Լրահոս
Օրվա լրահոսը

Լուկաշենկոն ու Նազարբաեւը «ափերից» կհանեն Պուտինին

Դեկտեմբեր 23,2014 12:00

Այսօր Մոսկվայում ծրագրված է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը, ինչպես նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ ՀԱՊԿ խորհրդի նստաշրջանը, որին մասնակցելու նպատակով երեկ երեկոյան աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել նաեւ Սերժ Սարգսյանը: ԵՏՄ-ի բարձրագույն խորհրդի նիստին հետեւելու է անդամ երկրների ղեկավարների մամլո ասուլիսը:

Մինչ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փորձում է Եվրասիական տնտեսական միության գործունեության մեկնարկը տալ՝ Բելառուսի եւ Ղազախստանի նախագահները ԵՏՄ-ի բարձրագույն խորհրդի նիստի մեկնարկից առաջ մեկնեցին Կիեւ։

Կիրակի օրը հանդիպել են Բելառուսի ու Ուկրաինայի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն ու Պյոտր Պորոշենկոն: Այդ բանակցություններն անցել են բավական ջերմ մթնոլորտում: Ըստ Բելառուսի նախագահի մամլո ծառայության` հանդիպմանը Լուկաշենկոն նշել է, որ Բելառուսը պատրաստ է մշտապես օգնել Ուկրաինային. «Ես ցանկանում եմ, որ Ուկրաինայում ամեն ինչ լավ լինի: Մեզ համար դա խաղ չէ, եւ ոչ միայն նրա համար, որ կա ապրանքաշրջանառություն, այլեւ նրա համար, որ մենք հարեւաններ ենք, մենք ապրում ենք հարեւանությամբ, մենք հարազատ մարդիկ ենք»: Լուկաշենկոն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ չնայած Ուկրաինայում տիրող իրավիճակին՝ երկկողմ ապրանքաշրջանառության ծավալը` 7 միլիարդ դոլարը, ոչ միայն չի ընկել, այլեւ շարունակում է աճել: Լուկաշենկոն հավելել է, որ երկու երկրների միջեւ չկան պարտքեր ու պայմանագրերից շեղումներ: «Եթե Բելառուսից ինչ-որ բան պետք լինի, ինձ ասեք, մենք մեկ օրում ամեն ինչ կանենք՝ ինչ խնդրեք: Այն, ինչ Ուկրաինայի նախագահը խնդրել է, հրապարակայնորեն ասել եմ՝ մենք միշտ արել ենք, եւ դա այդպես էլ շարունակվելու է»,- վստահեցրել է Լուկաշենկոն: Բելառուսի նախագահը հստակ շեշտել է, որ Բելառուսն անելու է ամեն հնարավոր բան՝ Ուկրաինայում խաղաղության հաստատման համար:

Պորոշենկոն շնորհակալություն է հայտնել Բելառուսի նախագահին՝ Լուգանսկի եւ Դոնեցկի ինքնահռչակ հանրապետություններում կայացած ընտրությունները չճանաչելու համար: Նա շնորհակալություն է հայտնել երկրի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության ու անկախության հանդեպ Բելառուսի հստակ դիրքորոշման առիթով: Ըստ Պորոշենկոյի խոսնակի գրառման՝ այսպիսով պահպանվել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը նոյեմբերի 2-ի ընտրություններից հետո: Լուկաշենկոն եւ Պորոշենկոն պայմանավորվածություն են ձեռք բերել նաեւ համատեղ հեռուստաալիքի ստեղծման մասին:

Նկատենք, որ Պորոշենկոյի ու Լուկաշենկոյի բանակցություններից առաջ Բելառուսի նախագահը մի քանի կոշտ հայտարարություններ արեց Ռուսաստանի իշխանությունների հասցեին: Բացի այդ, ուշագրավ որոշում կայացվեց. Ռուսաստանն ու Բելառուսը պայմանավորվեցին Ռուսաստան մատակարարվող սննդամթերքի գները ֆիքսել դոլարով: Բելառուսի փոխվարչապետ Միխայիլ Ռուսին նշել էր, որ դա արվել է նրա համար, որպեսզի բելառուսական ձեռնարկությունները չկրեն վնասներ: Օրերս Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչը հայտարարել է, որ Մինսկը ռուսական առեւտրային ուղղությամբ մեկ տարում կորցրել է 739 միլիոն դոլար, դրանից հետո Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի կառավարությունից պահանջեց Ռուսաստանի հետ առեւտուրն իրականացնել դոլարով ու եվրոյով:

Դեկտեմբերի 22-ին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը ժամանեց Ուկրաինա: Տեղեկություններ էին անգամ շրջանառվում, որ նա կարող է միջնորդի դեր ստանձնել Դոնբասի հակամարտության կարգավորման շուրջ: Ըստ ուկրաինական ZN.UA-ի` Ուկրաինա այցելելու նախօրեին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել է, թե ԵՏՄ-ն մայրցամաքի ներկայիս ճգնաժամերի պայմաններում ենթարկվում է մեծ ռիսկի: Նազարբաեւն ընդգծել է, որ թեեւ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներն ուղիղ ձեւով չեն անդրադառնում Ղազախստանի վրա, սակայն Ռուսաստանում արժութային տատանումների կապակցությամբ կարող է զգացվել պաշտպանիչ միջոցների կարիք. «Ղազախստանի վրա այդ պատժամիջոցներն ուղիղ չեն գործում, սակայն որեւէ լավ բան չկա դրանում, քանի որ Ռուսաստանը մեր հիմնական գործընկերն է»: Նազարբաեւն ընդգծել է, որ ԵՏՄ-ի տեսքով միասնական տիրույթի ստեղծումը չի նշանակում վերադարձ կատարել խորհրդային անցյալին. «Ներկայումս կարող են խոսել եւ արդեն խոսել են, որ դա անկախության կորուստ է, որ նորից ստեղծվում է Խորհրդային Միությունը: Լիակատար հիմարություն: Ով ցանկանում է ստեղծել Խորհրդային Միությունը, նա ընդհանրապես չունի ուղեղ: Մենք վաղուց ենք հեռացել դրանից, դա անհնար է»: Նա միաժամանակ նշել է, որ Ղազախստանը ուշի-ուշով կհետեւի տնտեսական զարգացումներին, եւ մյուս կողմից հիշեցրել, որ իրենք առեւտուր են անում նաեւ ԵՄ-ի, այլ երկրների հետ:

Պորոշենկոն Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ Կիեւում կայացած բանակցություններից հետո երկուշաբթի հայտարարել է Ուկրաինայի եւ Ղազախստանի միջեւ ռազմատեխնիկական համագործակցության վերսկսման մասին. «Մենք ամբողջովին վերսկսում ենք ռազմատեխնիկական համագործակցությունը»։ Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղազախստանն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու կոչ է անում խաղաղ ճանապարհով կարգավորել երկրի արեւելքում ստեղծված իրավիճակը՝ Կիեւում Ուկրաինայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Նուրսուլթան Նազարբաեւը. «Ես դիմում եմ թե՛ Ռուսաստանին, թե՛ Ուկրաինային՝ մտածելու համար այն մասին, որ գտնվի համատեղ փոխզիջում, որպեսզի վերջ տրվի այս պայմաններին, պահպանվի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, եւ մերձեցվեն առկա դիրքորոշումները, քանի որ այս իրավիճակը նոնսենս է, եւ այն նորմալ չէ: Հուսով եմ, որ Ուկրաինան այս իրավիճակից դուրս կգա ամուր, Ուկրաինան կլինի հզոր, ինչպես միշտ է եղել: Հակամարտությունն ու պատժամիջոցները փակուղի ու անորոշություն տանող ճանապարհ են: Կարծում եմ, որ կարելի է գտնել ելքը եւ վերականգնել իրավիճակը, վերականգնել մեր երկրների հարաբերությունները»: Բացի այդ, Ղազախստանը քարածուխ կմատակարարի Ուկրաինային՝ այս մասին տեղեկացրել է Ղազախստանի նախագահը Պորոշենկոյի հետ բանակցությունների ավարտին:

Բելառուսի ու Ղազախստանի նախագահներն ակնհայտորեն ցույց են տալիս իրենց երկրների ինքնուրույն, անկախ քաղաքականությունը Ռուսաստանից, եւ նրանց վերջին ամիսների քայլերն ու հայտարարությունները նախեւառաջ յուրատեսակ «ուղերձներ» են՝ ուղղված Պուտինին, սկսած ԵՏՄ-ի ապագայի մասին հայտարարություններից, վերջացրած Ուկրաինային օրերս լիակատար աջակցություն հայտնելու ժեստերով: Բելառուսի, ապա Ղազախստանի նախագահների այցերը Ուկրաինա եւ այնտեղ ձեռք բերված պայմանավորվածությունները ոչ այլ ինչ էին, քան Ռուսաստանի նախագահին «ափերից հանելու» բացահայտ փորձ: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստի նախօրեին եւ առհասարակ՝ ԵՏՄ-ի գործունեության մեկնարկից առաջ Լուկաշենկոն եւ Նազարբաեւը, կարծես, ստուգում են Պուտինի համբերությունը:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031