Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսավարողները դեռ չեն շտապում էժանացնել իրենց արտադրած կամ ներկրած ապրանքները. «Հայոց աշխարհ»

Դեկտեմբեր 23,2014 12:54

Փոխարժեքների կայունացումից արդեն մի քանի օր է անցել, սակայն մեր կատարած դիտարկումները փաստում են, որ տնտեսավարողները դեռ չեն շտապում էժանացնել իրենց արտադրած կամ ներկրած ապրանքները

Այնինչ դրանց գները շատ զգայուն էին տարադրամի փոխարժեքի նկատմամբ, քանի որ դոլարի փոխարժեքի աճի առաջին իսկ ազդակներից հետո գնաճը սրընթաց ձեւով դրսեւորվեց. շուկայում գրանցվեց ապրանքների 10-20 տոկոս գնաճ: Թեեւ այդ ժամանակ արդեն տնտեսագետները կանխատեսում էին, որ ապրանքների գները այլեւս նախկինին չեն վերադարձվելու` նկատի ունենալով անցյալի դառը փորձը եւ մեր երկրում գնաճը զսպող կառույցների անգործությունը:

Դիցուք, տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, որը կոչված է վերահսկելու շուկայում առաջատար դիրք զբաղեցնող եւ այդ շուկային պայմաններ թելադրող խոշոր տնտեսավարողներին եւ կանխելու նրանց կամայականությունները, այս անգամ եւս գործարարների հետ ձեռք ձեռքի տված` ամեն ինչ արեց իրավիճակը մեղմ գույներով ներկայացնելու համար:

Օրեր առաջ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ ներկայացրեց խանութներում մի շարք ապրանքատեսակների իրացման գների դիտանցման մասին տեղեկանք, որի համաձայն՝ գնաճը երկրում բավական զուսպ է, իսկ բարձրացած գները օրեցօր վերադառնում են նախկին մակարդակին:

Ընդ որում` Արտակ Շաբոյանը ավելի վաղ հայտարարել էր, թե գնաճը լիովին համապատասխանում է տարադրամի փոխարժեքի տատանումներին, ուստի, ըստ նրա, տնտեսավարողների կողմից կամայական չարաշահումներ չեն եղել:

Ըստ ՏՄՊՊՀ նախագահի ներկայացրած ցանկի` դեկտեմբերի 16-19-ն ընկած ժամանակահատվածում, օրինակ, 1 կգ շաքարավազի գինը տատանվել է 395-482 դրամի սահմաններում: Ամենաբարձր գինը եղել է դեկտեմբերի 17-ին, իսկ 19-ին դարձել է 385 դրամ: Դա այն դեպքում, երբ որոշ խանութներում դեկտեմբերի 17-ին շաքարավազի գինը հասել էր 750-800 դրամի:

Արտակ Շաբոյանն անհավանական գներ է նկարել նաեւ կարագի, պանրի, ձեթի, ալյուրի եւ ձվի համար: Մասնավորապես, ըստ նրա ներկայացրած տեղեկանքի, 82 տոկոսանոց յուղայնության 1 կգ կարագը դեկտեմբերի 16-ին վաճառվել է 2490-3340 դրամով, հաջորդ օրը` 3520-3990 դրամով, իսկ դեկտեմբերի 18-19-ը դրա գինը նվազել է` հասնելով 2810-3194 դրամի:

Մինչդեռ մեր շրջայցի ժամանակ դեկտեմբերի 22-ին ՍԱՍ սուպերմարկետում այդ կարագի 1 կգ-ը վաճառվում էր 3720 դրամով: Նախքան զեղչվելը` նախորդ մի քանի օրերին, կարագն արժեր 4460 դրամ:

Իսկ, օրինակ, 1 լիտր արեւածաղկի ձեթի գինը նվազագույնը 830 դրամ է` ամենամատչելի սուպերմարկետներից մեկում` «Կայզերում», իսկ ՍԱՍ սուպերմարկետում նույն ձեթը վաճառվում է 860 դրամով: Սրանք արդեն զեղչված գներն են, որոնք ավելի բարձր են, քան ՏՄՊՊՀ ցանկում գրանցվածները` դեռ չարժեզրկված տարադրամի օրերին: Գրեթե նույն վիճակն է նաեւ մնացած մթերքների համար:

Ի դեպ, ՏՄՊՊՀ նախագահի տեղեկանքը ոչ մասնագիտական կարելի է համարել, քանի որ նրա նշած սննդամթերքները այս կամ այն սուպերմարկետում տարբեր գներով են վաճառվում: Մինչդեռ նա ընտրել է ամենամատչելի գներ առաջարկող սուպերմարկետում կատարած դիտարկման արդյունքները, դրանք ներկայացրել որպես համընդհանուր տվյալներ:

Այսօր խանութներում սպառողներին առաջարկվող մթերքներն ավելի թանկ գներով են վաճառվում, քան երկու-երեք ամիս առաջ: Ճիշտ է, որոշակի գնանկում եղել է, սակայն նախկին գներն այլեւս չեն գործում:

Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031