Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնիկ Մարգարյան. «Ժողովուրդը պատրաստ է ընդվզման, դա անելու է «Հայաստան» ժողովրդական շարժումը»

Դեկտեմբեր 23,2014 13:20

«Հակակոռուպցիոն» կենտրոնի եւ «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանն այսօր «Նոյյան տապան» ակումբում խոսելով դրամի արժեզրկման մասին՝ ասաց, որ իրական պատճառներից չեն խոսում. «Հայաստանի տնտեսությունը փլուզվել է եւ գաղութացվել է, բերել է մի ռեժիմ, որը թույլ է տալիս իրենց բոլոր գործարքներն իրականացնել: Ինչո՞ւ չենք ասում, որ Հայաստանը չունի պետական բանկ: Դրամի վրա գրված է՝ ՀՀ Կենտրոնական բանկ, դա պետական բանկ չէ: Արտագաղթ, բնակարանների հանձնում, այդ բոլորը դրա հետեւանք է: Ո՞վ է ասում, որ մենք չունենք պահուստային ֆոնդ՝ դոլարի փոխարժեքի տատանումները, գնաճը կանգնեցնելու համար: Ամբողջ արդյունաբերական համակարգը, բիզնեսը գտնվում է օլիգարխների ձեռքում, որոնք թալանում են հայ ժողովրդին, որ գնաճ տեղի ունենա: Հացը թանկացել է,դրամը կայունացել է, ինչո՞ւ չի էժանանում: Հարցեր կան, որ պետք է լրջորեն մոտենալ»:

Գառնիկ Մարգարյանը հորդորեց վերջին տարիներին գնաճն ուսումնասիրել ու պարզել, որ միշտ մթերքները, հացը թանկացել են այս սկզբունքով, ինչ-որ պատճառով թանկացրել են, խնդիրը լուծվել է ու չեն էժանացրել:

Ըստ Գառնիկ Մարգարյանի, պետք է իշխանությունը վերադարձնել ժողովրդին, դա է այս խնդիրների լուծումը. «Միայն մեր կուսակցությամբ, մի շարք կուսակցությունների միջոցով հնարավոր չէ այս խնդիրները լուծել: Կա արտագաղթ, բնակչության անկում՝ դեմոգրաֆիկ խնդիր: Վաղը մեր բանակը չենք կարողանալու ապահովել զինվորով, հայ մարդը տարեկան իր տղային տեղափոխում է արտասահման, որ բանակ չգնա: Ժողովուրդը այսօր պատրաստ է ընդվզման, բայց պետք է առողջ ուժ եւ առողջ մարդիկ, որոնք այս 23 տարիների ընթացքում չեն դավաճանել, կուսակցությունների պիտակը չեն թողել պառլամենտում, անուններ չեմ ուզում տալ: Մենք գնալու ենք յուրաքանչյուր գյուղ, բնակավայր, յուրաքանչյուր ակտիվիստի հետ խոսել ու բերել փաստարկները, որոնք երկիրը տանում են կործանման: Դա է ճանապարհը, կամ կդառնանք գաղութ: Դա անելու է «Հայաստան» ժողովրդական շարժումը»:

Քննարկման մասնակիցներից մեկն ասաց, որ երբ ուզում էին մարդիկ իշխանափոխություն անել, տեսանք ինչ եղավ՝ գնդակահարեցին մարդկանց:

Ֆիզմաթ գիտությունների դոկտոր Աշոտ Գեւորգյանի խոսքերով՝ այն մարդիկ, որոնք 2008-ին դավաճանեցին մարդկանց, այդ ուժերին պետք է ջնջել ու մոռանալ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031