Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արա Զոհրաբյան.«Մենք զինված ստորաբաժանումներ չունենք»

Դեկտեմբեր 23,2014 14:50

«Փաստաբանների նկատմամբ ագրեսիվ պահվածքը միշտ եղել է: Հիմա ամեն մի փոքրիկ բան շատ արագ տեղափոխվում է սոցիալական տիրույթ և ԶԼՄ դաշտ։ Մենք զինված ստորաբաժանումներ չունենք, որոնց կուղարկենք փաստաբաններին պաշտպանելու, մենք լրագրողների նման փորձում ենք խոսքի, ինչպես նաև իրավաբանության միջոցով փաստաբաններին պաշտպանել»,-այսօր իր տարեկան ամփոփիչ ասուլիսում ասաց Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

Ըստ ՓՊ նախագահի, փաստաբանների նկատմամբ բռնությունները պայմանավորված են մի շարք գործոններով, այդ թվում՝ փաստաբանների պահվածքով․ «Ինչո՞ւ, որովհետև փաստաբանը նույնպես պետք է շատ նրբանկատ լինի, որոշակի առումով լուրջ զսպվածություն դրսևորի»:

Փաստաբանների իրավունքները նույնպես պաշտպանության կարիք ունեն: ՓՊ-ում ձեւավորվել է հանձնաժողով, սահմանվել է հանձնաժողովի գործունեության կարգը:

Հանձնաժողովի նպատակն է քննության առնել փաստաբանների մասնագիտական իրավունքների եւ օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված երաշխիքների  խախտման վերաբերյալ փաստաբանների դիմումները, լրատվամիջոցների հաղորդումները:

Արա Զոհրաբյանի տեղեկացմամբ, այս տարի իրականացված ծրագրերի մեջ էր «Սիրիահայերին իրավական աջակցությունը» , որն անվճար էր, եւ նպատակ էր հետապնդել իրավական օգնություն տրամադրել ծանր սոցիալ-հոգեբանական վիճակում գտնվող տեղահանված մեր հայրենակիցներին:

Ի դեպ, սիրիահայերին իրավական խորհրդատվություն է ցույց տրվում նաեւ «Ֆեյսբուքի» միջոցով, այդ նպատակով հատուկ ստեղծվել է խումբ, որին հայտ են տվել հազարավոր սիրիահայեր:

Բացի դա, ըստ պալատի նախագահի, այս տարվա հոկտեմբերին իրավական ուղեցույց լույս տեսավ արեւմտահայերեն, անգլերեն, արաբերեն, արեւելահայերեն, իսկ ձեռնարկի հրատարակմանն աջակից եղավ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակը:

Արա Զոհրաբյանը կարեւորեց «Իրազեկ բանակ» փաստաբանական ծրագիրը, որը ՀՀ պաշտպանության նախարարության եւ Արցախի պաշտպանության բանակի հետ համատեղ մեկնարկել է այս տարվա ապրիլից:

Դասախոսությունները նվիրված են սպա-զինվոր փոխհարաբերություններում ծագող վեճերին, ժամկետային զինծառայողների իրավունքներին, պարտականություններին:Նա ասաց, որ գալիք տարվա համար մտադիր են փոքրիկ ֆիլմ նկարել զինվորների իրավունքներին նվիրված:

Արա Զոհրաբյանը ծրագրերից մեկում առանձնացրել էր նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ աշխատանքներ իրականացնող հանձնախմբի գործունեությունը փաստաբանների պալատում:

Ըստ ՓՊ նախագահի, հանձնախումբը բաց է Ցեղասպանության միջազգային դատապարտման ուղղությամբ աշխատանքներ իրականացնող կառույցների հետ համագործակցության հարցում:

Անդրադարձ եղավ նաեւ պաշտոնական կայքէջին, այցելություններին, ինչպես նաեւ ներքին «ընթերականների էջին», որը հասու է այս դեպքում միայն փաստաբաններին:Մասնավորապես, այդտեղ մուտքագրվում են քննչական գործողություններին մասնակցած ընթերականների տվյալները, էջի փնտրման արդյունքում փաստաբանը կարող է ստուգել , թե արդյոք այս ընթերական մասնակցե՞լ է այլ գործերով նույնպես, այսենք «հաստիքայի՞ն» է, որը մեղմ ձեւակերպում ուներ՝ «մշտական ընթերակա»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031