ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդները դեկտեմբերի 23-ին Մոսկվայում անցկացված գագաթնաժողովի ընթացքում 22 փաստաթուղթ են ընդունել: Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Տաջիկստանի նախագահները հավանության են արժանացրել համատեղ հայտարարությունը, 19 որոշումներ և 2 արձանագրություններ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«ՀԱՊԿ պետությունների ղեկավարների հայտարարության մեջ մտահոգություն է արտահայտված ահաբեկչության ահագնացող վտանգի, Կենտրոնական Ասիայում ծայրահեղական տրամադրությունների աճի նկատմամբ, ընդգծված է Ուկրաինայում խաղաղություն հաստատելու և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը, այսինքն՝ ամրագրված է տարածաշրջանային առանցքային հարցերի նկատմամբ ունեցած դիրքորոշումը», – ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Այլ փաստաթղթերից նա նշել է «ՀԱՊԿ Խորհրդի որոշումը՝ առաջադրանք կատարելիս ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի պատրաստվածության ստուգումը, Խորհրդի որոշումը՝ ՀԱՊԿ հավաքական օդային ուժերի վերաբերյալ, ՀԱՊԿ անդամ երկրների հակաահաբեկչական ռազմավարության վերաբերյալ Խորհրդի որոշումը, Խորհրդի որոշումը ՝ արտակարգ իրավիճակների դեպքում կոլեկտիվ արձագանքման հիմնական ուղղությունների և միջոցառումների ծրագրի շուրջ»:
Խորհուրդը որոշում է ընդունել նաև «Համակարգչային միջադեպերի արձագանքման ՀԱՊԿ խորհրդատվական և համակարգող կենտրոնի վերաբերյալ»: Արձանագրություններից մեկը կապված է «տեղեկատվական ոլորտում հանցավոր գործողություններին հակազդելու» հետ, մասնավորապես, նախատեսվում է մշտական հիմունքներով իրականացնել տեղեկատվական ոլորտում հանցավոր գործողությունները կանխելու ՀԱՊԿ «ՊՐՈԿՍԻ»-ի գործողությունը:
Կարդացեք նաև
ՀԱՊԿ պետությունների ղեկավարների հայտարարությունը
«Մենք՝ ՀԱՊԿ պետությունների ղեկավարներս, նշում ենք Լեռնային Ղարաբաղի խնդրի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինակի խմբի համանախագահների միջնորդությամբ միջազգային իրավունքի և սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթների՝ մասնավորապես ուժի կիրառման բացառմանը կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառմանը վերաբերողներին, պետության ամբողջականության, իրավահավասարության և ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա այդ խնդրի աշխատանքները շուտափույթ ավարտելու կարևորությունը», – ասված է դեկտեմբերի 23-ին Մոսկվայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքում ընդունված համատեղ հայտարարության մեջ:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ