Այսօր ՀՀ Կոտայքի մարզի դատարանում կայացվեց արդարացման դատավճիռ: Շուրջ 3 տարի կալանքի տակ գտնվող ամբաստանյալ Նոյ Մուսայելյանը ճանաչվեց անմեղ ու ազատ արձակվեց դատարանի դահլիճից:
Նոյ Մուսայելյանի պաշտպանությունն իրականացնում էին ճանաչված փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը (լուսանկարում):
Ն.Մուսայելյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասով և 235 հոդվածի 1-ին մասով ՝ավազակային հարձակում և ապօրինի զենք պահելու համար:
Դատաքննության արդյունքում գնահատելով հետազոտված ապացույցները, մեղադրող դատախազն այսօր հրաժարվեց մեղադրանքից` Նոյ Մուսայելյանի արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Կարդացեք նաև
Երվանդ Վարոսյանը Aravot.am-ին ասաց, որ նշեց, որ բարձր է գնահատում այս գործով դատախազության դիրքորոշումը, գտնում է, որ դատախազության կողմից ի վերջո շատ ճիշտ գնահատվեցին գործում առկա ապացույցները և արդյունքում մեղադրող դատախազը հանգեց ճիշտ հետևության: Փաստաբանի խոսքերով, ինքը հույս ունի, որ այլ քրեական գործերով ևս դատախազությունը կցուցաբերի նման կշռադատված ու հիմնավորված մոտեցում:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ