«Պուտինն անդրադարձավ իր ամենացավոտ հարցերին: ՀՀ-ի հետ փոխհարաբերությունները Ռուսաստանի համար ոչ ցավոտ են, ոչ էլ մտահոգիչ: Դրա համար էլ դրանց չանդրադարձավ»,- Aravot.am-ի հարցին` մի՞թե կարելի էր մոռանալ ռազմավարական գործընկերոջը, քանի որ իր ասուլիսում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անգամ չհիշատակեց ՀՀ-ում գտնվող ռազմաբազան, «Դիալոգ» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսպես արձագանքեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
Այն դիտարկմանը` այս հարցը շատերը կապում են այն հանգամանքի հետ, որ Պուտինը ունի Թուրքիային սիրաշահելու խնդիր, պարոն Հարությունյանն արձագանքեց. «Մենք` հայերս, ձվի մեջ մազ ման գալու մեծ վարպետներ ենք: Չեմ կարծում, թե վաղը չէ մյուս օրը, կամ երբևէ Ռուսաստանը կանգնելու է երկընտրանքի առաջ: Թուրքիան կամ Հայաստանը Ռուսաստանի առջև երկընտրանք չի լինելու»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ