Հաշմանդամության նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն է պետք, ինչը հնարավոր է անել հաշմանդամության բժշկական մոդելից հաշմանդամության սոցիալական մոդելին անցումը: Երբ բժշկական մոդելով ենք առաջնորդվում, ապա խնդիրը մարդու մեջ է. այն պետք է ուղղել, բուժել, կամ առանձնացնել, երբ երկիրը սոցիալական մոդելով է առաջ շարժվում, խնդիրը դիտարկվում է մարդու իրավունքների դաշտում:
Այսօր, Կոնգրես հյուրանոցում «Հույսի կամուրջ» հ/կ-ի կողմից կազմակերպված «Լսելի դարձնել հաշմանդամության ձայնը. հզորացնել նրանց իրավունքների եւ շահերի պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի ամփոփման ժամանակ այսպիսի դիտարկումներ արեց փորձագետ Հասմիկ Ղուկասյանը:
Նա ու եւս երկու փորձագետ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի վավերացմամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանը նպաստող օրենսդրական հիմքերի մոնիտորինգ էին կատարել:
Կարդացեք նաև
Քննարկմանը ներկա էր նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվով կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Պաշտոնական ելույթից հետո, Արտեմ Ասատրյանն ասաց, որ գործեր ունի եւ հեռացավ: Տեսնելով նախարարը գնում է, անմիջապես վեր կացավ եւ նախարարին կրնկակոխ հետեւեց նաեւ Ռուզաննա Մուրադյանը: Մինչդեռ այս ուսումնասիրությունը, մասնավորապես` ուղղված էր պետական կառույցներին:
Հասմիկ Ղուկասյանն ասաց, որ մեր երկրում հաշմանդամության մասին վիճակագրությունը թերի է. չկա կրթական համակարգում հաշմանդամություն ունեցող անձանց, կրթությունից դուրս մնացողների, աշխատանք ունեցողների, հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների թվաքանակը, հաշմանդամություն ունեցող անձանց եկամուտի աղբյուրները, չափը, հարմարեցված կառույցների եւ տրանսպորտի տեսակարար կշիռը:
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ՄԱԿ-ի կոնվենցիան Հայաստանը վավերացրել է 2010 թվականին: Ըստ Հասմիկ Ղուկասյանի, Կոնվենցիան վավերացնելն առնվազ նշանակում է այդ փաստաթղթով ստանձնած պարտավորությունները բարեխիղճ կատարելու պետության պարտավորություն: Ըստ նրա կոնվենցիայով ստանձնած հիմնարար պարտավորություններից մեկն այն է, որ ազգային օրենսդրությունը պետք է երաշխավորի կոնվենցիայում նշված իրավունքների ապահովումը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ