Այսօր Իջեւանում, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է Վանաձոր քաղաքի բնակիչներ,1980 թ. ծնված Ազատ Խլղաթյանի եւ 1983թ. ծնված Աշոտ Աթաբեկյանի դատավարության առաջին նիստը: Նրանք գտնվում են կալանքի տակ:
Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի՝ Ազատ Խլղաթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. դեկտեմբերի 20-ին, ժամը 21-ի սահմաններում Իջեւան քաղաքի բնակիչ Վալերի Աղինյանին պատկանող «Դրուժբա» ռեստորանում տեղի ունեցած վիճաբանությունից հետո կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ, սեռական բնույթի հայհոյանքներ տալով «իջեւանցիների» հասցեին, ձեռքին եղած ինքնաձիգից կրակոցներ է արձակել ռեստորանի բարի եւ առաստաղի ուղղությամբ, դրանով հանրային վտանգավոր եղանակով դիտավորությամբ վնասել է Վ. Աղինյանի գույքը՝ պատճառելով գույքային վնաս:
Աշոտ Աթաբեկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերը նշված ժամանակ վերոհիշյալ ռեստորանի առանձնասենյակում Սեյրան Մինասյանի հետ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել ռեստորանի աշխատակիցներ Լեյլի Խոջոյանի եւ Անահիտ Դարբինյանի նկատմամբ, չի ենթարկվել նրանց օրինական պահանջներին, շարունակել է սեռական բնույթի հայհոյանքներ տալ, որից հետո սեղանին դրված ապակյա շշով հարվածել է սեղանակից Ալիկ Բաղմանյանի գլխին՝ պատճառելով առողջության թեթեւ վնաս, մոտ 20 րոպե խանգարել է ռեստորանի բնականոն աշխատանքը, միաժամանակ վնասելով գույքը՝ Վ. Աղինյանին պատճառելէ 75 հազար դրամի գույքային վնաս:
Ա. Խլղաթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով եւ 258 հոդվածի 4-րդ մասով, Ա. Աթաբեկյանին՝ 258 հոդվածի 4-րդ մասով:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ