Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանից Ռուսաստան դոլարի մեծ արտահոսք տեղի ունեցավ». «Իրատես de facto»

Դեկտեմբեր 23,2014 12:10

Փոխարժեքի տատանման օրերին հայրենի  կառավարությունը մշտապես ընդգծում էր, որ իրավիճակից օգտվում են սպեկուլյանտները, որոնց պետք է պատժել: «Իրատես de facto»-ի հետ զրույցում տնտեսագետ Թաթուլ Մկրտչյանը նշեց, որ այդքան էլ  հեշտ չէ նրանց պատժելը, քանի որ իրավական հիմնավորումներ գտնելը բավականին բարդ է՝ միաժամանակ հավելելով, որ սպեկուլյացիոն «մտածողությունը» Հայաստանի բիզնեսմենների  համար մշտական գործելաոճ է դարձել:

– Փոխարժեքի շուկայում ստեղծված իրավիճակի պատճառով կարճ ժամանակահատվածում Հայաստանի տնտեսությունը շոկ ապրեց։ Մեր դիմադրողականությո՞ւնն է այդքան թույլ, թե՞ արտաքին գործոններն են ուժեղ։

– Հայաստանը փոքր, բաց տնտեսություն ունեցող երկիր է, ինչը նշանակում է, որ համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող ցանկացած գործընթաց կամ երևույթ անմիջապես ազդելու է Հայաստանի տնտեսության վրա։ Փոխարժեքի բարձրացումը պայմանավորված էր մի քանի գործոններով, որոնք նպաստեցին տնտեսական իրավիճակի վատթարացմանը։ Նախ աշխարհում տեղի է ունենում դոլարի արժևորում, իսկ Հայաստանը չէր կարող դրանից անմասն մնալ։ Սակայն նման իրավիճակի ծանրակշիռ պատճառը Ռուսաստանի հանդեպ կիրառվող պատժամիջոցներն են, իսկ վերջինիս տնտեսության զարգացումներն արագ արձագանք են ունենում Հայաստանում։ Դրանում իրենց զգալի «ներդրումն» ունեն նաև սպեկուլյացիոն գործարքները։ Կարևոր է նաև այն ժամանակաշրջանը, երբ տեղի ունեցան փոխարժեքի տատանումները։

Այս ամենը սկսվեց նոյեմբերի վերջից և իր գագաթնակետին հասավ դեկտեմբերին, երբ դոլարի պահանջարկն ավելի մեծացավ։ Սա այն ժամանակահատվածն է, երբ Հայաստանի ներմուծման ծավալները բավականին մեծանում են, այսինքն՝ ներմուծող ձեռնարկությունները պատրաստվում են «տոնական» վաճառքի։ Մի կողմից դրսի՝ նավթի համաշխարհային գների անկումը, ռուբլու արժեզրկումը, Ռուսաստանից Հայաստան եկող տրանսֆերտների կրճատումը, մյուս կողմից էլ Հայաստանի ներքին գործոնները ստեղծեցին այսպիսի իրավիճակ։ Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների կիրառման առումով տեսակետներ են հնչում, որ Ռուսաստանի և Հայաստանի տնտեսությունները միմյանց հետ կապ չունեն, և ռուսական ռուբլու արժեզրկման պատճառով չէ, որ մեզանում փոխարժեքը այդպիսի իրավիճակում հայտնվեց։ Սա թյուր կարծիք է։ Եթե դիտարկում ենք ժամանակացույցը, թե ինչ է կատարվում Ռուսաստանում ու հետո Հայաստանում, հասկանալի է դառնում, որ գործընթացները գրեթե համաժամանակ են տեղի ունենում, որովհետև իրավիճակի պատճառները Ռուսաստանում են։

Ինչ վերաբերում է սպեկուլյացիոն գործարքներին, կարծում եմ, որ ողջ հասարակության ընդգրկվածությունն այդ ամենում կա, բայց փոխարժեքի նման տատանման պատճառն արտաքին սպեկուլյացիան է։ Ասել է՝ հնարավոր չէ հանրապետության սահմանները փակել և թույլ չտալ դոլարի արտահոսքը։ Հատկանշական է, որ հենց այս օրերին էլ տեղի ունեցավ դոլարի բավականին մեծ արտահոսք դեպի Ռուսաստան, որտեղ ռուբլու անկումը և դոլարի արժևորումը մարդկանց ստիպեցին հնարավոր բոլոր աղբյուրներից դոլար գնելու միջոցով փրկվել արժեզրկումից։ Սա լրացուցիչ ազդակ եղավ այս գործընթացի համար։ Խուճապի ամենամեծ պատճառը հենց Հայաստանից Ռուսաստան մեծ ծավալների դոլարի արտահոսքն էր։ Ավելին, կա այսպիսի հաշվարկ. եթե դեկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում 1 մլն դոլարը Ռուսաստանում վերածելով ռուբլու, հետո դա Հայաստանում փոխանակելով դրամով, կրկին դոլար է ձեռք բերվում, արդյունքում 57 հազար դոլար ավելանում է։ Ի՞նչը պետք է կանգնեցներ կամ խանգարեր սպեկուլյանտներին, որ այդպիսի գործարքների չգնային:

Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031