Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Քննարկվում է Զարզանդ Նիկողոսյանին համաներմամբ պատժից ազատելու վերանայման հարցը

Դեկտեմբեր 23,2014 12:29

Վերաքննիչ դատարանում այսօր սկսվեց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի բողոքի քննությունը՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի խորհրդական Զարզանդ Նիկողոսյանի (լուսանկարում) նկատմամբ համաներման հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու որոշումը վերացնելու պահանջով:

Հիշեցնենք, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի ժամանակ թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի և Տիգրան Խաչատրյանի արարքներում ինքնապաշտպանության հետևանքով նրանց քրեական պատասխանատվությունից ազատելու որոշումը ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը կայացրել է ՀՀ փաստաբանների պալատի միության նախագահ Ռուբեն Սահակյանի և փաստաբան Մարտին Զիլֆուղարյանի միջնորդության հիման վրա:

Երբ Վերաքննիչ դատարանն այսօր ընթերցեց առաջին ատյանի դատարանի մերժման որոշման հատվածը, փաստաբան Ալումյանը նկատեց, որ դատարանը ընթերցեց նկարագրությունը. «Առաջին ատյանի դատարանը չունի պատճառաբանական մաս, այն ինչ ընթերցեցիք, առաջին ատյանի դատարանը նկարագրում էր՝ ինչ քրեական գործ էր, ինչ պատճառաբանությամբ քրեական հետապնդում չի իրականացվել: Այնինչ դատարանին մի շարք փաստարկներ էինք բերել, հղում արել մի շարք ապացույցների: Ի՞նչ եղան փաստարկներն ու ապացույցները, որոնց վրա հղում ենք արել, ոչինչ չի ասվել: Առաջին ատյանի դատարանը խախտել է վերաքննիչ բողոք բերելու մեր իրավունքը»:

Հայկ Ալումյանը նաեւ պարզաբանեց, որ դատարան էր բերել նյութեր, որոնք ոչ թե իրենք էին ձեռքբերել, այլ այնպիսի նյութեր, որոնք օրենքով վարույթ իրականացնող մարմինը պետք է ներկայացներ՝  քրեական գործից որոշ նյութեր. «Հղում էինք կատարել տեսաձայնագրությունների վրա, Սուրիկ Խաչատրյանի առանձնատան խոհանոցի զրույցն էր, որից պարզ է դառնում, որ Ավետիք Բուդաղյանին մեքենայի մեջ ծեծի է ենթարկել Սուրիկ Խաչատրյանը, իսկ Զարզանդ Նիկողոսյանն իր վրա է վերցրել՝ պարտակելով Սուրիկ Խաչատրյանի արարքը»:

Փաստաբանը նաեւ նկատեց, որ առաջին ատյանի դատարանը գնահատականներ է տվել ողջ քրեական գործի նախաքննությանը՝ հաշվի չառնելով, որ իր ձեռքի տակ չկան այդ գործի ողջ հատորները. «Պարզ երկխոսություններ կան. Զարզանդը պատմում է՝ «Էն Ավոյին հավայի տեղը խփին, մփին, ավտոյից իջացրին»: Սա նմա՞ն է այն մարդու խոսակցությանը, որ ասում է, թե ոչ ոք Ավոյին չի ծեծել , միայն ինքն է խփել»:

Դատախազ Հարությունյանն էլ պնդեց, որ քննիչի կողմից որոշումը հիմնավորված է, դատարանն էլ հիմնավորված որոշում է կայացրել, քրեական հետապնդում չիրականացնելու որոշում կայացնելիս Զարզանդ Նիկողոսյանի, Սուրիկ Խաչատրյանի ցուցմունքները համադրվել են Բուդաղյանների ցուցմունքների հետ: Ըստ նրա, Հայկ Ալումյանը ենթադրություններ է անում, երբ ներկայացնում է Զարզանդ Նիկողոսյանի ասածները՝ «հավայի խփելու» մասով:

Վերջում էլ պնդեց, որ փաստաբանի բողոքի քննությունը ենթակա է մերժման:

qnnich Movsisyan

Քննիչ Մովսիսյանն էլ ասաց, որ Զարզանդ Նիկողոսյանի կողմից Բուդաղյանին հարվածելու հանգամանքը ապացուցվել է գործով ձեռք բերված ապացույցներով, մեքենայում գտնվող անձանց ցուցմունքներով, վերծանված հեռախոսազանգերով եւ ապացուցվել է, որ Զարզանդ Նիկողոսյանն է հարվածողը:

Դատախազն էլ շարունակեց, որ իր ցուցմունքի մեջ Զարզանդ Նիկողոսյանը պարզաբանել է, որ հոգնակի ու եզակի թվերը խառնում է, ու երբեմն իր մասին հոգնակիով խոսում:

Դատարանը հեռացել է խորհրդակցության սենյակ՝ որոշում կայացնելու:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ www.yerkir.am-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031