Դեկտեմբերի 20-ից 21-ի լույս գիշերը եւ դեկտեմբերի 21-ից 22-ի լույս գիշերը Վրաստանի մայրաքաղաքում խիտ մառախուղի պատճառով «Ուկրաինական միջազգային ավիաուղիներ» ընկերությանը պատկանող երկու օդանավեր հարկադիր վայրէջք են կատարել Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում:
Երկու օդանավերում էլ եղել են ադրբեջանցի ուղեւորներ. 1-ինում` 24 հոգի, 2-րդում` 13: Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Երկու օդանավերն էլ տարվել են պահուստային օդանավակայան, իսկ ուղեւորները, որոնց մեծ մասը վրացիներ էին, հրավիրվել են «Զվարթնոց» օդանավակայան, քանի որ նախատեսված կարգով նրանք պետք է դուրս գան օդանավից եւ սպասեն բուֆերային գոտում: Երկու չվերթների ոչ մի ուղեւորի հետ որեւէ խնդիր չի եղել: Բոլոր ուղեւորներն ապահովվել են ջերմությունով, սննդով, տաք թեյով, նրանց համար կազմակերպվել է արտարժույթ փոխանակելու հնարավորություն: Միայն երկրորդ օրը ադրբեջանցի չորս ուղեւորներ հրաժարվել են դուրս գալ օդանավից եւ օդաչուների անձնակազմի համաձայնությամբ մնացել են օդանավի սրահում: Այդ չորս հոգու համար մենք հարկադրված ենք եղել հատուկ սարքի միջոցով, որը միացվում է օդանավին, տաքացնել օդանավի սրահը: Արդյունքում, բոլոր ուղեւորները, այդ թվում նաեւ ադրբեջանցի, գոհ ու շնորհակալ մեկնել են Երեւանից: Առաջին օդանավը Երեւանից Թբիլիսի մեկնել է լուսադեմի ժամը 08:00-ին, երկրորդը` 06:00-ին»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ