Համբարձումյան Արեգիկի տունը կռիվ էր ընկել:
– Էխինակոկի բույն է, – ասում էր մայրը:
– Օրը երեք անգամ ով պիտի դուրս տանի, – ասում էր հայրը: – Չտանենք՝ կգժվի:
– Դու փոքր ժամանակ ալերգիա չունեի՞ր, – ասում էր մայրը:
Կարդացեք նաև
– Էս տանը բա մեղք չի՞ փակված մնա, – ասում էր հայրը:
– Տնից հոտ է գալու, – ասաց մայրն ու հեկեկաց:
– Գիտե՞ս ինչ արժի, – ասաց հայրը: – Լավ, ուզում ե՞ս… – մնացածն Արեգիկը չլսեց, հայրը մորը գրկեց, մայրը երեսը հոր ուսի մեջ թաղեց:
– Ծյոմին ասեմ…, – ասաց հայրը, ու մնացածն էլի չլսվեց:
Արեգիկն ավտոների հետ էր խաղում: Շատ չէր խորանում: Գիտեր, իր մուրազն էին քննարկում: «Քանի որ Արեգիկը քույրիկ կամ ախպերիկ չունի, – մի շաբաթ առաջ ասել էր, – ուրեմն խնդրում է շունիկ կամ փիսիկ բերեք: Արեգիկն էլ է ուզում մեծ ախպեր լինել, արդեն չի դիմանում այլ կերպ»:
Առավոտյան հայրն Արեգիկին ասաց, որ վերջինս այսօր նախադպրոց չի գնալու, մայրիկը հիվանդ է: Տարավ Արեգիկին Ամալյա տատի տուն: Դրսում արև էր, քայլում էին արագ:
– Հոյակապ եղանակ է, – ասաց Արեգիկը, – մայրիկը շուտ կլավանա:
– Այո, – ասաց հայրիկը:
Արեգիկին թողեց տատի մոտ, ինքը ետ դարձավ՝ մայրիկին հիվանդանոց տանելու:
– Էսօր տոլմա ենք անելու, հետո միասին «Համլետն» ենք նայելու, – ասաց Ամալյա տատը: – Համլետի հոր ուրվականը տեսե՞լ ես:
Տատը տոլմա էր փաթաթում, Արեգիկն իր սիրած հեքիաթներն էր նայում այփադի վրա: Սկզբում կարմրամաշիկ Մաշայի մասին, հետո՝ որ իշխանը մատը կտրում է, վրան աղ ցանում, որ մռմռա ու ինքը գիշերը չքնի, դևին բաց չթողնի: Արեգը չէր հասկանում, ինչպես կարելի է մի գիշերվա կամ դևի խաթր մի ամբողջ մատ կտրել: Թեկուզև ոչ ամբողջությամբ, թեկուզ ծայրը, ասենք՝ մինչև առաջին հոդը: Հետո ինչպե՞ս պիտի կրակես: Բայց գուցե իշխանը ճկույթն էր կտրում: Հեքիաթը դա չէր պարզաբանում. իշխանի մատը սկզբում կար, հետո ուղղակի կապած էր վիրակապով, իսկ թե ո՛ր մատը՝ արագ մուլտագիրքը ցույց չէր տալիս:
Գնաց տատու մոտ հարցուփորձ անելու: Տատն ասաց, որ «մատը կտրել» նշանակում է դանակով մի փոքր վերք անել: Դա տատի հետ արդեն կատարվել էր սոխ կտրտելիս. ցուցամատը բինտով պինդ փաթթած էր: Արեգը հուզվեց, առաջարկեց օգնել, տատն ուրախությամբ համաձայնեց, Արեգը կոլոլված թթու տերևներն էր խնամքով բացում, դարսում կաթսայի եզրին, տատը տերևը վերցնում՝ տոլման փաթաթում էր, անխոս՝ մրցում էին, ով ավելի արագ կաշխատի՝ Արեգը տերև կբացի թե տատը կփաթաթի, խնամքով կդարսի, գալարաձև, կաթսայի մեջը հարկ առ հարկ, ու համբերատար կսպասի, մինչև Արեգը ևս մեկ տերև բացի-տրամադրի: Անկախ տերևի չափսից՝ տատի տոլմաները համաչափ էին ստացվում, ասես ռոբոտի թխած: Մեկ-մեկ Արեգը տատից առաջ էր անցնում ու հավելյալ տերևներ դարսում կաթսայի եզրին՝ իրար վրա, եթե բախտը բերում էր ու տերևները շատ կոլոլված չէին լինում: Արդար մրցույթ: Թթու դրած տերևի հոտը կալել էր Արեգի քիթը, ուզում էր հում տերև ծամի, տատը թույլ չէր տալիս: Վերջին լցոնը ճշգրիտ հաշվարկով փաթաթեց վերջին տերևի մեջ, կաթսան դրեց կրակին, սեղանին դրեց լավաշ-պանիր, դուռում արեց, տոլմայի բույրով շաղախված, Արեգիկը կերավ:
Եկավ Վրեժ քեռին, տատենց պատշգամբը շուշաբանդ դարձնելու: Շորերը փոխեց, սպիտակ, ժանյակավոր վերնաշապկով դուրս եկավ: «Տեսնու՞մ ես այս վերնաշապիկը, – ասաց, – սա Դամասկոսի իմ տոնական վերնաշապիկն է, տոներին էի հագնում»: «Իսկ այժմ՝ այժմ եմ հագնում», ասաց: Արեգիկը չհասկացավ, շուշաբանդ շարելը տո՞ն էր քեռու համար, Դամասկոսից գալուց հետո այստեղ Վրեժ քեռին ուրիշ վերնաշապիկ չունե՞ր, թե՞ մաշվել էր տոնականը, էլ ափսոս չէր: Միգուցե բոլորը միասի՞ն: Վրեժ քեռին պատմեց, որ իրենց հարևանի կատուն յոթը բալիկ է ունեցել, ու անցավ գործի:
Արեգիկը ցերեկաքուն մտնել կտրականապես հրաժարվեց: Գնաց հեռու սենյակը: Կրտսեր մորաքույրը՝ Վալենտինան, քննության էր պատրաստվում: Նրան խանգարել չէր կարելի, միայն կողքը լուռ նստել: Արեգիկն իհարկե մի քիչ խանգարեց: Վալենտինան լափթոփի էկրանին հետաքրքիր նկար ուներ՝ երեխան, մեծ գլխով, ինչ-որ օղակի միջով էր անցնում, պորտը՝ երկա՜ր, գալա՜ր: «Այս ինչ ես դու ուսումնասիրում», հարցրեց Արեգիկը: Վալենտինան բացատրեց, որ ուսումնասիրում է երեխայի ծնվելը: Արեգիկը հասկացավ, որ երեխան ծնվելուց գլուխ չունի, այդ օղակի միջով անցնելիս՝ գլուխ է ձեռք բերում, գլուխը ձև է ստանում: Որ Արեգիկը չխանգարի՝ Վալենտինան իր զարդերի տուփը դատարկեց հյուրասենյակի բազմոցի վրա, թույլ տվեց Արեգիկին՝ զարդերով խաղալ: Մեջները թիթեռ կար, բզեզ, սկյուռիկ: Եկան Վալենտինայի ընկերուհիները՝ որ միասին քննությանը պատրաստվեն: Վալենտինան նրանց սուրճ հյուրասիրեց սկզբում: Խոհանոցում նստած խմում էին: Արեգը վազելով հյուրասենյակից գալիս էր խոհանոց, զարդերը մեկ առ մեկ բերում ցույց տալիս, հետո այփադը բերեց, ծիածանի միջով անցնող Արեգնազանին ցույց տվեց: Արեգը սիրում էր այդ հեքիաթը: «Արեգիկը եթե աղջիկ ծնվեր՝ անունն Արեգնազան կլիներ», – ասաց: «Մի խանգարիր, աղջիկները պիտի պարապեն», ասում էր տատը, նրա ձեռքից բռնելով ու ետ տանելով հյուրասենյակ: Աղջիկները սակայն չէին շտապում պարապել, շաղակրատում էին, «Ախչի չես վախու՞մ բռոշկեքդ տալիս ես էրեխուն»: «Ինքն Արեգնազան ա, բռոշկա սիրում ա»: «Ախչի նոր հարցնում էր սերվիքսն ինչ ա», ասաց Վալենտինան: Արեգը՝ տատի ձեռից պոկվելով, կրկին վազելով եկավ խոհանոց ու հայտարարեց. «Արեգիկն այժմ գիտի թե երեխայի գլուխն ինչպես է առաջանում. սկզբում երեխան գլուխ չունի, իսկ հետո այն օղակի միջով է անցնում ու գլխի ձև է ստանում»: «Այ տղա, դու բժիշկ ե՞ս դառնալու», ասաց ընկերուհիներից նա՝ ով Արեգին ավելի էր դուր գալիս, մազերը ձիապոչ արած Ալվինան: «Արեգիկը դեռ համոզված չէ», ասաց Արեգիկը:
«Էս ինչ զգայուն երեխայա», ասաց Ալվինան, «Անտեննայա, անտեննա», ասաց Վալենտինան: Հանկարծ դուռը նորից զանգ տվին. հայրն էր վերադարձել:
– Մայրիկն իր Արեգիկին կարոտել է, ուզում է տեսնել, – ասաց հայրը: – Շորերդ հագիր՝ գնանք մոտը:
– Հիմա պիտի շալակես քարշ տաս տանես էնտե՞ղ հասցնես, – ասաց Ամալյա տատն ու շուրթերը սեղմեց: Հետո իրարից անջատեց ու ասաց. – թող զանգ տա էլի:
– Չէ, – ասաց հայրը, – զանգ տալ չի ուզում, ուզում է տեսնել: Գնացինք: Համ էլ ես գործ ունեմ էնտեղ:
– Բա տոլմա՞ն:
– Էլի ետ կբերեմ, ես հետո պիտի էլի գործի գնամ:
Կռացավ ու սկսեց Արեգիկին կոշիկները հագցնել:
– Գոնե առողջ չլիներ ասեի հա, – ասաց Ամալյա տատը:
– Գոնե առողջ լիներ ասեի հա, – ասաց Վալենտինան:
– Մարդ կա տարիներով երազում ա, – ասաց Ալվինան:
– Հիմա էդ արդեն էլ պրոբլեմ չի:
– Ախչի, տարին հիսուն հազար դոլար ա պետք ու տենց՝ մի երեսուն տարի:
– Ախչի հո տանը չի մնալու, ինչ երեսուն, – Վալենտինան ձեռքը տարավ բերանին:
– Որ մենք էդ դոլարը չունեինք բա ոնց էր:
– Ձեր ժամանակ ուրիշ էր, Ամալ մորքուր: Այսինքն ձեր ժամանակն էլ էր նույնը:
– Ախչի մի չափազանցրու, տաս-քսան հազարն էլ ա բոլ:
– Իմ մարմինն ինձ է պատկանում, – ասաց Վալենտինան, – էկեք էդ բաղերը չմտնենք, մարդու իրավունք է:
– Մնում է ասես՝ կույրաղիքի պես բան է:
– Ախչի իսկը ոնց որ կույրաղիք լինի, – ասաց մյուս ընկերուհին, ձեռքերն իրար զարկելով, – կանա՜չ… Կամ՝ կտրած ճկույթ:
– Ախչի գիժ ե՞ս, սուս:
– Ճկույթը չեն կտրում, – ասաց Արեգիկը, – դանակով մի թեթև վերք են անում՝ որ վրան աղ ցանեն գիշերը չքնեն: Որ դևը գա արթուն լինեն:
Հայրն Արեգին գրկեց ու դուրս վազեցին: Տոլմայի բույրը մնաց տատի տանը:
»»
Հիվանդանոցի շենքերից մեկի տակը լիքը մարդ կար, տարբեր հարկերի պատուհաններից խալաթներով կանայք էին նայում, երբեմն՝ մանկիկներ ձեռքներին: Ժխոր էր: Որոշ մանկիկներ աղիողորմ մլավում էին:
– Դու այստեղ ես ծնվել, – ասաց հայրը, շենքի կողքով անցնելիս:
– Արեգիկը հիշում է, – ասաց Արեգիկը, թեև համոզված չէր:
Աղմկոտ շենքը շրջանցեցին: Մյուսի շուրջն ամայի էր: Հայրը հեռախոսը հանեց, զանգահարեց.
– Եկել ենք, – ասաց: – Կարող ե՞ս դուրս նայել:
– Նայիր, – ասաց հայրը, – մայրիկը քեզ բարև է ասում:
Արեգը նայեց վեր՝ բայց շատ բարձր էր նայել, արևը կուրացրեց: Հայրը ձեռքով փորձում էր ուղղությունը ցույց տալ՝ չէր ստացվում, Արեգի հայացքը փախչում էր հարկերի ու պատուհանների վրայով, աչքերին երկու կարմիր լաքա էր նստել արևից, ոչ մի պատուհանում մայրիկ չէր երևում, վերջը նայեց հայրիկի ձեռքի ուղղությանը, մատի երկայնքով հայացքը տարավ, խնամքով արևին նայելուց խուսափեց՝ ու մայրիկին տեսավ չորրորդ հարկի պատուհանում: Մայրիկի հագի խալաթը կարմիր էր, կամ էլի կարմիր լաքան էր Արեգի աչքին պտտվում, թույլ ժպտալով՝ մայրիկը ձեռքով էր անում, հետո շուրթերը շարժեց:
– Ի՞նչ, – ասաց հայրիկը: – Բարձր ասա:
– Էնտեղ եղել ե՞ս , – ասաց մայրիկը:
– Չէ, բայց բերել եմ, – ասաց հայրիկը, – հազիվ հասանք, հեսա միասին կգնանք:
– Արեգիկ ջան ոնց ես, – ասաց մայրիկը:
– Արեգիկը լավ է, – ասաց Արեգիկը խոժոռ: – Գիտես, երեկոյան Ամալյա տատի հետ Համլետի հոր ուռագանն է նայելու: Տոլմա է սարքել:
Հայրիկը հանկարծ դեժավյու ապրեց. թվաց՝ դա ինքն է, իր հոր հետ, շենքի ներքևը կանգնած, լուսամուտից նայող մորն ինչ-որ բան ասում, երբ մայրիկը, տասնյակ տարիներ առաջ, խորհրդավոր պատճառներով հիվանդանոց էր ընկել: Այն ժամանակ մոր հիվանդության առեղծվածը լուծել չէր էլ փորձում, ուղղակի մեջն էր պահել:
Հայրը հանկարծ մի բան հասկացավ ու ոտքերը թուլացան, բայց էլ պարզել հնարավոր չէր, չկային իր ծնողները, հետո՝ ի՛նչ պարզելու բան էր, որ: Ջրհորի պես՝ մի պահ կարծես գլխակորույս թաղվեր ծնողների գաղտնի կյանքի հորձանուտ: Գլուխը պտտվեց: Տղայի ուսիկից մի պահ բռնվեց, հետո իրեն ուղղեց, նայեց վեր:
Մայրը լուսամուտից շուռ եկավ ու կտրուկ անհետացավ: «Գնացինք, – ասաց հայրը: – Մենք գործ ունենք»: Շենքը շրջանցեցին, մտան ընդունարան: Արծյոմ քեռին իջավ. մրրկի պես աշխույժ, բոյով, սիրուն, սպիտակ խալաթով, գանգուր գլխով, մաքուր ու ազնվազարմ օծանելիք բուրալով:
– Գրիգ ջան, դոբռիի մեջ, – ասաց, – նի ա չյոմ նի բիսպակոյսյա, պադայձի կ Նառըչկե՝ անա վսյո զձելայիտ: Վսյո խառաշո, զավտռա պրիձյոտ դամոյ:
Ուզեց մաքուր, սպիտակին տվող, ասես կավճոտ ձեռքի ափով, երկար մատներով Արեգիկի գլուխը շոյել, Արեգիկը չթողեց, ետ-ետ գնաց: «Սկո՞լկո յիմու: Դա, մայեմու Գամլեծիկու տոժե»: Առծյոմ քեռին տեղում պտտվեց ու անհետացավ:
– Էստեղ համեցեք, – ասաց օրիորդն ու անցավ պատուհանիկի այն կողմը:
Հայրը մոտեցավ պատուհանիկին:
– Ոսկանյան Սոնա, – ասաց:
– Երեք հարյուր հազար, – ասաց օրիորդը, թղթերի մեջ նայելով: – Առծյոմ Գամլետովիչն ասել է՝ բուժման համար զեղչ եք ստանում, էնպես որ դեղորայքի հետ այսքան: Ամբողջը հիմա՞ եք վճարելու:
– Եթե կարելի է՝ մաս-մաս, – ասաց հայրը:
– Ինչքա՞ն եք ուզում հիմա վճարել:
– Հարյուր հիսուն, – ասաց հայրը: – Մնացածը՝ հաջորդ շաբաթ:
– Դուք մեր հաճախորդն եք, պրոբլեմ չկա, – ասաց օրիորդը: – Մինչև ամսվա վերջ երբ ուզում եք վճարեք:
Հայրը թղթադրամի խրձիկը գրպանից հանեց, մի երկու անգամ հաշվեց, վրիպում էր, նորից սկսում, վերջը հաշիվն ավարտեց, փողը տվեց պատուհանիկի միջով՝ օրիորդին: Ստացականին նայեց, մտածեց, ճմլեց, գցեց աղբարկղը:
Ետ էին գալիս քաղաքի կենտրոնով, հայրը շտապում էր, բայց Արեգիկի քայլքին հարմարվում: Արևոտ օր էր: Հյուսիսային պողոտայով որ անցնում էին՝ Արեգիկը տեսավ սալարկին դրված երկու կարմիր փոքրիկ կոշիկ:
Արեգն աչքերը հոր վրա բարձրացրեց՝ ու էլի վրիպեց, արևն էլի աչքը մտավ, մինչև կարողացավ հորը տեսնել՝ աչքի առջև պարում էր մի զույգ կարմիր կոշիկ:
– Հայրիկ, սա Մաշայի կարմիր կոշիկն է՞, հեքիաթ ե՞ն ցույց տալիս:
Մի քիչ հեռու էլի կարմիր կոշիկի զույգ էր դրված սալարկին:
– Զանազան, Զարմանազան, – ասաց Արեգիկը:
Մի քանի օրիորդ կանգնած՝ ելույթ էին ունենում:
– Ես չկա՛մ, – գոչում էր մեկը:
– Եթե ես լինեի՝ տոնածառ կունենայի, – գոչում էր մյուսը:
– Թե Արեգիկն Արեգնազան լիներ՝ ինքն էլ այսպիսի կոշիկ կունենար, – ասաց Արեգիկը:
– Ցույց են անում, գործ չունենք. – հայրն Արեգիկին գիրկը վերցրեց ու արագ թողեց գնաց:
Դունչը հայրիկի ուսին՝ Արեգիկը ետ էր նայում գոռգոռացող օրիորդներին: Լավ չէին երևում. աչքի առաջ երկու բոցիկ էր՝ աչքի մեջ վառած արևի ծակեր թե կարմիր մաշիկներ:
««
Գիշերն ուշ քնեց: Անսովոր էր, որ մայրը տանը չէր: Ամալյա տատի տոլման, ինչ խոսք, համով էր: Համլետի կինոն լրիվ չէր նայել Արեգիկը, բայց Համլետի հոր ուռագանը տեսել էր: Որ սկսեցին ցույց տալ՝ Ամալյա տատը կանչեց, թե՝ տես, Համլետի հոր ուռագանը: Արեգիկը եկավ հեռուստացույցի մոտ ու տեսավ փոթորկի մեջ փողփողացող թիկնոցով մութ կերպարանքը, որ քայլում էր ու խոսում արձագանքող ձայնով: Երեսի փոխարեն երկաթե դիմակ էր, աչքերը՝ ծակ, դիմակի տակը՝ երեսի տեղը, դատարկ: Արեգիկը թողեց գնաց, հրաժարվեց ֆիլմը նայել: Անկողնում պառկած՝ ունկնդրում էր քամուն, որ իրենց նոր բնակարանի պատշգամբի ծակերից սվսվում էր, վսվսում, ոռնում: Թվում էր, Համլետի հոր ուռագանն է, ուռագանը դև էր դառնում, պատշգամբի ծակերից ներս սողոսկում, ննջարանով քայլում, երկարաճիտք կոշիկներով ոտքերը բարձր-բարձր վեր-վեր անելով, դիմակի տակ՝ դատարկ երես: Արեգիկն ուզում էր մատին դանակով վերք անի, աղ ցանի՝ հանկարծ չքնի, ուռագանը Մարինային՝ իր գաղտնի երազանքների ընկերուհուն, չառևանգի: Մարինային ինքը ստեղծել էր վաղուց. միասին միակնանի հեծանիվներ էին քշում, երբեմն սավառնում էին այդ հեծանիվներով աշխարհի վրայով, ընկերություն անում, իսկ միմյանց տուտուզիկների հետ չէին խաղում:
Հայրը եկավ ստուգելու: Շոգած քնած էր: Ոտուգլուխ շուռ էր եկել քնի մեջ, վերմակը շպրտել: Հայրը շրջեց իրեն, ճիշտ տեղը դրեց, վերմակով ծածկեց:
Անցավ երկու օր: Արեգիկին մայրը նախադպրոցից տուն բերեց ու էլի շտապ գնաց աշխատանքի, ստիպված Արեգիկին մենակ թողնելով: Արեգիկն արդեն երբեմն մենակ մնում էր, ոչինչ: Հաց կերավ, այփադը չբացեց, հպարտորեն դասագիրքը բացեց ՝ բանալու ձայն լսեց: Հայրն էր, հետը՝ Վրեժ քեռին, ձեռքներին՝ երկու կատվի ձագ, մեկը շեկ՝ մյուսը սևուկ:
– Ո՞րն ես ուզում, – ասաց հայրը:
Արեգիկը վարանեց:
– Սրան, – ասաց, շեկին մատնացույց անելով:
– Հիմա երկուսին էլ պահիր, Վրեժ քեռին գնա գա՝ մյուսին կտանի:
Թողեցին կատվիկներին, հեռացան: Կատվիկները փախան պահարանի տակի նեղ արանքը, Արեգն ինչ անում էր՝ դուրս չէին գալիս: Մածուն առաջարկեց, երշիկ: Մերժեցին, աղիողորմ մլավում էին:
Հետո Շեկոն՝ որն իրենն էր լինելու, ի վերջո համոզվեց, դուրս սողաց: Իսկ սևուկն էդպես էլ դուրս չեկավ: Արեգիկը կռանում, ժամանակ առ ժամանակ նայում էր պահարանի արանքից ներս: Մթության մեջ կատվիկի մութ կերպարանքը չէր նշմարվում, տեսնես կա՞ր: Իսկ գուցե ոչ մի կատվիկ էլ չկա՞ր: Իսկ Շեկոն, երբ հայրն ու Վրեժ քեռին վերադարձան՝ արդեն մանրամասն հետազոտում էր իր այսուհետ բնակավայրը:
– Կարող ե՞նք հանել պահարանի տակից, – ասաց Վրեժ քեռին:
Արեգը պառկեց գետնին, սողալով մոտեցավ պահարանի արանքին: Գլուխը գետնին քսելով, տակնիվեր նայեց ներս: Հայրը ետևից լույս էր գցում: Երկու աչք փայլատակեց. Արեգիկի աչքերին երկու կարմիր լաքա մնաց՝ երկու գիսավոր, դանդաղ հանգչող հետք: Սակայն Արեգիկը չվարանեց, կուչ եկած կատվիկին մարմնից զգուշորեն բռնեց ու դուրս հանեց: Սևուկը կծում էր ու ճանկռում, բայց դեռ փոքր էր, ցավոտ կծել-ճանկռել չգիտեր: «Թող մռմռա», մտածեց Արեգը. ինքն արդեն մեծ եղբայր էր, իր կատվիկին ուներ՝ Շեկոյին, ճար չկար, պիտի արդեն որոշումներ կայացներ, ռիսկին ու մռմռոցին չնայած՝ գործեր գլուխ բերեր, գրեթե հայրիկի պես: «Ցտեսություն, մանկություն», թեթև հոգոցով մտածեց Արեգիկը:
– Յոթը ձագ էին, – ասաց Վրեժ քեռին, սևուկին վերցնելով, – տարան առուն կորցնեն՝ հազիվ կանգնեցրի, ասացի մեկին Նարինեիս համար վերցնեմ, հետո լավ հիշեցի՝ դուք էլ էիք ուզում:
Արեգիկը պատկերացրեց առուն ի վար լողացող տաշտակ, մեջը՝ աղիողորմ մլավող հինգը կատվիկ, օղակից նոր դուրս ծլած գլուխներով: Առվի եզրին՝ Մարինան, կարմիր մաշիկները հագին, ցիցը ձեռքին՝ փորձում է տաշտակը մոտեցնել ափին: Որ գիշերով Համլետի հոր ուռագանը չգա ձագերից մեկի գլուխը կտրի, ով գիտի որի:
Գևորգ ՏԵՐ-ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Լուսանկարը՝ https://civilnet.am/-ից
_ժամանակակից այն ստեղծագործություներից է, որ սկսում ես ու չես կարող կիսատ թողնել, շատ պատկերավոր համեմատությոննե ու դիպուկ խոսք:Վերջում նոր հասկացա որ խոսքը Համլետի հոր ուրվականի մասին է:Շատ ապրեք Հարգելի Գևորգ