Սյունիքի մարզում երեկ գիշերվանից ձյուն է տեղում: Այս պահին էլ մարզի բարձրադիր գոտիներում ձյան տեղումները դեռ շարունակվում են` ձնախառը քամու ուղեկցությամբ: Մարզի Սիսիանի տարածաշրջանում` «Զանգեր» կոչվող հատվածում, այսօր արդեն ճանապարհատրանսպորտային խցանում էր տեղի ունեցել` մարդատար եւ բեռնատար մեքենաների բախումից:
«Սիսիանի ճանշին» ՍՊԸ աշխատակից Աշոտ Առաքելյանի խոսքով` ընկերության աշխատակիցները գիշերվանից աղ ու ավազով մշակում են ճանապարհը: «Մեր ընկերության աշխատակիցների կողմից նշված հատվածում իրականացվել են ճանապարհի մշակման աշխատանքներ: Ես դեպքի վայրում էի, բեռնատար մեքենա էր խցանվել, քանի որ անվադողերը լրիվ մաշված էին, իսկ նման անվադողերով այս եղանակին ճանապարհ չի կարելի գնալ` հատկապես եթե քարշակով բեռնատար մեքենա ես քշում», -ասաց Աշոտ Առաքելյանը` հավելելով, որ ճանապարհը բաց է եւ երթեւեկելի տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Այժմ էլ ընկերության աշխատակիցները շարունակում են ճանապարհի մաքրման ու մշակման աշխատանքներ կատարել, ձյան շերտն այդ հատվածում հաստ չէ:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ