Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նոր հրդեհի վտանգ Մարզահամերգային համալիրո՞ւմ

Դեկտեմբեր 23,2014 15:55

ԴԱՀԿ ծառայության կողմից կայացվել է ակտ, որի համաձայն ՀՀ  ֆինանսների նախարարությունը եւ պաշտպանության նախարարությունը ի պահ են վերցնում Մարզահամերգային համալիրի անշարժ գույքից բացի նաեւ շարժական գույքը: Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում այս տեղեկատվությունը հայտնեց Մարզահամերգային համալիրի նախկին սեփականատիրոջ ներկայացուցիչ Կորյուն Գրիգորյանը:

Ըստ Կորյուն Գրիգորյանի՝ այս տարվա սեպտեմբերի 12-ին այն հասարակական կազմակերպությունները, որոնք ունեին գույք մարզահամերգային համալիրում, դիմել էին ԴԱՀԿ ծառայությանը, որպեսզի իրենց հնարավորություն տրվի գույքը ետ վերցնել ՄՀ-ից. «Դիմումները մնացին անպատասխան»:

Կորյուն Գրիգորյանի ներկայացմամբ՝ այդ գույքը ոչ միայն պահում են, այլեւ շահագործում. «Բազմիցս ասել եմ, որ նման պահվածքն անընդունելի է, սա օրենքի խիստ խախտում է: Ոչ միայն ուղղակի օգտագործում են, այլեւ գրդոն են անում: Իրենց մոտ հնարավորություն է բացվել անօրինական ճանապարհներով շահագործել շենքը եւ ստանալ եկամուտ»: Կորյուն Գրիգորյանը վստահ է, որ շահագործողը ոչ այնքան Ֆինանսների նախարարությունն է, որքան Պաշտպանության նախարարությունը:

Ւսկ թե ինչպես են եկամուտ վաստակում նախարարությունից, Կորյուն Գրիգորյանը տեղեկացրեց, որ արդեն 2015 թվականի հունվարի 3-ին, 4-ին, 5-ին եւ 7-ին միջոցառումներ են կազմակերպվել: Մինչդեռ, ըստ բանախոսի, այդ միջոցառումների համար չկա իրավական հիմք ՄՀ-ն վարձակալելու համար. «Քանի որ բանալիներն իրենց ձեռքում է, այն օգտագործում են այնպես, ինչպես ուզում են»:

Այնուհետեւ ասուլիսին Կորյուն Գրիգորյանը ներկայացրեց մի փաստ, որը, ըստ նրա, կարող է նոր հրդեհի պատճառ հանդիսանալ. «Սահադաշտի սառույցը պետք է շահագործել, սակայն սառույցի ագրեգատները համապատասխան կերպով անջատված չեն: Կարելի է ասել, որ ագրեգատը վնասված է, սակայն այն շարունակում են աշխատեցնել ֆրեոն գազի միջոցով: Ու հիմա առանց տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի թույլտվության եւ տեղյակ պահելու, իրենք ինչ-որ չակերտավոր մասնագետների միջոցով փորձում են ագրեգատը վերանորոգել: Ֆրեոն գազը պայթյունավտանգ է, իսկ չաշխատող ագրեգատի պարագայում հրդեհի վտանգը մեծանում է»:

Բանախոսը հեգնանքով նշեց, որ ինչպես նոյեմբերի 17-ի միջոցառման ժամանակ, երբ այրվում էր շոգեբաղնիքը, այս անգամ էլ սառույցն է սկսելու պայթել, քանի որ ֆրեոն գազը պայթյունավտանգ է. «Եթե անցյալ միջոցառման ընթացքում հրդեհի հավանականությունը շատ փոքր էր, ապա այս անգամ պայթյունը կարող է իրոք տեղի ունենալ»:

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031