Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Դավթյանը հորդորում է լրագրողին ներողություն խնդրել՝ Լեւոն Երանոսյանի մասին սխալ արտահայտության համար

Դեկտեմբեր 23,2014 12:14

Այսօր «Տեսակետ» ակումբում ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանն անդրադարձավ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա հարձակման միջադեպին եւ դրա հետ կապված գեներալ Սեյրան Սարոյանի հայտնի ելույթին: Հարցին, որ փաստորեն քաղաքական մեծամասնությունն ընդունո՞ւմ է հայհոյանքի համար մարդուն ծեծելը՝ նա պատասխանեց. «Հայոց լեզուն լավ հնչում եւ արտաբերվում է Արամ Մանուկյանի շուրթերից, եւ եթե դու քննադատում ես, այդ քննադատությունն այնպես պետք է կառուցես, որ հայհոյախառը վիրավորանքը չհնչեր: ՀՀԿ խմբակցությունն ու ԱԺ-ն արդեն դատապարտող հայտարարություն արել են, սրանով ամեն ինչ ասված է: Ես կոչ կանեմ, որ ավելորդ տեղը պետք չէ սրել եւ եզան տակ հորթ փնտրել, ինչը տեղին չէ»:

Լրագրողներից մեկը հարց ձեւակերպեց՝ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի արտահայտությունների մասին, որ ականջները կկտրեմ, ով Սերժ Սարգսյանին հայհոյի եւ երկրորդ արտահայտությունը, որ իր երեխաներին չի հասնի հայհոյողը: Լրագրողի հարցին՝ փոխոստիկանապետը փաստորեն հայտարարում է, որ օրենքով կաշկանդված չէ, ասում է ականջները կկտրի եւ այլն, բայց եղավ նկատողություն առաջին արտահայտության համար, երկրորդ արտահայտությունն անտեսվեց, սրանով իշխանությունները փորձում են հասարակությանը հասկացնել, որ չե՞ն պատժում: Արտակ Դավթյանը հարցը լսելով՝ բորբոքվեց. «Երբ սկսում եք ձեր նախադասությունն ու ասում, թե փոխոստիկանապետն իբր թե, որովհետեւ այդպիսի բան չկա, որ ինքը օրենքից բարձր է կանգնած, Սահմանադրությունից բարձր է կանգնած: Եթե ինչ-որ բան ասում եք՝ մեջբերեք խոսքերը ինչպես եղել է: Ես ձեզ ասում եմ՝ սուտ եք ասում, եթե կարող եք հակառակն ապացուցել՝ ապացուցեք: Դուք ուղղակի սուտ եք ասում, չկա այդպիսի բան»:

Լրագրողի արձագանքին, որ երեւի սխալ արտահայտվեցի՝ Արտակ Դավթյանը հորդորեց. «Դե գոնե ներողություն խնդրեք՝ սխալ արտահայտվելու համար»:

Մեր դիտարկմանը, որ նույն ոգեւորությամբ ինչի՞ Լեւոն Երանոսյանին չեք ստիպում ներողություն խնդրել, նա սխալ չի՞ արտահայտվել՝ Արտակ Դավթյանը պատասխանեց. «Այստեղ նստած սխալ է ասում, ինչ է, չասե՞մ: Պարոն Երանոսյանն ինձ այդ հարցով չի դիմել, առավել եւս ասեմ, որ այդ հարով էլ դիմելիս սխալ արտահայտություն այլոց մեջբերելիս չի արել: Կոնկրետ մենք նստած ենք, ձեր գործընկերը մեջբերում արեց, ես ստիպված էի ասել այն, ինչ ասացի»:

Aravot.am-ի հարցին՝ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը մտահոգություն ուներ, որ ԵՏՄ-ում Սերժ Սարգսյանից բացի Հայաստանի կողմից լուրջ բանակցություններ չեն տարվում՝ հօգուտ մեզ քայլեր անելու համար, որ տարեկան 2-3 անգամ Սերժ Սարգսյանը նախագահների մակարդակով կհանդիպի, բայց նա չունի թիմ՝ ԵՏՄ շրջանակներում  խնդիրներ լուծելու համար, կիսո՞ւմ եք այս տեսակետը: Նա պատասխանեց. «Չեմ կիսում այդ մտահոգությունը: Երկրների ղեկավարները պայմանավորվում են որոշակի հարցերի շուրջ: Որպեսզի դրանք միս ու արյուն ստանան, աշխատում են այդ թիմերը: Բազմահազարանոց պայմանագիր ներկայացվեց ԱԺ-ին, քրտնաջան աշխատանք է եղել եւ համաձայնությունների առումով, ձեւակերպումների առումով: Յուրաքանչյուրը զբաղված է իր գործով:

Թիմը, որը աշխատել է, բավականին արդյունավետ է աշխատել, բազմիցս նախագահների կողմից նշվել է այդ աշխատանքների որակն ու արդյունավետությունը:

Մեր հարցին՝ Սահմանադրական բարեփոխումների նախագծով նախագահի լիազորությունները կրճատվում են եւ հաշվի առնելով, որ ԵՏՄ-ում նախագահների խորհուրդ կա, Պուտինի, Լուկաշենկոյի, Նազարբաեւի հետ մեր՝ լիազորություն չունեցող նախագահը ինչպե՞ս է ոտք մեկնելու, նրա որոշումները հաշվի առնելո՞ւ են: Արտակ Դավթյանը պատասխանեց. «Սահմանադրական բարեփոխումները դեռեւս ստորագրված չեն: Սպասենք եւս մի քանի ամիս, մենք ձեզ հետ կքննարկենք դա, թե ինչ լիազորություններ կունենա ՀՀ նախագահը: Սոցիալական երաշխիքների հսկայական փաթեթ է նախատեսում: Պետությունը ներկայիս Սահմանադրությունում ՀՀ սոցիալական լինելը հաշվի առնելով՝ համապատասխան երաշխիքներ չի սահմանում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031