Լրահոս
Օրվա լրահոսը

Չկա բողոք, չկա քրեական գործ. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 23,2014 10:58

Երեկ ՀՀ ոստիկանությունից, «ՀԺ»-ի հարցին ի պատասխան, նշեցին, որ հետաքննության արդյունքներով, քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում է կայացվել՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով (Քրեական գործ չի կարող հարուցվել եւ քրեական հետապնդում չի կարող իրականացվել, եթե բացակայում է դիմողի բողոքը): Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը տեղյակ չէր քրեական գործի հարուցումը մերժելու որոշման մասին։

Մեր զրույցում նա ասաց, որ բողոք չի ներկայացրել ոստիկանություն. «Բողոք չունեմ, որովհետեւ չունենք դատաիրավական համակարգ, ոստիկանության համակարգը այս ռեժիմի պայմաններում գոյություն չունի, նույնիսկ եթե ինձ սպանեին, էլի էս գործը փակելու էին։ Եթե մերժել են, ապա դա իրենց խնդիրն է, ես բացարձակ մտահոգություն չունեմ։ Այս համակարգը չի ծառայում ժողովրդին, պետության ու Սահմանադրության շահերին, ոստիկանությունը ծառայում է մի խումբ հանցագործների։ Երբ կլինի օրինական ոստիկանություն, այդ ժամանակ մեր հարցերը օրենքի շրջանակներում կլուծենք։ Քանի դեռ օրինական ոստիկանություն չկա, ես օրինական եմ համարում իմ ուժերով գտնել կոնկրետ հրաման տվողներին՝ մասնավորապես, թե ովքե՞ր են ուղարկել ինձ ծեծելու, ովքե՞ր են կազմակերպիչները, նրանք են հետաքրքրում ինձ։ Ես եւ իմ ընկերները գիտենք մոտավորապես որտեղից է դա եկել, ինչ է եղել, մենք կզբաղվենք այդ հարցով։ Վերջնական ճշտում ենք անունը, որից հետո մենք նրանց կայցելենք»,- ասաց Սարգսյանը։

Ի պատասխան մեր հարցի՝ ազատամարտիկն ասաց, որ կապ չունի՝ ինքը բողոքե՞լ է, թե ոչ՝ ոստիկանությունը պարտավոր էր քրեական գործ հարուցել դեպքի առթիվ։ «Վերջիվերջո, հարձակման փաստը առկա է, կան բժշկական բոլոր փաստաթղթերը, հանցագործություն է տեղի ունեցել։ Մի երկրում, որտեղ հնարավոր է հատուկ ջոկատայինների համազգեստով մարդիկ ազատ քաղաքում պտտվեն, իջնեն մարդ ծեծեն ու գնան, ապա ես վստահ եմ, որ իրանք շատ լավ գիտեն, թե ովքեր ունեն նման հնարավորություն։ Եթե ցանկություն ունենային, վայրկյան առաջ կգտնեին նրանց։

Մենք ունենք գողերին հանցակից ոստիկանություն եւ ազգային անվտանգության համակարգ՝ դա ես ասում եմ մեծ ցավով։ Եթե ոստիկանությունը գոյություն ունենար, այսօրվա իշխանությունը պետք է ճաղերի ետևում լիներ։ Այսօր այս իշխանությունները գողացել են իշխանությունը եւ վայելում են գողոնը»,- նշեց Սուրեն Սարգսյանը։ Նա նաեւ փոխանցեց, որ ոչ միայն բողոք ներկայացնելուց է հրաժարվել, այլ նաեւ դատաբժշկական փորձաքննությունից։

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031