2014թ. ծրագրում արված և իրականացված առաջարկներից մեզ համար սկզբունքային են եղել հետևյալները՝ ավագանու առցանց հեռարձակման նախագծի ընդունումը, Երևանի ենթակայության հանրակրթական դպրոցների ֆինանսական գործունեության թափանցիկությունն ապահովող ֆինանսական փաստաթղթերի առկայությունը Երևանի կայքում, Կենտրոնի թ. 1 մանկապարտեզը երեխաներին վերադարձնելը, Էրեբունի վարչական շրջանի ազատամարտիկների այգին ամբողջությամբ էրեբունցիներին հանձնումը:
2015թ. բյուջեում արել ենք 17 առաջարկություն, որոնցից ընդունված 4 առաջարկներից կարևորում ենք Կենտրոն վարչական շրջանի թ.15 մանկապարտեզում երկու նոր խմբի ֆինանսավորման վերաբերյալ առաջարկի ընդունումը, որտեղ առավել մեծ թվով հերթագրված երեխաներ կան:
Ընդունվել են նաև մի քանի հասցեներում այգիների և մարզադաշտ հիմնելու, ինչպես նաև որոշ փողոցների ասֆալտապատման առաջարկները: Սակայն 2015-ի բյուջեում անհասկանալի ձևով մերժվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքում գործող Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի «Կրթական պարտեզ» հրաշալի առաջարկը, որը մեծ ծախսեր չակնկալելով և դառնալով երեխաների համար օրինակելի հեծանվահրապարակ, պատիվ կբերեր քաղաքապետարանին և մեր քաղաքին:
Մեր հաջորդ առաջարկը՝ մանկապարտեզների փոքրերի խմբում ավելացնել դայակի հաստիք, որի կարիքը մեծ է հատկապես ծանրաբեռնված խմբերում և երեխաներն առավել կարիք ունեն անհատական հոգատար վերաբերմունքի ու խնամքի, չընդունվեց, այլ խոստացան նման հանձնարարական տալ այն մանկապարտեզների տնօրեններին, որտեղ ֆինանսավորումը թույլ կտա, սակայն կանխավ ասեմ, որ այն դժվար իրականանա:
Կարդացեք նաև
Առաջարկել էինք անվտանգության ցանցով շրջափակել այն կամուրջների բաց կողերը, որտեղից մարդիկ ինքնասպանության են դիմում կամ փորձ են կատարում, մերժվել է;
Նշենք, որ 2015-ի բյուջեում 2014-ի համեմատ պակաս են ֆինանսավորվել մի քանի ծրագրեր, որոնց ֆինանսավորման չափն անցյալ տարի խիստ քննադատվեց հասարակության և մեր կողմից՝ օրինակ՝ դրոշների, թափառող շների վնասազերծման վերաբերյալ: Սա լավ է, սակայն ՀՀ պետական դրոշների քարտեզագրման վերաբերյալ ինտերակտիվ քարտեզում մարտից ոչ մի նշում չկա դրանց փոփոխության մասին, ուրեմն կարելի է եզրակացնել, որ մարտից ոչ մի դրոշ չի փոխվել, իսկ ո՞ւր են գնացել նախատեսված գումարները:
Հարցերի հարցը մնում է՝ թե որքանո՞վ է արդյունավետ ծախսվում բյուջեն, որովհետև չի ապահովվում բյուջեի ծախսերի թափանցիկությունը, գնման գործընթացներում չափազանց կասկածելի փաստեր կան, չի բացառվում «ատկատ»- ը, իրականացված սոցիալական, տոնական ծրագրերի ծախսերի հաշվետվողականություն պարզապես չկա:
Վերահսկիչ պալատի հաշվետվությունները նույնպես փաստում են որոշ ծրագրերի գծով Երևանի բյուջեի ծախսման անարդյունավետության և անվերահսկելիության մասին:
Չնայած մեր որոշ առաջարկներ ընդունվել են, 2014-ի որոշ առաջարկներ էլ կյանքի են կոչվել, սակայն բյուջեի մասին մեր դիտարկումները փաստում են, որ ծախսերի հաշվետվողականության հետ կապված լուրջ վերահսկողության անհրաժեշտություն կա, դրանց կիրառման մեխանիզմները փաստաթղթում չեն երևում , հետևաբար 2015թ. թե զարգացման ծրագրին, թե բյուջեին «Բարև Երևան» խմբակցությունը ձեռնպահ է քվեարկել, հայտարարելով, որ օրենքով սահմանված ավագանու վերահսկողական լիազորությունների շրջանակներում շարունակելու է ծառայել երևանցիներին:
Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան»
խմբակցության ղեկավար