Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Րաֆֆի Մխչյան. «Ինձ մոտ այն տպավորությունն է,  որ 1993 թիվն է հետ գալիս»

Դեկտեմբեր 23,2014 15:26

«Կենտրոնական բանկը նախատոնական կատակ արեց»,-այսօր «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով դոլար-դրամ փոխարժեքային տատանումներին, այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը:

Հարցին` այժմ, երբ անդամակցել ենք ԵՏՄ-ին`Հայաստանին ի՞նչ է սպասվում, պարոն Մխչյանը պատասխանեց. «Ամենասարսափելին այն է, որ  այդ ամենը մթության մեջ է…շատերն ասում են, թե  ԵՏՄ-ում մենք կարող ենք մրցունակ լինել մեր գինիով, կոնյակով, ոսկերչությամբ, թեթև արդյունաբերությամբ: Բայց մրցունակ լինելը այստեղ բավարար չէ, պետք է մեծ քանակություն ունենալ դրա համար: Իսկ այսօր մենք դա չունենք»:

Պարոն Մխչյանը մտահոգություն հայտնեց, թե մեր արտադրանքը փոքր ծավալների է և սահմանափակ: Այս տեսանկյունից նա ԵՏՄ-ին անդամակցումը համարում է «ավելի շատ քաղաքական ներգրավում»:

2015-ի կանխատեսումներ կատարելով` պարոն Մխչյանը նշեց. «Հաջորդ տարին, համաձայն եմ, դժվար է լինելու տնտեսական վիճակի առումով: Հենց դրա մասին վկայեցին  դոլար-դրամ տատանումները, որի ազդեցությունը զգալու ենք հաջորդ տարի: Ինձ մոտ այն տպավորությունն է, որ 1993 թիվն է հետ գալիս…աշխատատեղեր չեն ստեղծվում և կարծես թե ցանկություն էլ չկա, ոչինչ չեն անում: Դա է վկայում վերջերս սկսված Թեղուտի շահագործումը: Ինչ տալիս են ժողովրդին, նա հնազանդ, խելոք ենթարկվում է»:

Րաֆֆի Մխչյանը նաև ներկայացրեց որոշ վիճակագրական տվյալներ արտահանման ծավալների վերաբերյալ. «Անցյալ տարվա դեկտեմբերի հետ համեմատած այս տարի Հայաստանի արտահանումները 18 տոկոսով անկում են ապրել»: Նա փաստեց, թե այսօր Հայաստանը մեծ արտահանող երկիր չէ: Արտահանումները 3 տեսակի են՝ հանքարդյունաբերական, որը կազմում է արտահանումների 60-65 տոկոսը, թեթև և սննդի արդյունաբերությունը, որը 25-28 տոկոս է կազմում և ծառայության մի մեծ պոտենցիալ՝  IT (ԱյԹի) ոլորտն է:

Կրկին անդրադառնալով ՀՀ Կենտրոնական բանկի գործունեությանը` պարոն Մխչյանն ասաց. «Կենտրոնական բանկի արածը առնվազն նախատոնական կատակ է, քանի որ այդպիսի բան չի լինում: Եթե դրամի արժեզրկումը տեղի ունենար այնպիսի ժամանակահատվածում, որտեղ ռուբլին կայուն էր և արժեզրկված չէր, ապա դա շահավետ կլիներ և այն գյուղացին, որը տնտեսական ապրանքներ էր ուղարկել՝ այսօր կշահեր: Բայց նման բան չեղավ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031