Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն այսօր ներկայացրեց 2013թ. հոկտեմբերից 2014թ. դեկտեմբերը պալատի գործունեությունը: Նա ներկայացրեց հանրային պաշտպանի գրասենյակում կատարված նորարարությունները, ինչպես նաեւ անդրադարձավ հանրային պաշտպանի աշխատանքի հսկողության եւ վերահսկողության նոր մոդելներին: Ըստ պալատի նախագահի՝ իրենք փորձ արեցին կոտրել այն կարծրատիպը, թե այն, ինչ անվճար է՝ անորակ է:
2014թ. փետրվարին հանրային պաշտպանների աշխատանքի անցնելու առաջին մրցույթի արդյունքում 50 հանրային պաշտպանների համար նախատեսված հաստիքներից 20-ը համալրվել են մրցույթով անցած փաստաբաններով: Հանրային պաշտպանների երկրորդ մրցույթը դեկտեմբերին էր, որի արդյունքներով հանրային պաշտպանի գրասենյակում Երեւանում 4 լրիվ, ինչպես նաեւ մարզերում 4 լրիվ եւ 3 կես թափուր հաստիքներ 2015-ի հունվարին կհամալրվեն հանրային պաշտպաններով:
Արա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ ստեղծվել է հանրային պաշտպանի գրասենյակում մոնիթորինգի բաժին, որի խնդիրն է իրականացնել դիտարկումներ հանրային պաշտպանների գործունեության ուղղությամբ, այդ թվում՝ հարցազրույցներ անցկացնել վստահորդների եւ հարազատների հետ, ներկա գտնվել դատական նիստերին, ուսումնասիրել հանրային պաշտպանների վարույթները:
Ի դեպ, բարելավվել են հանրային պաշտպանի գրասենյակի նյութատեխնիկական միջոցները, ձեռք են բերվել ավտոմեքենաներ, որոնք համապատասխան գրաֆիկով ապահովում են հանրային պաշտպանի տեղաշարժը դատարաններ եւ քրեակատարողական հիմնարկներ:
Կարդացեք նաև
Անդրադառնալով փաստաբանների մասնագիտական վերապատրաստման հարցին, պալատի նախագահն ասաց, որ որոշակի փոփոխություններ են կատարվել նաեւ այս ուղղությամբ: Միայն այս տարվա դեկտեմբերի 15-ի ուղղությամբ Երեւանում եւ հանրապետության մարզերում կազմակերպվել է 100 վերապատրաստման դասընթաց, որոնց ընթացքում մասնագիտական վերապատրաստում են անցել ավելի քան 950 փաստաբան:
Ի դեպ, նախատեսվում է հեռավար՝ դիստանցիոն ուսուցմամբ վերապատրաստման նոր կարգ, որին կարող են մասնակցել մասնավորապես Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզի փաստաբանները, ինչպես նաեւ պալատի նախագահի որոշմամբ թույլատրված տեղաշարժման սահմանափակումներով պայմանավորված առողջական խնդիր ունեցող փաստաբանները:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ