Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը հանդիպել է քաղաքապետարանի ենթակայության դպրոցների այն ուսուցիչների հետ, ովքեր օրացուցային տարվա ընթացքում բարձր մակարդակով կազմակերպել են մի շարք կրթամշակութային միջոցառումներ, իսկ նրանց սաներն աչքի են ընկել առարկայական օլիմպիադաներում, թեմատիկ մրցույթներում:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով ներկաներին մասնագիտական ձեռքբերումների համար՝ քաղաքապետի տեղակալը նշել է, որ դպրոցներում լավ աշխատանքը իհարկե նախ բանիմաց տնօրեններով է պայմանավորված, սակայն արդյունավետ դասապրոցես կազմակերպելու տեսանկյունից մեծ դերակատարում ունեն նաև դասավանդող ուսուցիչները:
Անդրադառնալով մեր պետական տոնացույցում առկա տոների և հիշատակի օրերի կապակցությամբ կազմակերպված միջոցառումներին`Արամ Սուքիասյանն ընդգծել է, որ դրանք եղել են բազմաթիվ ու բազմաբովանդակ, ինչի համար իր երախտիքի խոսքն է հղել մանկավարժներին:
Քաղաքապետի տեղակալը նաև նշել է, որ 2015 թվականը ավելի հագեցած կլինի միջոցառումներով, հաշվի առնելով նաև Հայոց Ցեղասպանության 100—րդ տարելիցը և հորդորել ուսուցիչներին թեմատիկ միջոցառումների հիմքում դնել հայոց պետականություն ունենալու գաղափարը:
Կարդացեք նաև
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` մանկավարժները վստահեցրել են, որ մեծ գիտակցումով ու պատասխանատվությամբ կշարունակեն իրենց աշխատանքը`մատաղ սերնդին նոր գիտելիքներով զինելու ու ազգային հայրենասիրական դաստիարակություն սերմանելու համար:
Արամ Սուքիասյանն էլ Երևանի քաղաքապետի անունից վստահեցրել է, որ քաղաքապետարանն այսուհետ ևս կանի հնարավորինը՝ դպրոցներին և մանկավարժներին համակողմանի աջակցություն ցուցաբերելու համար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն