«2014 թվականի օգոստոսին տեղի ունեցավ փորձ՝ ստուգելու մեր վճռականությունը, մեր կամքը»,- այսօր՝ դեկտեմբերի 23-ին, «Փաստարկ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:
Նրա խոսքերով՝ այդ գործողությունների արդյունքում՝ հայ ժողովուրդը տեսավ, որ կարեւոր է նաեւ Ռուսաստանի միջամտությունը: Բայց հիմնական գործոնը, ըստ նրա, Հայաստանի զինված ուժերի գործողություններն էին. «Այն փաստը, որ այսօր Հայաստանը մեծ քաղաքական կառույցի ներկայացուցիչ է հանդիսանում, Մոսկվայում արդեն ստորագրում են միացյալ օդային ուժերի վերաբերյալ համաձայնագիրը, սա պետք է փափկեցնի եւ զսպի Ադրբեջանի ախորժակը, նամանավանդ, հաշվի առնելով, որ արեւմտյան երկրներն էլ են փորձում այս խնդիրը քաղաքական միջոցներով լուծել»:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ Գագիկ Հարությունյանը նշեց, որ կարծում է՝ հայկական կողմը ճիշտ է անում, որ հնչեղություն է տալիս այդ տարելիցին, սակայն, ըստ նրա՝ հայկական կողմը մեծ ակնկալիքներ չպետք է ունենա այդ գործընթացից. «Հայ-թուրքական այդ կնճիռը կարող ենք միայն լուծել մեր ուժերի վրա ապավինելու պարագայում: Կարծում եմ՝ դժվար թե թուրքական պատվիրակությունը ժամանի Հայաստան: Միեւնույն ժամանակ այդ քայլը ուղղված էր նրան, որ նրանք չէին գալու, այդպիսով՝ հիմնավորումներ է տալիս նրանց մեղադրելու համար: Եթե անգամ գան, դա շատ բան չի տալու մեզ: Եկան, հետո՞»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ