ՀՀ արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարար Արմեն Երիցյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ 2014 թվականին ՕԵԿ-ից դուրս գալը եւ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի հետ համագործակցությունը դադարեցնելը բնականոն երեւույթ էր, որը տեղի ունեցավ։ Այնուամենայնիվ, ըստ Երիցյանի, անձնական մակարդակով շփումների դադարեցումը ոչ ցանկալի երեւույթ էր։
– Տեսակետ կա, որ Դուք լինելով ոստիկան՝այդ հոգեբանությամբ եք աշխատում ու այս ոլորտը չեք կարողանալու ղեկավարել, ավելին՝ դա շատ շուտով ակնհայտ կդառնա, քանի որ գյուղապետերին ու մարզպետներին կառավարելը ամենադժվար աշխատանքն է։ Մտավախություն չունե՞ք, որ իսկապես կարող եք երկու նախարարությունների աշխատանքը ձախողել։
– Ոստիկանը սովորական ՀՀ քաղաքացի է ու ինքը մտածում է ՀՀ քաղաքացու մասին։ Դա թույլ մարդկանց խոսակցություններ են, բացի ոստիկան լինելուց՝ ես իմ ամբողջ կյանքը զբաղվել եմ գիտությամբ, այդ խոսացողներն ընդամենն այն մարդիկ են, որոնք ուզում են, որպեսզի երկրի համար լավ բան չլինի։ Ես ուզում եմ նրանց բոլորին հուսախաբ անել, քանի որ շուտով մենք մեր աշխատանքով ամեն ինչ ցույց կտանք, իսկ այն մարդիկ, ովքեր վարկաբեկում են, հենց իրենց հետ էլ կհամագործակցենք: Ով որ ինձ խանգարելու է, ինքն էլ ինձ օգնելու է, ինքը դա չի գիտակցելու, բայց օգնելու է։
– Պարոն նախարար, Դուք դասվում եք այն պետական պաշտոնյաների թվին, որոնց համարում են սեփական PR-ով չափից շատ զբաղվող, ոմանք կարծիք են հայտնում, թե «ընկնելով» Ձեր PR-ի «հետեւից»՝ իրական աշխատանքը թողնելու եք երկրորդ պլանում եւ այդպիսով ձախողելու եք…
Կարդացեք նաև
– (Ծիծաղում է- Ս. Գ.) Այսօր ամենաանպաշտպանը մենք ենք՝ անձինք, ովքեր պաշտոն ունեն, եթե գնում ես գյուղ, ասում են՝ PR- է, եթե չես գնում, ասում են՝ պատվից ցածր է համարում գյուղ գնալը, գյուղացու հետ զրուցելը, եթե գնում ես, գյուղացու հետ նստում, մի կտոր հաց ու պանիր ես ուտում, ասում են՝ նկարվելու համար է արել։ Դրա համար ես չեմ ուզում, որ ինձ հետ որեւէ մեկը գա, ինձ պետք չի, որ լրագրողները գրեն, թե Երիցյան Արմենը սահմանամերձ գյուղեր է գնացել, ինչը որ հիմա մոդայիկ է։ Պետք չի, որ գան, գրեն, թե Երիցյանն ինչ-որ տեղ գնաց, ինչ-որ բան արեց, հետո էլ հայտարարեն, թե ես իմ PR-ով եմ զբաղված։ Եթե ես չգնամ գյուղ, գյուղացու հետ չշփվեմ, բա ո՞նց անեմ, միայն պատմելով՝ չես կարող ղեկավարել:
Զրուցեց Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում