ սնունդ: Բարեգործական հիմնադրամը ամռանը գյուղի երեխաներին, 3 հերթափոխով,հանգստանալու է տանում «Գուգարք» ճամբար:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ